Եփած, տրորած բանջարեղենը երեխայի ճաշացուցակի մեջ մտցնում են շիլաներից կամ մրգերից 2-4 շաբաթ անց:
6 ամսական երեխայի սննդակարգում ամենաընդունված բանջարեղեններն են գազարը,  կաղամբը, ճակնդեղը, կարտոֆիլը, դդմիկը, դդումը, իսկ ավելի ուշ կարող եք տալ նաև սմբուկ, պղպեղ, լոլիկ, ծաղկակաղամբ, սոխ: Այս բանջարեղենների համը երեխաների մեծ մասին դուր չի գալիս: Բայց եթե ձեր ընտանիքում սիրում են այդ բանջարեղեններից որևէ մեկը, ապա տվեք նաև երեխային (դրանց համը մեղմելու համար կարելի է եփելիս երկու անգամ ջուրը փոխել): Փոքր երեխաներին եգիպտացորեն չեն տալիս:

Երեխաներին կարող եք տալ և՛ թարմ, և՛ սառեցրած բանջարեղեն` եփած ու տրորած վիճակում,  կարող եք տալ հատուկ պահածոյացրած բանջարեղենի խյուս:
Հաճախ երեխաները խիստ ջոկողություն են դնում բանջարեղենների մեջ: Հավանաբար դուք շուտով կպարզեք, որ ձեր երեխան չի սիրում այս կամ այն բանջարեղենը: Մի ստիպեք նրան ուտել, բայց փորձեք ամեն ամիս տալ: Շատ երեխաների դուր է գալիս, երբ բանջարեղենը թեթևակի աղի է լինում: Չափավոր աղիությունը վնասակար չէ երեխայի համար:
Սկզբնական շրջանում երեխայի կղանքի մեջ կլինեն բանջարեղենի չմարսված կտորներ: Դա նորմալ երևույթ է, եթե կղանքը թույլ չէ և լորձ չկա: Բայց մի շտապեք ավելացնել բանջարեղենի կերաբաժինը, մինչև երեխայի ստամոքսը չհարմարվի: Եթե բանջարեղենից երեխայի կղանքը թուլանում է, փորձեք նույն բանջարեղենը երեխային տալ մի շաբաթ հետո և քիչ քանակությամբ:
Ճակնդեղից երեխայի կղանքն ու մեզը կարող են ստանալ կարմիր գույն: Հիշեք, որ երեխային տվել եք ճակնդեղ, որպեսզի անտեղի չհուզվեք և չմտածեք, թե դա արյուն է:

Սպանախից երբեմն ճաքճքում են երեխայի շրթունքները, իսկ որոշ դեպքերում էլ հետանցքի լորձաթաղանթը: Նման դեպքում մի քանի ամսով երեխայի սննդից հանեք սպանախը, իսկ այնուհետև փորձեք նորից տալ:
Բանջարեղենը սովորաբար տալիս են ժամը 14-ի կերակրման կամ ավելի մեծ երեխաներին` ճաշի ժամանակ: Բանջարեղենի կերակրաբաժինն աստիճանաբար ավելացրեք մինչև մի քանի ճաշի գդալ: Պատրաստված բանջարեղենը կարող եք 2 օր պահել սառնարանում: Եթե սառնարան չունեք, ապա եփած բանջարեղենը մի թողեք հաջորդ օրվան, որովհետև դրանք շուտ են փչանում:


babycare.am