Տհաճ հոտը բերանի խոռոչում կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով՝ սկսած ուտելիքից, վատ սովորություններից, մինչեւ լնդերի եւ ատամների հիվանդություններ:

Մարդն ուտելիքը մանրացնում է ատամներով, հետեւաբար՝ սուր հոտով մթերքը կարող է լինել բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը:

Եթե դուք ամեն օր չեք լվանում Ձեր ատամները, ուտելիքի մնացորդները կարող են մնալ բերանի խոռոչում՝ ատամների արանքում եւ լեզվի վրա, առաջացնելով բակտերիաներ: Հենց դա էլ հանդիսանում է տհաճ հոտի պատճառ: Ծխախոտը նույնպես բերանի վատ հոտի «հովանավորներից» է:

Սակայն երբեմն բերանի տհաճ հոտը կարող է վկայել լնդերի հիվանդության կամ կարիեսի մասին: Բերանի խոռոչի չորությունը (քսերոստոմիա) նույնպես կարող է վատ հոտ առաջացնել: Թոքաբորբը, շաքարային դիաբետը, երիկամի հետ կապված խնդիրները եւս պատասխանատու են բերանի խոռոչի տհաճ հոտի համար:

Բերանի տհաճ հոտից ազատվել կարելի է, եթե Դուք պահպանեք ճիշտ հիգիենա: Ատամները լվանաք օրական երկու անգամ, նաեւ ուտելուց անմիջապես հետո: Այո ՛, այս դեպքում ստիպված եք ատամի խոզանակը եւ մածուկը Ձեզ հետ աշխատավայր կամ ուսումնական հաստատություն տանել:

Ի դեպ, պետք է նաեւ լվանալ լեզուն, իսկ խոզանակը պետք է թարմացնել երկու կամ երեք ամիսը մեկ, ինչպես նաեւ՝սուր շնչառական հիվանդություններից հետո:

Շատ ջուր խմեք: Դա կապահովի բերանի խոռոչի խոնավությունը, ինչն իր հերթին կնպաստի թարմ շնչառությանը:

Առանց շաքարի մաստակը կամ կոնֆետները, որոնք անանուխ են պարունակում, նույնպես օգնում են պայքարել բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ:

Ուշադիր եղեք նաեւ դեղերի նկատմամբ, որոնք խմում եք: Որոշ դեղամիջոցներ կարող են վատ հոտ առաջացնել բերանում:

Եթե ինքնուրույն չի ստացվում ազատվել բերանի տհաճ հոտից, ապա ցանկալի է այցելել ատամնաբույժի: Իսկ ընդհանրապես, տարին գոնե երկու անգամ պետք է ատամնաբույժի մոտ ստուգման գնալ:


Աղբյուրը՝ WebMed