ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակի ղեկավար, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին։ 
Երկուստեք կարևորվեց Հայաստանում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությունը։ Օրենսդրական դաշտի ապահովումից մինչև հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում հղիների հսկողություն ապահովելու նպատակով շրջիկ գինեկոլոգիական ծառայության ստեղծում, շտապ մանկաբարձական օգնության կազմակերպում, անհրաժեշտ գործիքների տրամադրում, մասնագետների համար ուղեցույցների մշակում և բազմաթիվ այլ միջոցառումներ։ Նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերի, բուժհաստատություններում մասնագետների ամենօրյա ջանքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերջին տարիներին բարելավվել են կարևոր մի շարք ցուցանիշներ, այդ թվում` մայրական մահացության, հղիության արհեստական ընդհատումների։ 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը բարձր գնահատեց հատկապես մայրական մահացության ցուցանիշի նվազումը։ 
 
Հետագա համագործակցության շրջանակները քննարկելիս ընդգծվեց հազարամյակի նոր մարտահրավերներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» հիմնական ռազմավարությունից ելնելով ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը։ 
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ 17 նպատակ և 169 ուղինեշ է առանձնացրել, որոնք ցանկալի է, որ արտացոլվեն ազգային ծրագրերում»,-նշեց Զահիդուլ Հյուքը։ 
Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ չնայած մեծ ջանքերի շնորհիվ արձանագրված հաջողություններին, Հայաստանի համար առաջնային է մնում մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշների նշանակալի նվազեցումը։ 
«Երևանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներում բարդացված ծնունդների վարման շնորհիվ բավականաչափ փորձ է ձեռք բերվում, որը փոխանցվում է մյուս մասնագետներին»,-ասաց փոխնախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նախարարի հանձնարարությամբ ծննդատներից տվյալներ են հավաքագրվում կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացությունը նվազեցնելու գործին»։ Նախարարության այս նախաձեռնությունը ևս Զահիդուլ Հյուքի հավանությանն արժանացավ։ 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշվեց, որ այն հասարակական հնչեղություն է ստացել հենց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված աշխատանքի շնորհիվ։ 
Վերարտադրողական տարիքի կանանց առողջության բարելավման ուղղությամբ ռազմավարությունը թարմացնելու և նոր մոտեցումներ մշակելու գործում Սերգեյ Խաչատրյանը կարևորեց իրավիճակի գնահատման նպատակով մեծածավալ հետազոտությունների իրականացումը։ 
«Ամփոփ այդ տեղեկատվությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերը մշակելու համար»,-ասաց փոխնախարարը։ 
Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը, ՀՀ առողջարապության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։
 
Աղբյուր՝ moh.am