Հունիսի 13-ին «ԱԼԿՈՆ» ընկերության նախաձեռնությամբ՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները մի շարք պոլիկլինիկաների ակնաբույժների հետ կլոր սեղան-հանդիպման ընթացքում ներկայացրեցին կատարակտի վիրահատության ժամանակակից՝ ռեֆրակցիոն մեթոդները, դրանց իրականացման եղանակներն ու առավելությունները:

«Մեր ոլորտի նորարարություններից է աստիգմատիզմի շտկման վիրահատությունը՝ զուգորդված կատարակտի հետ: Սա նշանակում է, որ այն հիվանդները, որոնք ունեն աստիգմատիզմ՝ զուգորդված կատարակտի հետ, այժմ հնարավորություն ունեն միամոմետ, այսինքն՝ մեկ վիրահատության ընթացքում ազատվել ե՛ւ կատարակտից, ե՛ւ աստիգմատիզմից: Այս կերպ մենք վիրահատությունից հետո ապահովում ենք հնարավորինս բարձր տեսողություն»,- Doctors.am-ի հետ զրույցում ասաց Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման եւ լազերային բուժման» բաժանմունքի ակնաբույժ Լուսինե Վանյանը՝ հավելելով, որ մի քանի տարի առաջ դա ֆանտաստիկայի ժանրից էր:

«Բացի բարձրագույն տեխնոլոգիաներից, որոնք անհրաժեշտ են նման վիրահատություններ իրականացնելու համար, եւ որոնք առկա են մեր ակնաբուժական կենտրոնում, մյուս կարեւորագույն հանգամանքը վիրաբույժի պրոֆեսիոնալիզմն է, որի պակասը նույնպես մեր ակնաբուժական կենտրոնը չունի»,- եզրափակեց Լ. Վանյանը: 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը կարեւորում է նման հանդիպումները առաջին հերթին մտքերի փոխանակման, միմյանց կրկին հանդիպելու եւ նորարարություններով կիսվելու տեսանկյունից.

«Այսօրվա հանդիպումն առանձահատուկ է նրանով, որ ներկայացնում ենք ամենաժամանակակից վիրահատական մեթոդը, որը ե՛ւ բուժում է, ե՛ւ հարմարավետություն պարգեւում պացիենտին: Ակնային հիվանդություններից ամենատարածվածը կատարակտն է, որը նշանակում է ոսպնյակի պղտորում, այսինքն՝ թերանում է տեսողության սրությունը եւ որակը: Եվ եթե նախկինում ոսպնյակը հեռացնելուց հետո որպես ժամանակակից մեթոդ տեղադրում էինք հատուկ ներակնային ոսպնյակ, որն ապահովում էր լիարժեք տեսողություն՝ հեռուն նայելու համար, սակայն մարդիկ շարունակում էին կրել ակնոց կարդալու համար, եւ դա նրանց հիմնականում բավարարում էր, այսօրվա զբաղված մարդն արդեն չի ուզում մոտիկին նայել ակնոցով: Այդ է պատճառը, որ աշխարհում սկսեցին մշակվել նոր տիպի ակնային ոսպնյակ, որը կոչվում է մուլտիֆոկալ, որն ապահովում է տեսողության որակ եւ լիարժեքություն՝ տարբեր հեռավորությունների վրա՝ ներառյալ կարդալը»,- նշեց Լիլիթ Ոսկանյանը՝ հավելելով, որ շնորհիվ «ԱԼԿՈՆ» ընկերության, ռեֆրակցիոն ոսպնյակները հասանելի են Հայաստանում.

«Այժմ մենք կարողանում ենք շտկել ե՛ւ մարդու ռեֆրակցիոն խնդիրը՝ լինի կարճատեսություն, թե հեռատեսություն, ե՛ւ ռեֆրակցիայի մեկ այլ խախտում, որը կոչվում է աստիգմատիզմ, եւ բուժել կատարակտը»,- եզրափակեց նա:

«ԱԼԿՈՆ» ընկերությունն արտադրում է ժամանակակից սարքավորումներ, ոսպնյակներ, բժշկական այլ պարագաներ՝ այդ կերպ նպաստելով ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ակնաբուժության զարգացմանը:

Doctors.am-ի հետ զրույցում «ԱԼԿՈՆ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աստղիկ Սարգսյանը նշեց, որ հանդիպման գլխավոր նպատակը մտքերի փոխանակումն է.

«Պոլիկլինիկայի բժիշկներն առաջին օղակն են, որին դիմում են պացիենտները, եւ նրանց ճիշտ ուղղորդումից է կախված պացիենտի հետագա բուժումը: Շատ կարեւոր է, որպեսզի նրանց տված խորհրդատվությունը համահունչ լինի այսօրվա տենդենցների հետ, ինչի մասին էլ հենց մեր այսօրվա հանդիպումն է»:

Պոլիկլինիկայի ակնաբույժներն էլ իրենց հերթին նշեցին, որ անչափ հետաքրքրված էին քննարկումով՝ ընդգծելով ներկայացված թեմայի օգտակարությունը:


Աղբյուրը՝ Doctors.am