«Երբեմն որևէ հայտնագործություն կատարելու համար բոլորովին էլ պարտադիր չէ ստեղծել սկզբունքորեն ինչ-որ նոր բան, բավական է նայել արդեն իսկ ծանոթ բաներին նոր տեսանկյունից» – ասել է հայտնի գրող Մարսել Պրուստը:

Ակտիվացված ածուխի ազդեցության սկզբունքը

Դեռևս հին հնդկական սանսկրիտական գրերում հիշատակվում է ածխի օգտակար մաքրող հատկությունների մասին: Խմելու համար նախատեսված ջուրը սկզբում անց էին կացնում ածխի միջով, իսկ հետո տաքացնում արևի ճառագայթների տակ պղնձե ամանում: Իսկ Եգիպտոսում դեռևս մ.թ.ա. մեկ և կես հազար տարի առաջ ածուխն օգտագործում էին բուժման նպատակով: Միջնադարյան Եվրոպայում նույնպես նրա մասին չէին մոռացել և այն օգտագործել են որպես վնասակար գազերի և նյութերի կլանիչ:  

Ածխի գործողության մեխանիզմը հիմնվում է նրա ներծծող հատկության վրա: Բավական է մի քանի հաբ դնել բերանում և նրա շուրջ գտնվող լորձաթաղանթն անմիջապես չորանում է. դա հետևանք է այն  բանի, որ ածուխն իր մեջ է ներծծում թուքը: Կլանումից հետո տեղի է ունենում մոտավորապես նույն երևույթը. ածխի միկրոմասնիկները վայրկենապես կապում են այլ նյութերի մոլեկուլները և պահում դրանք իրենց մակերևույթի վրա: Տարատեսակ ալերգածին, թունավոր ախտածին միկրոօրգանիզմները կլանվում են աղեստամոքսային տրակտի ամբողջ երկայնքով՝ ձևավորելով չլուծվող միացություններ, որոնք օրգանիզմից դուրս են գալիս բնական ճանապարհով:   

Սննդային ալերգիայի բուժում

Ակտիվացված ածուխը կիրառվում է ցանկացած տիպի ալերգիայի դեպքում օրգանիզմի մաքրման և շլակների դուրս բերման նպատակով, սակայն առավելագույն ազդեցությունը ձեռք է բերվում սննդային ալերգիայի բուժման դեպքում:

Խնդիրը նրանում է, որ հիվանդության այդ ձևը հաճախ զարգանում է ստամոքսա-աղիքային տրակտի աշխատանքի խախտման ֆոնի վրա, երբ աղին «ծանրաբեռնված է շլակներով» և չի կարողանում լիարժեքորեն օրգանիզմից դուրս հանել մարսված նյութերը:

Նման իրավիճակում քայքայման ենթակա նյութերը սկսում են կուտակվել մաշկի ծածկույթում, քանի որ մաշկը նույնպես հանդիսանում է օրգանիզմից շլակների դուրս բերման օրգան: Հիմնականում կուտակվում են ճարպալույծ նյութերը, սպիտակուցների և հորմոնների վերամշակման արդյունքները: Մաշկում պաշտպանիչ իմունային բջիջները սկսում են փոխազդեցության մեջ մտնել դրանց հետ, ինչը հանգեցնում է սննդային ալերգիայի զարգացման համար պատասխանատու Е դասի իմունոգլոբուլների ձևավորմանը, որոնք, որպես կանոն, արտահայտվում են մաշկային ցանով:

 

 

 

Ինչպե՞ս ճիշտ կիրառել ակտիվացված ածուխը

Ածխի արտադրության ամենատարածված եղանակը սև գույնի հաբերի արտադրությունն է: Յուրաքանչյուր հաբի բաղադրության մեջ կա մարդու մարմնի 10 կգ զանգվածի համար նախատեսված ակտիվ նյութ: Հաբերը պետք է ծամել և խմել ջրով:

Սակայն կան նաև ածուխի արտադրության այլ ձևեր. մածուկ, հատիկներ և փոշի: Օգտագործումից անմիջապես առաջ դրանցից պատրաստում են կախույթ, որը շատ ավելի հարմար է փոքր երեխաներին տալու համար. այդպես ավելի հեշտ է հաշվարկել երեխայի համար նախատեսված չափաբաժինը և խմել դեղը:

Այսպիսով, դեղաչափը հետևյալն է.

  • Մեծահասակ հիվանդները պետք է հաշվարկեն հաբերի քանակը՝ ելնելով սեփական քաշից. 1 հաբ՝ մարմնի 10  կգ զանգվածի համար: Օրական նման չափաբաժինն ընդունում են մեկ անգամ՝ առավոտյան ուտելուց երկու ժամ առաջ, կամ բաժանում են երկու անգամվա ընդունման համար՝ առավոտյան և երեկոյան:
  • Երեխաների համար ակտիվացված ածուխի մեկանգամյա չափաբաժինը կազմում է 0,05 գրամ մարմնի զանգվածի 1 կգ-ի համար, իսկ օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 0,2 գրամը 1 կգ զանգվածի համար:

Ինչի՞ է բերում ածխի չարաշահումը

Ածուխը վաղուց և հաջողությամբ կիրառվում է ցանկացած տարիքի մարդկանց օրգանիզմի մաքրման և ալերգիայի ախտանիշների նվազեցման նպատակով. սա վերաբերում է նաև նորածիններին և հղի կանանց:  Սակայն գիտությունը առաջ է գնում, և այսօր արդեն իսկ հստակորեն սահմանված է, որ ակտիվացված ածուխը, բացի վնասակար նյութերից, կլանում և ակտիվորեն դուրս է բերում նաև օգտակար վիտամինները, անփոխարինելի միկրոէլեմենտները, ինչպես նաև՝ սննդի որոշ բաղադրիչներ: Ի վերջո, այս պատրաստուկի չվերահսկվող և երկարաժամկետ ընդունումը կարող է հանգեցնել հիպովիտամինոզի և ալիմենտար (սննդային) դիստրոֆիայի:

Հաշվի առնելով, որ չարդարացված երկարաժամկետ բուժումից հետո օրգանիզմից դուրս են գալիս նաև մարսողական ֆերմենտները, ապա հիվանդի մոտ կարող են խախտվել նաև նորմալ մարսողության գործընթացները, ինչի արդյունքում կարող է առաջանալ փորլուծություն կամ փորկապություն:

Ահա թե ինչու վերջին ժամանակներս բժիշկները  ավելի շատ են ուշադրություն դարձնում հիվանդների օպտիմալ բուժման կուրսի վրա՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմի ընդհանուր վիճակը: Սակայն, ամեն դեպքում ակտիվացված ածուխի ընդունման տևողությունը չպետք է գերազանցի 14 օրը, իսկ բուժման կուրսը չպետք է լինի տարվա ընթացքում երկու անգամից ավելի:

Կիրառման հակացուցումներ

Ինչքան էլ որ անվտանգ են թվում ալերգիայի դեմ պայքարի մեթոդները, սակայն պետք է ամեն դեպքում զգույշ լինել: Ակտիվացված ածուխի կիրառումը խորհուրդ չի տրվում հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում.  

  • Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններ
  • Ստամոքսա-աղիքային արյունահոսություն
  • Ատոնիկ կոլիտ
  • Ոչ  սպեցիֆիկ խոցային կոլիտ
  • Էրոզիվ գաստրիտ և դուոդենիտ
  • Գերզգայունություն ակտիվացված ածուխի նկատմամբ:

Բացի նշվածից, չնայած հիվանդի մոտ հիպովիտամինոզի առկայությունը և արյան մեջ կալցիումի ցածր պարունակությունը հանդիսանում են հարաբերական հակացուցումներ, սակայն ամեն դեպքում բուժող բժիշկն է, որ պետք է որոշում կայացնի ակտիվացված ածուխի նշանակման վերաբերյալ:

Ալերգիա, գեղեցկություն և ակտիվացված ածուխ
Հիվանդության արդյունքում ոչ ոք ավելի գեղեցիկ չի դառնում: Ալերգիայի արդյունքում առաջանում են այտուցներ, փքունություն, կարմրում, ցան, հարբուխ: Հետևաբար, ալերգիկ ռեակցիաների նկատմամբ հակում ունեցողները միշտ պետք է ձեռքի տակ ունենան ակտիվացված ածուխ:  Ճիշտ է, այն ամբողջությամբ և վերջնականապես չի բուժում ալերգիան, և հիվանդներն ամեն դեպքում ստիպված են ընդունել հակահիստամինային պատրաստուկներ: Սակայն այն կօգնի ամենասեղմ ժամկետներում ազատվել այդ հիվանդության արտաքին տհաճ երևույթներից:  

Կարևոր ցուցում. Ածուխի հաբերը ծամելուց հետո մի մոռացեք լավ ողողել բերանը: Ակտիվացված ածուխը կարող է գույն տալ ատամի էմալին: 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ webmd.com