Որքան շատ եք նստում, այնքան մեծացնում եք վաղաժամ մահվան ռիսկը, գրում է WebMd-ն՝ հղում անելով նոր ուսումնասիրությանը: Ըստ դրա՝ անգամ մի քանի րոպեով աթոռից կտրվելը կարող է ավելացնել կյանքի տեւողությունը:

Եթե Դուք նստակյաց կյանք եք վարում կամ աշխատավայրում անընդհատ նստած եք, ապա կարող եք նվազեցնել վաղ մահվան ռիսկը՝ ընտրելով ֆիզիկական որոշակի ակտիվություն:

Հետազոտությանը մասնակցել է 45 տարեկանից բարձր 8000 ամերիկացի, որոնք այդ ամբողջ ընթացքում ֆիզիկական ակտիվությունը գրանցող մոնիտորներ են ունեցել: Պարզվել է, որ մարդիկ, որոնք օրական գոնե 30 րոպե ֆիզիկական ակտիվություն են դրսեւորել, նվազեցրել են վաղաժամ մահվան ռիսկը 17 տոկոսով: Առավել ինտենսիվ վարժությունները նվազեցնում են այդ ռիսկը 35 տոկոսով:

Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցի կարդիոլոգ Սաթջիթ Բուսրին կարծում է, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Ուստի հատկապես նման խնդիրներ ունեցող մարդիկ անպայման պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն: Նրանց պարագայում շատ լավ է քայլքը:

Նստակյաց կյանքը նպաստում է նաեւ շաքարային դիաբետի, ինչպես նաեւ ավելորդ քաշի առաջացմանը: Խնդիրներ են առաջանում նաեւ մեջքի հետ: Ահա, թե ինչու աշխատանքի ընթացքում կարեւոր է յուրաքանչյուր կես ժամը մեկ տեղից վեր կենալը, քայլելը: