Ատամնային շապիկների տեսակների, դրանց մասին տարածված թյուր կարծիքների և շապիկների տեղադրման աշխատանքային գործընթացի մասին Doctors.am-ին պատմում է ստոմատոլոգ Գուրգեն Պողոսյանը:

Ժամանակակից ստոմատոլոգիայում որո՞նք են ատամնային շապիկների տեսակները: Ո՞ր նյութից պատրաստված շապիկներն են առավել նախընտրելի և հարմար՝ կիրառման մեջ:

Ժասմանակակից ստոմատոլոգիայում տարբերակում ենք շապիկների հետևյալ տեսակները՝ պրեսս կերամիկական, սովորական կերամիկայից (метод нанесения), երկօքսիդ ցիրկոնի հիման վրա պատրաստված կերամիկական շապիկներ, մետաղ-կերամիկական շապիկներ, և հազվադեպ կիրառվում են նաև ձուլովի շապիկներ:

Բոլոր շապիկների տեղադրման համար գոյություն ունեն ցուցումներ և հակացուցումներ: Առաջին երկու տեսակները միմյանցից տարբերվում են միայն էսթետիկ հատկանիշներով, մի տարբերակում շեշտադրվում է շերտի հաստությունը, մյուսում՝ արդյունքն ապահովվում է ներկանյութերի միջոցով:

Ցիրկոնի երկօքսիդի հիմքով պատրաստված շապիկները ևս արտաքինով չեն տարբերվում նախորդ երկուսից, քանի որ հիմքը, որի վրա հավաքվում է շապիկն, արդեն իսկ ունի գույն (մետաղի նման գորշ չէ): Սրա առավելությունն այն է, որ ատամի հյուսվածքը հղկելու անհրաժեշտությունն ավելի քիչ է, քան մետաղ-կերամիկական շապիկների դեպքում: Մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ այս նյութն օրգանիզմը հեշտ է ընդունում, այն ամբողջովին բիոիներտ նյութ է, լավ է ընդունվում բոլոր հյուսվածքների կողմից:

Պետք է նշել, որ պրեսս-կերամիկական և սովորական կերամիկայով պատրաստված շապիկները քիմիական կապով կարելի է ամրացնել ատամին և ստանալ կատարյալ հերմետիկություն: Իսկ ցիրկոնի դեպքում, այս հերմետիկությունը չի լինի ամբողջական, քանի որ որևէ տեսակի ցեմենտ այս նյութին ամբողջությամբ չի ամրանում: Այս դեպքում անհրաժեշտություն է լինում մեխանիկական ֆիքսման:

Մենք աշխատանքում կիրառում ենք երկօքսիդ ցիրկոնային շապիներ, այն դեպքում, երբ ատամում կան մետաղե գամիկներ կամ անհրաժեշտ է պատրաստել կամրջաձև պրոթեզ: Բոլոր մյուս դեպքերում կիրառում ենք առանց մետաղի պարունակության պսակներ, որոնք քիմիական կապով կարելի է ամրացնել ատամին՝ հետագա վնաս չպատճառելով դրան:

Խոսել ձուլածո շապիկների մասին, այժմյան զարգացած ստոմատոլոգիայի պայմաններում, կարծում եմ, անիմաստ է: Սրանք էսթետիկ տեսանկյունից զիջում են բոլոր տեսակի շապիկներին:

Որքանո՞վ է կարևոր պացիենտի ցանկությունը և ընտրությունը:

Քանի որ աշխատանքի համար վճարում է պացիենտը, նրա ընտրությունն , այս դեպքում, որոշակիորեն կարևոր է: Սակայն շապիկների բոլոր տեսակների առավելությունների և թերությունների ճիշտ ներկայացման, ցուցադրման դեպքում, բոլորը կատարում են ճիշտ ընտրություն:

Ձեզ համար՝ որպես մասնագետ, ո՞րն է էսթետիկ և ֆունկցիոնալ տեսանկյուններից ամենանատակահարմար շապիկը:

Ինձ համար՝ որպես ստոմատոլոգ, ամենանախընտրելի տարբերակը միայն կերամիկայից պատրաստված, շերտ առ շերտ հավաքված շապիկներն են: Սա կարևոր է այնքանով, որ այն գունային գաման, որը կարելի է ստանալ այս կերպ,  որևէ այլ նյութով ստանալ հնարավոր չէ:

Բոլոր ատամների համար կիրառվում է նու՞յն տեսակի շապիկ:

Ֆրոնտալ ատամների համար, միանշանակ, խորհուրդ եմ տալիս օգտագործել սովորական կերամիկակայից պատրաստված շապիկներ, ծամող խմբի համար կարելի է օգտագործել նաև պրեսս-կերամիկական շապիկներ, քանի որ սրանք առավել քիչ տեսանելի տեղում են և ընդհանուր լուսավորության դեպքում տարբերությունը գրեթե աննկատ է:

Շապիկները պահանջու՞մ են հիգիենիկ հատուկ խնամք:

Բերանի խոռոչում ցանկացած տեսակի վերականգնում պետք է խնամել, պահպանել հիգիենայի կանոնները, պատշաճ կերպով լվանալ: Հատուկ խնամք այս դեպքում անհրաժեշտ չէ, քանի որ բժիշկը պարտավոր է պատրաստել այնպիսի շապիկ, որն ամբողջությամբ կրկնօրինակի բնական ատամը, այլապես շապիկն անհամատեղելի կլինի բերանի խոռոչի միջավայրի հետ:

Վերականգնողական ո՞ր գործընթացներում են օգտագործվում շապիկները:

Ես շապիկներ կիրառում եմ օրինակ խոռոչների դեպքում, ատամի ապրոքսիմալ կողմերի՝ կոնտակտային կետերի  բացակայության դեպքում մշտապես պատրաստում ենք շապիկներ, կամ՝ ցուցման դեպքում նաև ներդիրներ, որոնք ավելի են երկարացնում ատամի կյանքը:

Ի՞նչ սխալ պատկերացումներ ունեն պացիենտները ատամնային շապիկների մասին:

Ամենատարածված թյուր կարծիքն է, որ պացիենտները խուսափում են շապիկներից, համարելով դրանք «օտար մարմին»: Պետք է ասել, որ ցանկացած վերականգնված խոռոչ, կարևոր չէ, թե ինչպես է վերականգնումը կատարվել՝ ցեմենտ, կոմպոզիտային վերականգնող նյութեր, ակրիլիկ պլաստմասե նյութ, արդեն իսկ օտար մարմին է: Ցավոք, քչերն են գիտակցում սա և աշխատանքի սկզբում բժշկից պահանջվում է առավելագույնս ներկայացնել գործընթացը, շապիկների դերը և կարևորությունը:

Պատշաճ հիգիենայի պարագայում, որքա՞ն կարող են ծառայել որակյալ շապիկները:

Այս հարցին պատասխանելն, իրականում բարդ է, քանի որ բժշկի նպատակը պետք է լինի ոչ թե այն,  թե որքան կծառայի շապիկը, այլ այն, որ ատամը, որի վրա պատրաստված է կոնստրուկցիան, ծառայի հնարավորինս երկար: Սակայն պետք է նշել, որ բոլոր չափանիշների պահպանման դեպքում, ատամնային շապիկները բավական երկար են ծառայում՝ թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ իմաստով:

Իսկ ատամնային շապիկներ կրելու ընթացքում պե՞տք է արդյոք լինել ստոմատոլոգի հսկողության տակ, հաճախ այցելել բժշկին, հնարավո՞ր է արդյոք, որ առաջանա դրանք փոխելու, թարմացնելու անհրաժեշտություն:

Էսթետիկ նկատառումներից ելնելով, կարելի է փոխել կոնստրուկցիան, երբ ժամանակի ընթացքում լինդը բարձրանում է, ատամի վզիկը սկսում է մերկանալ, երևալ:

Այլ դեպքում կարիք չի լինի որևէ փոփոխության:

Վստահաբար կարող եմ ասել, որ մետաղ չպարունակող կերամիկական շապիկներն անզեն աչքով անտեսանելի են և

Աշխատանքի սխալ կազմակերպումը կարո՞ղ է դառնալ վատ արդյունքի պատճառ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կասեք անորակ շապիկների մասին:

Հաճախ պացիենտը ժամանակային սահմանափակում է դնում բժշկի առաջ: Սա, իհարկե, սխալ մոտեցում է, քանի որ այս դեպքում ժամանակ չի մնում աշխատել ժամանակավոր ատամներով, աշխատանք կատարել ատամի հյուսվածքների հետ, փափուկ հյուսվածքների հետ աշխատանքը ևս ենթադրում է ժամանակ: Այս ամենը ենթադրոմ են, որ աշխատանքը կարելի է ավարտել 8-14 շաբաթ անց միայն: Հենց այս փուլայնության խախտումը կարող է հանգեցնել վատ արդյունքի: Հնարավոր բարդություններից է օրինակ լնդի ռեցեսիան:

Իսկ ժամանակավոր ատամների չկիրառումը՝ հղկված ատամներով որոշ ժամանակ ապրելը,  աշխատանքի պրոցեսում բերում է ատամի ինֆեկցման՝ սննդի մնացորդների հետևանքով: Երբ արդեն անառողջ ատամը ծածկվում է շապիկով, արդեն իսկ պարզ է, որ որոշ ժամանակ անց շապիկն առանձնանալու է ատամից: Սակայն ավելի վատ է, երբ չկան ախտանիշներ, և բոլոր գործընթացները կատարվում են ատամը հերմետիկ փակող շապիկի ներսում:

Ժամանակավոր ատամների չկիրառումը հանգեցնում է նաև նրան, որ լինդն աստիճանաբար ծածկում է ատամը և հետագայում, շապիկը լավ չի ամրանում դրան:

Մեծ տարածում ունեցող խնդիր է նաև այն, որ շապիկը ֆորմայով չի համապատասխանում հղկված ատամի չափին:

Տարածված սխալ է նաև, որ երբեմն ստոմատոլոգները կիրառում են շատ մեծ չափերի կամրջաձև պրոթեզներ, ընդգրկելով շատ ատամներ:

Եվ կցանկանայի շեշտել խիստ կարևոր մի հանգամանք՝ շապիկ տեղադրելու համար պարտադիր չէ ատամի ներվը հեռացնել: Հատկանշական է, որ մի շարք զարգացած երկրներում՝ Կանադա, Գերմանիա, ատամը չհիմնավորված ներվազրկելը համարվում է առողջությանը վնաս պատճառել և քրեորեն պատժելի արարք է:

Շապիկով ատամը որևէ կերպ արտաքին տեսքից տարբերվու՞մ է ընդհանուր ատամնաշարից:

Անզեն աչքով որևէ տարբերություն նկատելի չէ: Միայն լուսավորությունից կախված հնարավոր է լինեն որոշակի տարբերություններ:

Հնարավո՞ր է արդյոք շապիկ տեղադրել միայն մեկ ատամի վրա:

Տեղադրել, իհարկե, հնարավոր է: Սակայն պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է խմբային վերականգնում, օրինակ՝ երկու կենտրոնական կտրիչ:

 


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Բժշկի կայքը՝ Poghosyandent.com
02 Հուլիսի, 2015