Ասպիրինի ամենօրյա կիրառումը զգալիորեն նվազեցնում է աղիների, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի, ինչպես նաև՝ մի շարք քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են Լոնդոնի Մարիա Թագուհու համալսարանի գիտնականները:
 
Հետազոտողների կարծիքով, եթե Մեծ Բրիտանիայի 50-ից բարձր տարիքի բնակիչներն ամեն օր կիրառեն այս դեղամիջոցը 10 տարիների ընթացքում, ապա 20 տարվա ընթացքում հնարավոր կլինի իջեցնել մահացությունը 122000-ով:
 
Սակայն ասպիրինի կիրառումը երբեմն կարող է առաջացնել ներքին արյունահոսություն, այդ իսկ պատճառով մինչ կիրառումը պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Գիտնականները ուսումնասիրել են ասպիրինի վնասակարությանը և օգտակարությանը նվիրված մոտ 200 աշխատություն: Բժշկության ոլորտում այս թեման բազմաթիվ վեճերի և քննարկումների տեղիք է տալիս:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դեղամիջոցը իջեցնում է աղիների, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի պատճառով առաջացող մահացությունը մոտ 30-40%-ով:
Կան նաև մահացության նվազման միտում կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի պարագայում, սակայն այս տվյալներն այնքան էլ նշանակալի չեն:
Ըստ հետազոտության արդյունքների՝ դրական էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է դեղն օգտագործել առնվազն հինգ տարի:.
 
Ամենօրյա դեղաչափ
 
Հետզոտության ղեկավար, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի աշխատակից Ջեկ Կուզիկը  գտնում է, որ բոլոր 50 տարեկանից բարձր առողջ մարդիկ պետք է սկսեն ամեն օր օգտագործել ասպիրինի ոչ մեծ չափաբաժին (75մգ) տաս տարվա ընթացքում:
Ըստ հետազոտության արդյունքների, եթե 60 տարեկան հասակում 1000 մարդ 10 տարիների ընթացքում կիրառի դեղամիջոցը, ապա կուրսը ավարտելուց հետո մենք կտեսնենք, որ.
 
քաղցկեղից մահացածների թիվ կնվազի 16-ով,
սիրտ-անոթային հիվանդություններից մահացածների թիվը կնվազի մեկով,
արյունահոսության հետևանքով մահացողների թիվը կավելանա 2-ով: 
 
Կուզիկը, ով արդեն չորս տարի է օգտագործում է ասպիրին, ասել է. «Չնայած կողմնակի ազդեցությունների առկայությանը, որոնք նույնպես պետք է հաշվի առնել, այնուամենայնիվ ասպիրինի ամենօրյա կիրառումը համարվում է քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման ամենաարդյունավետ և ամենապարզ միջոցը՝ ծխելուց և հավելյալ քաշից ազատվելուց հետո»:
 
Արյունահոսության ռիսկը
 
Հաստատվել է, որ դեղամիջոցի դրական ազդեցությունը շարունակվում է նույնիսկ կիրառումը դադարեցնելուց հետո, բայց դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ պետք է այն օգտագործել:
Տարիքի հետ արյունահոսության ռիսկի բարձրացմանը զուգահեռ գիտնականները խորհուրդ են տալիս այն կիրառել 10 տարի: Պարզ չէ նաև այն, թե արդյո՞ք առավել բարձր չափաբաժինը ուժեղացնում է պաշտպանիչ ազդեցությունը, թե ոչ:
 
Հայտնի է, որ կողմնակի ազդեցություններից են ստամոքսի արյունահոսությունը և ինսուլտը, սակայն, գիտնականների կարծիքով ասպիրինի դրական էֆեկտը գերազանցում է այդ ռիսկերը:
 
Ըստ հետազոտության, եթե բոլոր անգլիացիները 50-64 տարեկան հասակում օգտագործեն ասպիրին, ապա կհաջողվի փրկել մոտ 122 հազար կյանք, սակայն միևնույն ժամանակ 18 հազարը կմահանան կողմնակի ազդեցությունների պատճառով:
 
Մասնագետները նախազգուշացնում են, որ կողմնակի ազդեցությունների առաջացման ամենաբարձր հավանականությունը դիտվում է արյունահոսության հակվածություն ունեցողների, ինչպես նաև ծխողների և հաճախակի ալկոհոլ օգտագործողների մոտ: 
 
Նրանք, ովքեր ցանկանում են սկսել ասպիրինի կիրառումը, պետք է խորհրդակցեն բժշկի հետ:
 
Գիտնականները հստակ չգիտեն, թե ինչպես է ասպիրինը պաշտպանում քաղցկեղից: Նրանց կարծիքով՝ այն կարող է նվազեցնել բորբոքումը կամ ազդել արյունային բջիջների վրա, որոնք առանց այդ դեղամիջոցի կարող են նպաստել օրգանիզմում հիվանդության տարածմանը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk