Արյունահոսությունը արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Այն կարող է լինել՝

• արտաքին, երբ տեսանելի է, և արյունը հոսում է մարմնից դուրս,

• ներքին, երբ արյունը հոսում է մարմնի ներքին տարածություններ։

Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային (տրավմատիկ), եթե առաջանում է անոթի վնասվածքի հետևանքով, և ոչ տրավմատիկ, եթե առաջանում է որևէ հիվանդության պատճառով անոթի պատի քայքայման կամ դրա թափանցելիության բարձրացման արդյունքում:

Ըստ վնասված արյունատար անոթների տեսակի՝ արյունահոսությունը լինում է.

Զարկերակային, ուժգին է և վտանգավոր կյանքի համար, քանի որ արյունը դուրս է գալիս բարձր ճնշման տակ, և այն դժվար է դադարեցնել։ Այս դեպքում արյունն ունի ալ կարմիր գույն:

Երակային. երակային ճնշումը ավելի ցածր է, արյունը հոսում է միալար հոսքով, շատրվանի պես չի ցայտում։ Երակային արյունն ունի մուգ կարմիր գույն, քանի որ հարուստ չէ թթվածնով։

Մազանոթային, ամենատարածվածն է և հեշտ է դադարում։

Բոլոր տեսակի արյունահոսությունների վտանգն այն է, որ դրա արդյունքում նվազում է շրջանառող արյան ծավալը, և հյուսվածքների հագեցումը թթվածնով խանգարվում է։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների և ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը դժվար է հարմարվում նման փոփոխություններին:

Արտաքին արյունահոսությունը սովորաբար կարելի է դադարեցնել՝ կատարելով հետևյալ գործողությունները.

I. Վերքի վրա ձեռքի ափով անմիջական սեղմում կատարել (ուղղակի ճնշում) կամ տեղադրել ճնշող վիրակապ։

Դրա համար անհրաժեշտ է՝

• վերքը ծածկել ստերիլ անձեռոցիկով,

• կատարել վիրակապի մի քանի փաթույթ,

• վերքի վրա տեղադրել ծալված գործվածքի կտոր կամ վիրակապի գլանակ,

• ճնշում գործադրելով՝ վերքը վիրակապել և հանգուցել։

II Սրտի մակարդակից բարձր բարձրացնել վնասված մասը։

III Սեղմման կետերում ճնշում գործադրել։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որոնց վրա ճնշելով կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին և արյան շրջանառությունը նվազեցնել կամ դադարեցնել համապատասխան մասում:

Եթե արյունը ներծծվելով դուրս է գալիս վիրակապի միջով, պետք է քանդել վիրակապը, հանել արյունոտ գործվածքի կտորը կամ գլանակը՝ առանց անձեռոցիկը հանելու, և նոր ճնշող վիրակապ դնել։

IV Շարունակել հսկել տուժածի վիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով շոկի առաջին նշաններին։

Առաջին օգնությունը ցույց տալուց հետո պետք է զանգել շտապօգնություն կամ տուժածին տեղափոխել հիվանդանոց։

Պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ ֆիզիկապես ուժեղ մարդը 10-15 րոպեից ավելի չի կարող սեղմել վնասված անոթը, քանի որ ձեռքերը հոգնում են, և ճնշումը թուլանում է։ Այդ դեպքում արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է կիրառել վերջույթները ծալելու մեթոդը: Այն կատարվում է՝ վերքից վերև գտնվող հոդը ծալելով և վերջույթը այդ դիրքում ֆիքսելով (ծալած հոդում դրվում է ճնշող գործվածք):

Լարանի տեղադրում

Արյունահոսությունը դադարեցնելու ծայրահեղ միջոց է կենտ ոսկրերի վրա՝ բազկի վերին շրջանում՝ վերքից վերև, և ազդրի ցանկացած հատվածում լարանի օգտագործումը։

Լարանը՝ ռետինե կամ գործվածքից, դրվում է 1,5 - 2 ժամով, իսկ ցուրտ եղանակին՝ 0,5 -1 ժամով։ Յուրաքանչյուր 30 - 60 րոպե կապված լինելուց հետո հարկավոր է մի քանի րոպեով լարանը թուլացնել՝ միաժամանակ սեղմած պահելով վերքից վերև գտնվող անոթը։

Լարանը դնելու սկզբունքները.

• Լարանը կապել տուժածի հագուստի կամ որևէ այլ գործվածքի վրա (ոչ թե անմիջապես մաշկի վրա)։

• Պտտել այն վնասված վերջույթի շուրջը և ծայրերը կապել սովորական հանգույցով։ • Հանգույցի վրա դնել որևէ փայտիկ և վրան կապել կրկնակի հանգույց։

• Պտտելով փայտիկը՝ սեղմել վերջույթը, մինչև արյունահոսությունը դադարի։ • Փայտիկի ծայրերը ամրացնել վիրակապով։

• Թղթի վրա գրել լարանը դնելու ժամը, ամսաթիվը, տուժածի անունը և ազգանունը։

Ներքին արյունահոսություն

Ներքին արյունահոսությունը լինում է մարմնի փակ խոռոչներում, գլխավորապես առաջանում է ներքին օրգանների վնասվածքներից։ Արյունը, կուտակվելով խոռոչներում, կարող է նաև արտահոսել մարմնի բնական անցքերից։

Հնարավոր ներքին արյունահոսությունները և արյան արտահոսքը մարմնի բնական անցքերից

Բնական անցք - Վնասվածքի տեղակայում

Ականջ-թմբկաթաղանթի վնասվածք, գանգի կոտրվածք

Բերան-ծնոտի կոտրվածք, բերանի վնասվածք, ստամոքսի կամ աղիքների կերակրափողի, թոքերի կամ շնչուղիների վնասվածք

Քիթ-վերին շնչուղիների վնասվածք, գանգի կոտրվածք

Ուղիղ աղիք-թութք, աղիքների վնասվածք

Հեշտոց-վիժում

Միզուկ-երիկամների, միզապարկի, միզուղիների վնասվածք

Ներքին արյունահոսությունը հաճախ շոկի պատճառ է դառնում, քանի որ դրա նշանները դրսևորվում են վնասվածքից որոշ ժամանակ անց, և դժվար են հայտնաբերվում և վերացվում։

Ներքին արյունահոսության նշանները՝

• տագնապ, անհանգստություն,

• հաճախացած, թույլ անոթազարկ,

• հաճախացած շնչառություն,

• գլխապտույտ, թուլություն, զարկերակային ճնշման անկում,

• մաշկի գունատություն կամ կապտավուն երանգ,

• վնասվածքի տեղում հնարավոր է ցավ, հյուսվածքի պնդացում, մաշկի գույնի փոփոխություն,

• տեսողության խանգարում,

սրտխառնոց, ծարավի զգացում,

• արյան արտահոսք մարմնի բնական անցքերից։

Առաջին օգնություն

• Զանգել շտապօգնություն։

• Օգնել տուժածին հարմար դիրք րնդունելու, հանգստացնել նրան։

• Սահմանափակել նրա շարժումները։

• Վնասվածքի ենթադրվող տեղում կարելի է տեղադրել սառցապարկ (սառույցը պետք է դրվի բամբակյա գործվածքի մեջ)։

• Խմելու կամ ուտելու ոչինչ չտալ, այլ միայն թրջել տուժածի շրթունքները (ջուր խմելը հակացուցված է՝ հնարավոր փսխումից խուսափելու համար)։

• Ցավազրկողներ չի կարելի տալ։

• Պահպանել տուժածի մարմնի ջերմաստիճանը։

• Փոխել նրա դիրքը՝ պառկեցնելով մեջքի վրա ոտքերը կիսածալած։

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am