Ըստ գիտնականների` արևային լոգանքով տարվելը կարող է ունենալ կախվածության բնույթ: Հարվարդի բժշկական ինստիտուտից հետազոտողներից ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արևային ճառագայթման ազդեցությունն օրգանիզմում առաջացնում է էնդորֆինի արտադրություն (ուրախության հորմոն): 
Ըստ Cell ամսագրի, լաբորատոր մկների վրա կատարվող փորձերը ցույց են տվել, որ փորձակվող կենդանիները սկսում են արտադրել հաճելի զգացողությունների հետ կապված նյութեր: 
Ավելի վաղ արտահայտվել են ենթադրություններ այն մասին, որ մարդկանց մոտ կարող է առաջանալ սովորություն և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ պահանջ: 
Առավել վաղ անցկացված հետազոտություններից մեկի ընթացքում հետազոտվել են արևահարման սալոններ այցելող ուսանողներ, ու ամեն երրորդի մոտ դիտվել է կախվածության ախտանշաններ: 
Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի և Հարվարդի բժշկական ինստիտուտի հետազոտողները նպատակ են դրել պարզել նման կախվածության առաջացման մեխանիզմը: 
Նրանք Ֆլորիդա նահանգում կեսօրվա արևի ճառագայթների տակ են դրել խուզած մեջքով մկներին` ամեն օր կես ժամ վեց շաբաթվա ընթացքում: 
Հաճույքի նյութեր
Անալիզները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների արդյունքում մաշկում արտադրվել է պրոօպիումլեանոկորտին կոչվող սպիտակուց: Այն տրոհվում է մելանին պիգմենտի, որը որոշում է արևահարության ուժգնությունը, և էնդորֆինների խմբի, այսինքն` այն նյութերի, որոնք սովորաբար արտադրվում են ուղեղի կողմից և վերահսկում հաճույքի կենտրոնը: 
Այս նյութերն օրգանիզմում ազդում են այն նույն համակարգերի վրա, որոնց վրա ազդում են այնպիսի թմրամիջոցներ, ինչպիսիք են հերոինը և մորֆինը:
Այն բանից հետո, երբ մկներին տրվեցին թմրամիջոցների ազդեցությունը արգելակող դեղամիջոցներ, նման այն դեղամիջոցներին, որոնք նշանակվում են թմրամոլներին վերականգնողական հատուկ կլինիկաներում, ապա նրանց մոտ առաջացավ դողով և ցնցումներով արտահայտվող ժուժկալության համախտանիշ:
Այնուհետև մկները սկսեցին փախչել կերակրատաշտակի մոտից, որտեղից մտցվել էին այդ դեղամիջոցները, ինչը հանդիսանում է կախյալ վարքագծի նշան:
Սակայն ստացված արդյունքները չեն վկայում այն մասին, որ մկներն ակտիվորեն փորձել են ստանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների նոր չափաբաժին, ինչը կհաստատեր կախվածության առաջացումը: 
Մասաչուսաթսի ընդհանուր հիվանդանոցի ամերիկացի հետազոտողներից բժիշկ Դեյվիդ Ֆիշերն ասում է, որ բավականին վստահորեն կարելի է ենթադրել արևի ճառագայթների ձգողականության ինչ-որ ընդհանուր մեխանիզմի գոյության մասին, և որ այն թերևս կապված է օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի հետ: 
Կան կասկածներ
Սակայն մյուս գիտնականները համոզված չեն ստացված արդյունքներում: 
Քեմբրիջի համալսարանում դեղորայքային կախվածությամբ զբաղվող բժիշկ Դեյվիդ Բելինը գտնում է, որ  ուլտրամանուշակագույն ճառագայթներից կախվածություն ձեռք բերած մկները պետք է իրենց այլ կերպ պահեն` նրանք պետք է ձգտեն հայտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ` նույնիսկ ի հաշիվ սննդի ստացման, ինչն իրականում չկատարվեց: 
«Եթե մարդիկ իրականում արևից դառնային թմրամոլ, ապա մենք կբախվեինք կախվածության դասական ախտանշանի հետ` մարդիկ կթողներին իրենց աշխատանքը և ընտանիքը, որպեսզի իրենց ամբողջ ժամանակն անցկացնեին լողափին, անվերադարձ կմեկներին Ֆրանսիայի հարավ և այլն», – նշում է նա: 
Սակայն, նա խոստովանում է, որ հետազոտությունը որպես այդպիսին ունի առանձին արժեք, քանի որ այն ցույց տվեց արևի ճառագայթների ազդեցության տակ օրգանիզմում էնդոգենային օպիատների արտադրության փաստը:
Բժիշկ Ֆիշերը նշում է, որ իր հետազոտության հիմքում ընկած է ԱՄՆ-ում մաշկի քաղցկեղի դեպքերի աճի պատճառը պարզելու ցանկությունը, չնայած ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարության հանրահայտ փաստերի:  
Իր հետազոտության մեջ նա նշում է, որ առաջին անգամ է, որ հնարավոր է եղել ստանալ ԱՄՆ-ի դեռահասների մոտ մեծ տարածում ունեցող արևայրուքով տարվելու, և օպիատների օգտագործման ժամանակ ակտիվացող` հաճույքի ստացման միևնույն կենտրոնի ակտիվացման միջև կապի վկայություն:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk