Բլադ Սելս ախտորոշիչ բժշկական կենտրոնի մաշկաբան-վեներոլոգ Էդուարդ Ավագյանը ներկայացնում է այլ քայլերը, որոնք չի կարելի անել, եթե ունեք ակնե:

Ակնեն կամ կորյակային հիվանդությունը մաշկի այն խնդիրներից է, որի հետ այս կամ այն չափով բոլորս էլ առնչություն ունեցել ենք, հատկապես պատանեկան տարիքում։ Շատերի մոտ այն անցնում է սեռահասունացումից հետո։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ այդ տհաճ, երբեմն՝ ցավոտ, այսպես կոչված, «պզուկները» անցնելու փոխարեն շատանում են, տարածվում, բարդանում, ընդհուպ մինչև խորը սպիների ձևավորում։ 

Կորյակային հիվանդության բուժումը բարդ խնդիր է, երկարատև, եթե չասենք մշտական պրոցես։ Հաճախ բուժառուները դիմում են ինքնաբուժման, կիրառում են այստեղ-այնտեղից լսած տարբեր միջոցներ, որոնցից շատերը լավագույն դեպքում կամ չեն օգնում, վատագույն դեպքում՝ առաջացնում են լուրջ հետևանքներ։

Ինչ չի կարելի անել, եթե ունեք կորյակային հիվանդություն։

1. Սեղմել կորյակները (պզուկները)։ Ակնեի զարգացման գործում որոշիչ դեր են կատարում մաշկային որոշ մանրէներ։ Սեղմելով դուք կարող եք տարածել այդ մանրէները կամ նպաստել, որ նրանք ներդրվեն մաշկի ավելի խորանիստ շերտերում։ Եվ իհարկե, սեղմելը, որպես մաշկի մեխանիկական վնասում, կարող է ի վերջո բերել սպիների առաջացման։

2. Քսել ատամի մածուկ։ Հաճախ, կորյակներից ձերբազատվելու կամ մաշկը «սպիտակացնելու» համար, հատկապես աղջիկները և կանայք, տան պայմաններում քսում են իրենց դեմքի մաշկին սովորական ատամի մածուկ, որոշները այն նույնիսկ թողնում են ամբողջ գիշեր։ Դա, իհարկե, կտրականապես չի կարելի անել։ Եվ դրա հիմնական պատճառը ատամի մածուկի մեջ առկա հալոգեններն են՝ մասնավորապես ֆտորը, որը դեմքի մաշկի համար հանդիսանում է ուժեղ գրգռիչ նյութ։

3. Քսել եթերային յուղեր (կոկոսի յուղ, թեյի ծառի յուղ) և այլ բուսական ծագման յուղեր։ Վերջինները կարող են լցվել դեմքի մաշկի մանրանցքերի (поры) մեջ և էլ ավելի վատթարացնել վիճակը։

4. Քսել սպիրտ և սպիրտ պարունակող նյութեր։ Սպիրտ պարունակող նյութերը, երկար ժամանակ մնալով մաշկի վրա, կարող են առաջացնել քիմիական այրվածք, ինչպես նաև ուժեղացնել մաշկի ճարպարտադրությունը՝ խորացնելով կորյակային հիվանդությունը։

5. Ինքնուրույն, առանց բժշկի նշանակման, օգտագործել հակակորյակային դեղամիջոցներ։ Դեղատներում վաճառվող նշված միջոցները այդքան էլ անվնաս չեն։ Ընդհակառակը, որոշները նույնիսկ կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել՝ սխալ կիրառելու դեպքում։ Հակակորյակային տեղային դեղամիջոցները կարող են գրգռել մաշկը, առաջացնել, այսպես կոչված, դեղորայքային այրվածքներ։ Իսկ համակարգային որոշ դեղամիջոցների սխալ օգտագործումը հղի է էլ ավելի լուրջ, ընդհուպ մինչև կյանքին վտանգ դպառնացող, բարդություններով։

⚠️Ցանկացած պարագայում, կորյակային հիվանդության ծանրության ցանկացած աստիճանի ժամանակ ինքնագործունեությունը կարող է լինել վտանգավոր։ Ինչ-որ գործողություն անելուց առաջ անպայման խորհրդակցեք մաշկաբանի հետ։


Աղբյուրը՝ Doctors.am