Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների: Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:
Ցրտահարում
Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
- մաշկի սառնություն,
- այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
- մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:
Ինչ անել
- Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
- Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
- Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
- Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
- Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
- Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
- Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:
Ինչ չի կարելի անել
- Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
- Մի բացեք բշտերը:
- Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
- Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:
Մարմնի ընդհանուր սառեցում
Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Հիվանդության ախտանշաններն են`
- սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
- սառը, գունատ, չոր մաշկ,
- մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
- կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
- քնկոտություն,
- անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
- դանդաղ անոթազարկ և շնչառություն,
- գիտակցության խանգարումներ:
Ինչ անել
- Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
- Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
- Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
- Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
- Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
- Ահազանգեք շտապ օգնություն:
Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:
Ինչ չի կարելի անել
- Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
- Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
- Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
- Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
- Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
- Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:
Ջերմային հարված և արևահարություն
Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Հիվանդության ախտանշաններն են`
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- մաշկի կարմրություն և չորություն,
- գլխացավ, գլխապտույտ, թուլություն,
- անհանգստություն, գրգռվածություն,
- աղմուկ` ականջներում,
- արյունահոսություն քթից,
- սրտխառնոց, փսխում:
Ինչ անել
- Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
- Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
- Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
- Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
- Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:
Ջերմային խանգարումների կանխարգելումը
Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.
- Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
- Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
- Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:
- Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am