Առաջին անգամ ատամնաբուժարան գնալը լուրջ փորձություն է յուրաքանչյուր փոքրիկի համար, բայց կարող է դառնալ կարևոր արարողություն, որը երեխան կկատարի եթե ոչ հաճույքով, ապա գոնե պատրաստակամորեն: Ամեն ինչ իրականում կախված է հենց մեծահասակների վերաբերմունքից:

Շատ կարևոր է, թե ինչպես  են ատամնաբույժին վերաբերվում երեխայի ծնողները: Չէ՞ որ կան մեծահասակներ, ովքեր անգամ հասուն տարիքում վախենում են ատամնաբուժարան գնալուց: Այդ դեպքում ի՞նչ կարող ենք պահանջել փոքրիկ երեխայից:

Նախևառաջ ծնողները պետք է քաջ գիտակցեն, որ երեխային պարբերաբար ատամնաբույժի մոտ տանելը պարտադիր է, անգամ եթե «սևացած» ատամ չկա: Եվ ծնողները, և երեխաները պետք է հասկանան, որ ատամնաբույժին պետք է պարբերաբար այցելել պրոֆիլատիկ ստուգումների համար:

Իհարկե, 6-7 տարեկան երեխայի մոտ կամային հատկանիշները դեռ այնքան էլ լավ չեն ձևավորված, նրա համար հեշտ չէ երկար ժամանակ անշարժ նստել իր տեղում՝ այն էլ բացված բերանով: Իսկ եթե այս ամենին գումարում ենք այն, որ նրա բերանի մեջ էլ անծանոթ մարդիկ «ինչ-որ բա՞ն» են անում…

Եվ այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեխայի հետ էլ հնարավոր է լեզու գտնել ու բացատրել ամեն ինչ երեխային «հասկանալի» լեզվով: Այս հարցում կարող են օգնության հասնել մանկական ատամնաբուժարանները: Այսպիսի ատամնաբուժարանում աշխատող բժիշկները շատ լավ գիտեն, թե ինչ մոտեցում է հարկավոր ցուցաբերել և ինչպես է հնարավոր համոզել երեխային:

ատամնաբուժարանԻհարկե, կան երեխաներ, ովքեր ոչ մի դեպքում թույլ չեն տալիս իրենց բուժել: Բայց մանկական ատամնաբուժարանների հոգեբանները վստահեցնում են, որ երեխայի կամակորությունը պայմանավորված է միմիայն նրա ծնողների՝ ատամնաբույժների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այնպես որ, Ձեր երեխային ատամնաբուժարան տանելու համար հարկավոր է ոչ թե նրան համոզել, այլ ինքներդ Ձեզ:

Ահա այն դեպքերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել:
Ծնողներն իրենք են վախենում ատամնաբույժից:

Իսկ երեխային ատամնաբույժի մոտ տանելիս կրկնակի են վախենում ու սարսափով պատկերացնում, թե որքան է «տանջվելու» իրենց փոքրիկ բալիկը: Միանգամայն պարզ է, որ վախն անմիջապես կփոխանցվի երեխային:
Ծնողները չեն վստահում բժշկին:

Սովորաբար այդպիսին են մայրիկները, ովքեր չեն վստահում իրենց երեխայի դաստիարակությունը մանկապարտեզի դաստիարակչուհուն, երեխայի խնամքը՝ տատիկ-պապիկներին, հետևաբար երեխայի առողջությունն էլ ատամնաբույժին չեն վստահի: Իսկ այդ ամենը շատ լավ հասկանում է երեխան ու նրա մոտ էլ ձևավորվում է ճիշտ այդպիսի վերաբերմունք:
Ծնողները հաշի չեն առնում երեխայի աշխարհընկալումը:

Ատամնաբուժարան գնալու ճանապարհին սկսում են բացատրել, թե ինչպես են քաշելու կամ «տաշելու» նրա ատամը, պատմում են իրենց «տխուր» փորձից: Իսկ երբ արդեն հասնում են ատամնաբուժարան, բնական է, որ երեխան էլ չի ցանկանա մոտ գնալ «սարսափելի» բժշկին:

Կա և ավելի վատ տարբերակ, ամեն հնարավոր ու անհնար դեպքերում երեխային վախեցնում են ատամնաբույժով, ինչպես, օրինակ, Մեշոկ պապիկով: Մինչդեռ երեխային առհասարակ չի կարելի վախեցնել որևէ «սարսափելի» արարածով:

Բայց մեր ժամանակներում մայրիկներն ու հայրիկները կարող են հանգիստ լինել, նոր տեխնոլոգիաները և պրոֆեսիոնալ ու կիրթ ատամնաբույժները կօգնեն փոքրիկ երեխային առաջին այցելությունը ատամնաբուժարան դարձնել հետաքրքիր ու հնարավորինս անցավ: Իսկ ծնողների ամենամեծ ներդրումը կլինի այն, որ սովորեցնեն երեխային ամենից առաջ հոգ տանել սեփական առողջության մասին:


parentsmocak.am