Բոլորս էլ մեր կյանքի տարբեր փուլերում զգում ենք վախ, անհանգստություն և սթրես: Իհարկե, այս ամենը մեզ ճնշում և ընկճում է: Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ չափավոր անհանգստություն ենք զգում, թե՞ ունենք անհանգստության խանգարում: Որտե՞ղ է գտնվում կարմիր գիծը:

Հոգեթերապևտները նշում են, որ ամեն ինչ կախված է անհանգստության հաճախականությունից և աստիճանից:

Ե՞րբ է պետք անհանգստանալ «անհանգստության» մասին։

Մենք որոշակի անհանգստություն ենք զգում, երբ հայտնվում է որևէ սպառնալիք թե՛ իրական (ինչպես, երբ մեքենան սլանում է ձեզ ընդառաջ), թե՛ հոգեբանական (ինչպես կայանալիք կարևոր աշխատանքային հանդիպմանը մասնակցելը): Երկու իրավիճակներն էլ կարող են առաջացնել ադրենալին, որը ֆիզիոլոգիական ռեակցիա է:

Հոգեբանական սպառնալիքները հաճախ կարող են իրական սպառնալիքներ թվալ, թեև իրական վնաս չեն կարող հասցնել: Անկախ նրանից, թե այդ սպառնալիքները հոգեբանական են, թե ոչ, ցանկացած սպառնալիք կարող է բավականին իրական թվալ։

Այս իրավիճակներից որևէ մեկում կարող եք նկատել անհանգստության մի քանի նշաններ: Կարող եք ունենալ ֆիզիկական այնպիսի արձագանքներ, ինչպիսիք են.

  • Հաճախակի սրտխփոց
  • Անսպասելի քրտնարտադրություն
  • Կծկումներ ստամոքսում
  • Սրտխառնոց և փսխում
  • Մկանային լարվածություն։

Այլ ախտանիշներ, որոնք նույնպես կարող են ի հայտ գալ՝

  • Անհանգստություն
  • Հոգնածություն
  • Կենտրոնանալու դժվարություն
  • Դյուրագրգռություն և տրամադրության փոփոխություն
  • Քնելու անկարողություն և քնի այլ խանգարումներ:

Անհանգստության ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, և դրանք խորանում են՝ կախված սթրեսի պատճառներից: Այնումենայնիվ, շատ դեպքերում անհանգստությունն առաջանում է, երբ հոգեբանական սպառնալիքը երկարատև է և խաթարում է առօրյան: Հնարավոր է զգալ անհանգստության ֆիզիկական, մտավոր և հուզական նշաններ, և երբեմն նույնիսկ բոլորը միանգամից:

Հոգեթերապևտները հաճախ օգտագործում են կոգնիտիվ վարքաբանական թերապիան, որն օգնում է անձին ավելի լավ հասկանալ անհանգստության իրական պատճառները և կիրառել դրանք հաղթահարելու ռազմավարություններ։ Անհրաժեշտ է սովորել կառավարել անհանգստությունը, որպեսզի այն լուրջ խնդիրների չհանգեցնի։