Դպրոցում, համալսարանում հատուկ դասընթացների ժամանակ  սովորեցնում են` ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն են թողարկում, սակայն միևնույնն է, մեզնից քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել: Մեկը պարզապես անուշադիր է լսել, մյուսը վախենում է, երրորդն էլ երբեք գործնականում այդպիսի իրավիճակի չի հանդիպել: Ամեն դեպքում, շատերը սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս: Քննարկենք այդ սխալներից ամենատարածվածները:
 
 
Օգնություն էպիլեպսիայի նոպայի դեպքում
 
Շատերը փորձում են այնպես անել, որ նոպայի ժամանակ մարդը պատահաբար իր լեզուն չկծի: Վերցնում են ինչ-որ առարկա և փորձում այն հիվանդի ատամների արանքը խցկել: Իրականում, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումների ժամանակ մարդը գլուխը չվնասի ինչ-որ բանի հարվածելով:
 
 
Ճանապարհատրանսպորտային պատահար
 
Սկզբում պետք է օգնություն կանչել և համոզվել, որ մեքենայի շարժիչն անջատված է: Այնուհետև անցնել տուժածին օգնություն ցուցաբերելուն: Ամենակարևորը` կանգնացնել արյունահոսությունը և մարդուն գիտակից վիճակում պահել. սրա համար բավարար է պարզապես նրա հետ զրուցելը: Կարևոր է տուժածին հնարավորինս քիչ շարժել, մարդիկ բնազդաբար փորձում են որքան հնարավոր է արագ տուժածին դուրս բերել մեքենայից, ինչն իրականում ավելի է վատթարացնում նրա վիճակը, պատճառ դառնում նոր վնասվածքների: Մեքենայից դուրս քաշել պետք է միայն մեքենայի այրվելու դեպքում, այլ իրավիճակներում պետք է սպասել մասնագետների ժամանմանը:
 
Սրտի նոպայի դեպքում
 
Նման դեպքում առաջին քայլը մասնագետներին ահազանգելն է: Ստուգե՛ք անոթազարկը, դրա բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին: Տուժածին չոր մակերեսի վրա պառկացրեք, հանե՛ք բոլոր սեղմող իրերը` գոտին, փողկապը, արձակեք կոճակները: Սեղմող շարժումներ կատարեք կրծքավանդակի ստորին հատվածում: Եթե անօգուտ է՝ անցեք արհեստական շնչառության ու սրտի մերսման, մինչև անոթազարկի հայտնվելը:
 
Այրվածքների դեպքում
 
Սկզբում ազատվեք վերքը ծածկող գործվածքներից, և փորձեք այն սառեցնել, օրինակ՝ սառը ջրի տակ պահելով: Կարելի է նաև սառույց և սառեցված մթերքներ օգտագործել: Այնուհետև հարկավոր է մաքուր վիրակապ դնել: Հիմնական սխալը այրվածքի մակերեսին յուղային կոսմետիկ միջոցներ կամ ձեթ քսելն է, ինչը միայն վատթարացնում է վիճակը` խանգարելով ջերմակարգավորումն ու հեղուկի արտահոսքը : Մոռացեք նաև սպիրտային լուծույթների մասին, այլապես, ջերմային այրվածքին կգումարեք քիմիականը:
 
Դողի և բարձր ջերմության դեպքում
 
Իհարկե, բոլորս միանգամից հիշում ենք բարեկամների խորհուրդներն ու սկսում փաթաթվել տաք ծածկոցներով, բայց իրականում սա սխալ է: Մարմինն առանց այդ էլ տաք է, անհրաժեշտ է այն սառեցնել, և ոչ հակառակը: Ինչպե՞ս. սառը ջրով շփումների միջոցով:
 

 


 


 


 


 


 


 

 

Նյութի աղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am