Դուք ճիշտ եք սնվում, վարժություններ եք անում, նույնիսկ քնում եք այնքան, որքան պետք է: Սակայն, հավանական է, որ դուք ունեք անմեղ թվացող այնպիսի սովորություններ, որոնք ձեզ մի օր "կհասցնեն բժիշկի դուռը", իսկ դուք դրանց մասին նույնիսկ չգիտեք: Բացահայտեք ձեր առողջության համար 10 թաքնված վտնանգներն ու դրանք ուղղելու պարզ ճանապարհները:
Ոտքը ոտքին գցելը
Ոտքը ոտքին գցած նստելը կարող է բարձրացնել արյան ճնշումը. արյան սիստոլիկ ճնշումը կարող է բարձրանալ մոտ 7 տոկոսով, իսկ դիաստոլիկը` 2 տոկոսով:
Ոտքը ոտքին գցած նստելը նաև մեծ սթրես է կոնք-ազդրային հոդի համար: Այն կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, երբ երակները սեղմված են: Սա կարող է պայմաններ ստեղծել ոտքերի ստորին հատվածի երակների բորբոքման, և, հավանաբար, նաև թրոմբոզի առաջացման համար:
Խուսափեք ոտքը ոտքին գցած 10-15 րոպեից ավել նստելուց, իսկ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կանգնեք ոտքի և քայլեք:
"Փակ" ծնկներով կանգնելը
Գուցեև "փակ" ծնկների օգնությամբ ավելի հեշտ է կանգնել, սակայն դա ավելացնում է ծանրաբեռնվածությունը ծնկային հոդի վրա: Մեր բոլոր հոդերը կայունացվում են շրջակա մկանների շարժումների օգնությամբ: Երբ մենք "փակ" ծնկներով վեր ենք կենում, մենք այլևս արդյունավետ չենք օգտագործում հոդը շրջապատող մկանները: Հետևաբար, ծանրաբեռնվածությունը հոդի վրա աճում է:
Այսպիսով, կանգնելու ժամանակ ծնկները թեթևակի ծալեք:
Ստամոքսի վրա քնելը
Ստամոքսի վրա քնելու ժամանակ պարանոցը դեպի հետ է թեքվում, նյարդերը սեղմվում են, ինչը հանգեցնում է վերին վերջույթների ցավի կամ թմրածության:
Պարզապես փոխեք քնելու դիրքն այնպես, որ այդ ընթացքում պարանոցը դեպի հետ չթեքվի:
Գոտին ամուր կապելը
Ամուր գոտին սեղմում է գոտկատեղը, ինչը կարող է հանգեցնել աղեստամոքսային համակարգի անսպասելի խնդիրների: Թեկուզ գեղեցիկ, սակայն ձիգ գոտին առաջացնում է ներորովայնային ճնշում, որը կարող է հանգեցնել թթվային ռեֆլյուքսի: Դրա ախտանիշները տարբեր են` չնչին, ինչպես օրինակ, բերանում դառը համը, և ավելի մեծ` այրոց և ցավ կրծքավանդակում կամ ստամոքսի վերին հատվածում, քրոնիկական հազ և այլն:
Հագնվելիս, ձգեք ձեր գոտին ոչ ավել, քան ձեր գոտկատեղն է: Դուք պետք է հեշտությամբ շնչեք և արտաշնչեք:
Վատ կեցվածքը
Վատ կեցվածքը կարող է առաջացնել ուսահոդի ցավ, քանի որ վատ կեցվածք ունեցողների թիակի առջև գտնվող ուսագոտու մկանները լարվում են և հանգեցնում մկանային անհավասարակշռության:
Այնպես որ, ջանացեք հնարավորինս ուղիղ կանգնել:
Երկար ճամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը
Երկար ճամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել թրոմբոզի առաջացման: 100-150 մղոն քշելուց հետո պետք է կանգնեցնել մեքենան և քայլել՝ արյան հոսքը լավացնելու և թրոմբոզի առաջացումը կանխելու համար:
Արթնանալուց անմիջապես հետո ձգվելը
Առավոտյան անմիջապես արթնանալուց ձգվելը կարող է վտանգել ողնաշարի սկավառակները:
Ողնաշարի սկավառակները գիշերվա ընթացքում այտուցվում են, ինչը ավելի մեծ ճնշում է ստեղծում դրանց վրա առավոտյան արթնանալիս: Սա նաև դարձնում է դրանք ավելի խոցելի և ձգվելը դառնում է սթրես ողնաշարի սկավառակների համար:
Այնպես որ, մինչև ձգվելը տաքացրեք ձեր մարմինը մոտ 10 րապե:
Բնական կարիքների զսպումը
Եթե դուք երկար ժամանակ հետաձգում եք պետքարան գնալը, դա առաջացնում է միզային համակարգի վարակների զարգացման վտանգ:
Միզային համակարգի վարակները կանանց մոտ կարող են լինել ավելի կարճ միզածորանի և դրա` հեշտոցին մոտ գտնվելու արդյունք: Մեզում բակտերիաները շատ արագ կարող են բազմանալ, հետևաբար երկար ժամանակ մեզը պահելը կարող է հանգեցնել վարակի առաջացման:
Այնպես որ, լսեք ձեր մարմնի պահանջները և ժամանակին գնացեք պետքարան:
Մաստակ ծամելը
Օրվա վերջում, երբ ստորին ծնոտը սկսում է ցավել, դուք դեն եք նետում մաստակը: Ստորին ծնոտի հոդը ստեղծված է սնունդ, այլ ոչ թե մաստակ ծամելու համար: Այն ժամանակը, որի ընթացքում մենք ծամում ենք սնունդը, հաճախ շատ ավելի
քիչ է, քան որոշ մարդիկ ծախսում են մաստակ ծամելու վրա:
Ինչպես ցանկացած այլ չափազանց օգտագործվող մկանի դեպքում, մշտապես մաստակ ծամելը կարող է հանգեցնել մկանային ցավերի և խնդիրների:
Պայուսակն ամեն օր նույն ուսին կրելը
Օրեցօր ծանր պայուսակը նույն ուսին կրելը, ի վերջո, կբերի մկանային անհավասարակշռության և ուսային հոդերը կսկսեն ցավել:
Այնպես որ կամ պարբերաբար փոխեք պայուսակը կրելու ուսը, կամ էլ՝ թեթևացրեք պայուսակը:
Աղբյուրը՝ Doctors.am