Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ լետրոզոլը ստանդարտ դեղամիջոցներից ավելի արդյունավետ է ազդում և մեծացնում հղիանալու հավանականությունը ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց մոտ: Աշխատանքի արդյունքերը տպագրվել են New England Journal of Medicine ամսագրում:
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն առաջանում է կնոջ օրգանիզմում ավելցուկային քանակությամբ տղամարդու հորմոնների (անդրոգեն) արտադրության դեպքում, որի ժամանակ զուգահեռաբար խախտվում է այլ գեղձերի նորմալ ֆունկցիան: Ձվարանների պոլիկիստոզի ժամանակ ձվաբջիջը չի հասունանում և ձվազատում տեղի չի ունենում. ֆոլիկուլը, որից պետք է դուրս գա ձվաբջիջը, չի պատռվում, այլ լցվում է հեղուկով՝ վերածվելով բշտիկի:
Ձվարանների պոլիկիստոզով ախտահարվում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 5-10%-ը և համարվում է կանացի անպտղության ամենատարածված պատճառը:  
 

Կլոմիֆենի ցիտրատը ստանդարտ դեղամիջոց է, որը տասնյակ տարիներ շարունակ կիրառվել է կանանց մոտ ձվազատումը խթանելու համար: «Կլոմիֆենն ունի իր թերությունները», նշում է հետազոտության հեղինակ Ռիչարդ Լեգրոն, «նրա արդյունավետությունը չի գերազանցում 22%-ը վեց ամիս բուժումից հետո, դեղորայքը մեծացնում է բազմապտուղ հղիության զարգացման հավանականությունը և ունի մի շարք կողմնակի ազդեցություններ՝ ջերմահորդանք և տրամադրության հաճախակի փոփոխություններ»:

Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները որոշեցին համեմատել կլոմիֆենի ազդեցությունը լետրոզոլի հետ, որը էստրոգենի արտադրությունը ճնշող և հաճախակի որպես հակաուռուցքային դեղորայք կիրառվող հորմոնային դեղամիջոց է: Ռանդոմիզացված հետազոտությանը մասնակցել են ձվարանների պոլիկիստոզով տառապող 18-40 տարեկան 750 կին, ովքեր ցանկանում էին հղիանալ: Փորձության մասնակիցներին բաժանել էին 2 խմբի. առաջին խմբի մասնակիցները ստանում էին կլոմիֆեն, իսկ երկրորդ խմբինը՝ լետրոզոլ. դեղորայքի չափաբաժինը 5 ամիս շարունակ յուրաքանչյուր դաշտանային ցիկլի հետ մեծացվում էր:  
 

Ինչպես ցույց տվեցին հետազոտության արդյունքները, հղիությունը և բարեհաջող ծննդալուծման ցուցանիշն ավելի բարձր էր երկրորդ խմբի կանանց մոտ (27.5%)՝ առաջին խմբինի համեմատ (19.1%): Բացի այդ, ձվազատման հաճախականությունը զգալիորեն աճել էր լետրզոլ օգտագործած խմբի կանանց մոտ: Երկվորյակների ծնելիությունն ավելի ցածր էր փորձարկման այս խմբում. 3.9%՝ կլոմիֆեն ստացած խմբի 6.9%-ի համեմատ: Ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ապա կլոմիֆենն ավելի հաճախ էր առաջացնում ջերմահորդանքներ, իսկ լետրոզոլը՝ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը և գլխապտույտը: Երկու խմբում էլ բնածին արատների դեպքերը հազվադեպ էին:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors. Am
Նյութը՝ medportal.ru