Ձեր հարազատը սկսե՞լ է մոռանալ վերջին շրջանում իր հետ կատարված իրադարձություններն ու մարդկանց...Դա կարող է լինել առաջին ահազանգը տարեցների մոտ բավականին տարածված մի հիվանդության, որի անունն է Ալցհեյմեր:

Ալցհեյմերը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ուղեկցվում է ինտելեկտի ընկճմամբ: Մարդն աստիճանաբար կորցնում է կոգնիտիվ ֆունկցիաները, բոլոր այն ունակությունները եւ գիտելիքները, որոնք ձեռք է բերել կյանքի ընթացքում: Ընդ որում՝ առաջինը սկսում է մոռանալ այն ամենն, ինչ ձեռք է բերել ավելի հասուն տարիքում:

Սկզբում կորում են պրոֆեսիոնալ հմտություններն ու կարողությունները, այնուհետ սոցիալական, ապա՝ կենցաղային: Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերը կարող է վարքագծի խանգարումների պատճառ դառնալ: Տրամադրության տատանումները եւ դատելու ունակության նվազելը նույնպես հաճախ հանդիպող նշաններից են:
Ալցհեյմեր ունեցող Ձեր հարազատը կարող է ուշադրություն չդարձնել հագուստի մաքրությանը եւ մոռանալ անգամ լոգանք ընդունել:

Ալցհեյմերի ախտորոշման համար սպեցիֆիկ թեստեր գոյություն չունեն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բժշկական համալիր հետազոտություն իրականացնել, որի մեջ կարող է մտնել՝

  • ընտանիքի բժշկական պատմության ուսումնասիրություն
  • նյարդաբանական հետազոտություն
  • կոգնիտիվ թեստերի կիրառում՝ հիշողության եւ մտածողության գնահատման համար
  • արյան քննություն
  • գլխուղեղի նեյրովիզուալիզացիա

Կարեւոր է որքան հնարավոր է շուտ իրականացնել ախտորոշումը, քանի որ դա թույլ կտա իրականացնել այնպիսի բուժում եւ խնամք, որը կլավացնի պացիենտի կյանքի որակը: 

Ալցհեյմերի հիվանդությունը հնարավոր չէ վերջնական բուժել, սակայն ժամանակին արված ախտորոշումն ու ճիշտ բուժումը կարող են դանդաղեցնել դրա ընթացքը:

Մինչ օրս հայտնի չէ, թե ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում Ալցհեյմերի հիվանդությունը, իսկ որոշների մոտ՝ ոչ: Սակայն կան գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության զարգացման ռիսկերը:

Դրանք են՝

  • տարիքը 
  • ժառանգականությունը 
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները 
  • գլխի վնասվածքները

Տարիքի հետ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է, սակայն կան որոշակի քայլեր, որոնք ձեռնարկելով՝ կկարողանաք նվազեցնել դրա առաջացման ռիսկերը:

Հետեւել սիրտ-անոթային համակարգի առողջությանը՝ վերահսկողության տակ պահելով

  •  արյան բարձր ճնշումը
  • շաքարային դիաբետը
  • խոլեսթերինի մակարդակը

Պահպանել ֆիզիկական ակտիվություն

  •  կանոնավոր ֆիզիկական վարժանքները դրական են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա՝ մեծացնելով արյան եւ թթվածնի հոսքը դեպի անոթներ:

Պահպանել սոցիալական ակտիվություն 

  •  կարդալ, խաղալ, նվագել որեւէ երաժշտական գործիքի վրա, սովորել նոր լեզուներ, կատարել կամավորական աշխատանքներ եւ այլն, որոնք «կմարզեն» ուղեղը:


Աղբյուրը՝ Doctors.am