Աբորտը միակ բժշկական միջամտությունն է, որի արդյունքում մասնակիցներից մեկին՝ կնոջ առողջությանը հասցվում է զգալի վնաս, իսկ մյուսին՝ դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին, զրկում կյանքի իրավունքից։ 46 մարդկային քրոմոսոմները, որոնցով փոքրիկն օժտված է հենց բեղմնավորման պահից, որոշում են ապագա էակի մարդկային էությունը, սեռը, սպիտակուցների կառուցվածքը, արյան խումբը, հասակը, դիմագծերը, աչքերի ու մազերի գույնը, ստեղծագործական ձիրքն ու խառնվածքը։

Բեղմնավորումից.

- 18 օր անց սկսում է բաբախել փոքրիկի սիրտը, ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և նյարդային համակարգը։
- 21-րդ օրը սկսում է գործել սեփական արյունատար համակարգը. երեխայի արյունը չի խառնվում մոր արյան հետ և կարող է լինել այլ խմբի։
- 4-րդ շաբաթում ձևավորվում են ողնաշարը, ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները։
- 5-րդ շաբաթում, պիգմենտի ի հայտ գալու հետ, մգանում են աչքերը։
- 6-րդ շաբաթում հնարավոր է կատարել երեխայի գլխուղեղի էնցեֆալոգրամմա։ Այս ժամկետում նրա հասակը հավասար է 4,5 սմ-ի։
- 8-րդ շաբաթում երեխան կարող է ծծել մատը, արձագանքում է մոր որովայնի հպումներին, չնայած 18-20-րդ շաբաթում է մայրը սկսում զգալ երեխայի շարժումները:
- 10-11-րդ շաբաթում երեխան իր չափսերով չի գերազանցում հոր ճկույթը, սակայն նա արդեն ունի մատնահետքեր, շարժում է աչքերն ու լեզուն, կարող է կնճռոտել ճակատը ու կկոցել աչքերը։
- 12-րդ շաբաթում փոքրիկը ընկալում է լույսը, ջերմությունն ու աղմուկը, քնում է, արթնանում, մարզում մկանները` թեքելով գլուխը, ծալելով ոտքերի և ձեռքերի մատերը։
- 14-րդ շաբաթում երեխայի սիրտը օրական մղում է 24 լ արյուն։ Եթե մոր որովայնին ուղղել լույսի աղբյուրը` փոքրիկը փակում է դեմքը ձեռքերով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` թեև վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնցից կեսը` ոչ անվտանգ պայմաններում։ Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահանում են 70 հազար կանայք, տասնյակ հազարավորները տառապում են դրա բարդություններից։

Գործնականում աշխարհի բոլոր երկրներում գործում է որոշակի պայմաններում հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենք։ Աշխարհի երկրների 98%-ում, ուր բնակվում է ողջ երկրագնդի բնակչության 96%-ը, մոր կյանքի վտանգը գնահատվում է որպես օրինական հիմք` հղիության արհեստական ընդհատման համար։

Առնվազն 75 մլն հղիություններ ամեն տարի (մոտ 175 մլն հղիությունների ընդհանուր թվից) հանդիսանում են անցանկալի, որի հետևանքով կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ։

Հղիության արհեստական ընդհատումը համարվում է ոչ բարդ վիրահատական միջամտություն։ Սակայն, եթե այն կատարվում է ոչ պատշաճ ձևով և ոչ պատշաճ պայմաններում, այն կարող է լուրջ վտանգ սպառնալ կնոջ առողջությանը։

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը Խորհրդային Միությունում առաջին անգամ օրինականացվել է 1920 թ.։ Դա համաշխարհային իրավունքի պատմության մեջ հղիության արհեստական ընդհատումը թույլատրող առաջին օրենքն էր։ Սակայն 1936 թ. հղիության արհեստական ընդհատումները ԽՍՀՄ-ում կրկին արգելվեցին` բնակչության աճին ուղղված քաղաքականության շրջանակներում։ 1955 թ. Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում, կրկին թույլատրվեց կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը` մինչև հղիության 12 շաբաթ ժամկետը։

Այդ ժամանակից ի վեր հղիության արհեստական ընդհատումը` աբորտը, հանդիսացել է պտղաբերության վերահսկման հիմնական միջոց։
 
Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալների (2005 թ.)` Հայաստանում կանայք իրենց ողջ վերարտադրողական կյանքի ընթացքում կատարում են միջինում 1,8 աբորտ։ Աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը աճում է կնոջ տարիքի և հղիությ ան հերթականությանը զուգընթաց։ Այսպես, 15-19 տարիքային խմբում աբորտներով ավարտված հղիությունները կազմել են 9%, 20-24 տարիքային խմբում` 54%, 35-44 տարիքային խմբում` 73%։ Ըստ հղիության հերթականության աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը զգալիորեն տատանվում է` կազմելով 2% առաջին հղիության ժամանակ և 79%` հինգերորդ և ավելի հղիությունների դեպքում։

Գյուղաբնակ կանանց շրջանում աբորտով ավարտվող հղիությունները մոտ 7%-ով ավելի են։ Աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը ամենացածրն է (38%) թերի միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում։ Միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում այն կազմում է 48%, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների` համապատասխանաբար 44% և 42%։

Աբորտով հղիությունը ընդհատած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2,6։ Եթե 20-24 տարիքային խմբի կանանց 8%-ն է դիմել աբորտի, ապա 25-34 տարեկան կանանց` 44%-ը, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց` 60%-ը։ Այսպիսով, աբորտի դիմած կանանց մոտավորապես 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել են 1-ից ավելի աբորտ։

Պետք է նշել, որ հակաբեղմնավորիչների, ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության պայմաններում անցանկալի հղիությունը կարող է լինել հակաբեղմնավորիչների չօգտագործման կամ կիրառման ձախողման հետևանք։

Այսպես, աբորտի դիմած կանանց կեսից ավելին (52%) հակաբեղմնավորիչներ են օգտագործել, սակայն հղիացել է։

Հասկանալի է, որ մնացած կեսը կանխարգելման հակաբեղմնավորիչ մեթոդների չեն դիմել։ Մինչդեռ ժամանակակից հակաբեղմնավորման արդյունավետ մեթոդների պատշաճ կիրառումը նպաստում է աբորտների թվի նվազմանը և կանանց առողջության պահպանմանը։

Ի՞նչ կարծիք ունեն կանայք անցանկալի հղիության կանխման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի շրջանակներում «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» իրականացվել է հաճախորդների հարցում` պարզելու անցանկալի հղիության կանխման մասին նրանց կարծիքը։ Հարցազրույցը անց է կացվել 19-48 տարեկան 151 կանանց հետ, որոնց 89,4%-ը եղել են 20-40 տարեկան։ Նրանց մեծամասնությունը` 60,3%-ը, հավաստում է, որ լավագույնը հակաբեղմնավորիչների կիրառումն է։ Կանանց 31,1%-ը չի ունեցել որոշակի կարծիք տվյալ հարցի վերաբերյալ։ Կանանց միայն 6,6%-ն է նախընտրում հղիության արհեստական ընդհատումը։ Ընդ որում, նրանք իրենց այս կարծիքը հիմնավորել են հետևյալ կերպ.

- աբորտն ավելի անվտանգ է, քան հակաբեղմնավորիչների օգտագործումը,
- աբորտ կատարելը շատ հեշտ է,
- չեն կարողացել հիմնավորել աբորտ կատարելու իրենց նախընտրությունը։

Վերոհիշյալն այն փաստի վկայությունն է, որ կանայք չունեն ճիշտ, գրագետ տեղեկություն հակաբեղմնավորիչների ազդեցության և հղիության արհեստական ընդհատման բարդությունների ու հետևանքների մասին։

Իհարկե, աբորտը համարվում է տեխնիկապես հեշտ կատարվող վիրահատություն։ Սակայն, ի տարբերություն այլ վիրահատությունների, այն կատարվում է «կուրորեն», քանի որ բժիշկը չի տեսնում վիրահատական դաշտը, որի հետևանքով էլ հնարավոր է բարդությունների առաջացում։

Աբորտի բարդությունները լինում են վաղ և ուշ։ Վաղ բարդությունները զարգանում են աբորտի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, իսկ ուշ բարդությունները` որոշ ժամանակ (նույնիսկ տարիներ) անց։ Աբորտի առավել հաճախ հանդիպող բարդություններից են արյունահոսությունը, արգանդի պարանոցի վնասվածքները, պտղաձվի մնացորդների ոչ լիարժեք հեռացումը արգանդի խոռոչից։

Աբորտի վաղ բարդություններից ամենավտանգավորը արգանդի թափածակումն է (պերֆորացիա), երբ խախտվում է արգանդի պատի ամբողջականությունը։ Այն կարող է բերել կնոջ կյանքի համար խիստ վտանգավոր հետևանքների` խոշոր անոթների, աղիքների, միզապարկի վնասման։

Աբորտի ուշ բարդություններից են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, ձվարանների դիսֆունկցիան, արտարգանդային հղիությունը, չբերությունը, հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքը։

Տեղին է հիշեցնել ակադեմիկոս Վ. Ն. Սերովի խոսքերը. «Աբորտից հետո կինն արդեն չի կարող համարվել առողջ։ Գերակշռող մեծամասնության մոտ դիտվում է դաշտանային ֆունկցիայի խանգարում, ապա հիվանդությունների մի ամբողջ տարափ` արգանդի միոմա, մաստոպաթիա և նույնիսկ չարորակ նորագոյացություններ։ Ուստի, կատարելով աբորտ, հետո մենք ստիպված բուժում ենք դրա հետևանքները»։

Այսօր գոյություն ունի և աշխարհի մի շարք երկրներում կիրառվում է հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդը (դեղորայքային աբորտ)։ Նման բուժագործության համար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք բերում են հղիության ընդհատման։ Դժբախտաբար այսօր մենք առնչվում ենք դեղորայքային աբորտի ոչ ճիշտ կիրառման և դրա հետևանքով առաջացած մի շարք բարդությունների հետ։ Ինչպես ցանկացած դեղամիջոց, այս նպատակով օգտագործվողները ևս ունեն ցուցումներ ու հակացուցումներ։ Մյուս կողմից դեղորայքային աբորտի նպատակով օգտագործվող դեղամիջոցները նշանակվում են հատուկ դեղաչափերով և հատուկ սխեմաներով։ Եվ վերջապես` դեղորայքային աբորտ կարելի է կատարել միայն հղիության որոշակի ժամկետում։ Պետք է նշել, որ նույնիսկ ճիշտ դեղաչափը և ճիշտ սխեման չեն կարող բացառել դեղորայքի կողմնակի ազդեցությունը (օրինակ` արյան ճնշման անկումը), որը կարող է պահանջել շտապ բժշկական միջամտություն։ Մինչդեռ կանայք, այս կամ այն տեղից լսելով դեղորայքային աբորտի մասին, ինքնակամ օգտագործում են դեղորայքը ոչ ճիշտ դեղաչափով և ոչ ճիշտ սխեմայով, որի հետևանքով հայտնվում են հիվանդանոցում՝ արդեն որոշակի բարդություններով (արյունահոսություն, թերի վիժում

Աբորտի պատճառները տարբեր են։ Դրանք պայմանավորված են ընտանեկան, տնտեսական պայմաններով, երեխա չունենալու ցանկությամբ, տարիքային գործոնով։ Սակայն միշտ պետք է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումը հեշտ, մի փոքր ցավոտ, անվտանգ բժշկական միջամտություն չէ։ Այն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև ընտանեկան փոխհարաբերությունների վրա։ Եթե այս կամ այն պատճառով կինը որոշել է ընդհատել հղիությունը, ապա պետք է փորձել նվազագույնի հասցնել դրա հետևանքները.

- հղիության կասկածի դեպքում որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի,
- չփորձել որևէ միջոցով, ինքուրույն ընդհատել հղիությունը,
- խորհրդակցել բժշկի հետ հղիության արհեստական ընդհատման անվտանգ եղանակի մասին։


Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ''