Գիտությունն ապացուցել է. վայրի կենդանիները չեն գիրանում, բնական բնազդը հուշում է նրանց, թե որքան ուտեն եւ հագեցնեն քաղցն ու էներգիա ստանան: Իսկ մենք ինչո՞ւ չենք կարողանում հսկել մեր ախորժակը:

Ի՞նչն է ստիպում մարդուն ուտել չափից շատ: Եթե չհաշվենք հորմոնային խանգարումներն ու գաստրիտները, որոնց դեպքում մարդը կարող է անընդհատ քաղցի զգացում ունենալ, ապա կարծես թե շատակերության հիմքում հիմնականում մեծ դեր ունեն հոգեբանական մոտիվները: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ մասնագետները համարում են, որ այդ հոգեբանական վիճակները կարելի է վերահսկել:

Եթե սնունդը ձեր հարմարավետության ու հանգստության գլխավոր աղբյուրն է, ապա չի բացառվում, որ դուք սթրեսների ժամանակ կարող եք շատ ուտել: Բոլորին է հայտնի, որ մարդ նյարդային լարված վիճակի պատճառով 2 օրում կարող է ազատվել 2 կգ քաշից, բայց այն չի կարող օգուտ բերել օրգանիզմին, այլ ճիշտ հակառակը` բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա: Սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնը` ադրենալինն, ինչ խոսք, քայքայում է ճարպերը, բայց հենց նույն ադրենալինը քիչ ժամանակ անց կարող է սարսափելի քաղցի զգացում առաջացնել: Իսկ որպես կանոն, ավելի ընդունած սննդի էներգետիկական արժեքը գերազանցում է սթրեսի ժամանակ կորցրածին: Բացի այդ, նման հոգեվիճակների ժամանակ մարդիկ հաճախ են ընդունում հանգստացնող պրեպարատներ ու ալկոհոլ, իսկ թե մեկը, թե մյուսը նպաստում են քաշի ավելացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ սթրեսներին "գրագետ վերաբերվել", այսինքն`սթրեսի դեմ պայքարել ոչ թե դեղերով, ալկոհոլով ու սնունդով, այլ օրինակ` ընդունել արոմատիզացված լոգանք, հեռախոսով խոսել, դուրս գալ զբոսնելու: Սթրեսի դեմ լավագույն միջոց է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե սթրեսային վիճակները շատ խորն են, ապա առաջին հերթին պետք է դիմել մասնագետի:

Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում:

Չի կարելի սնվել նաեւ կախվածություն առաջացնող խաղեր խաղալիս, քննությունների պատրաստվելիս, քանի որ, բացի այն, որ չենք լսում օրգանիզմի հրահանգները, այլ նաեւ նյութը յուրացվում է շատ դանդաղ ու անորակ:

Մի խոսքով, երբ հոգեկանը հսկողություն է իրականացնում մի այլ ավելի կարեւոր գործընթացի վրա, ապա մյուս հրահանգները ձեզ լսելի չեն, իսկ երբ հասկանում եք, որ շատ եք կերել, արդեն ուշ է լինում: