Դուպլեքս սքանավորումն ուլտրաձայնային հետազոտություն է‚ որի ընթացքում ստանում ենք արյունատար անոթների, նրա շրջակա հյուսվածքների սոնոգրաֆիկ պատկերը և անոթներում արյան հոսքը։ 

Դուպլեքս սկանավորումն իր մեջ ներառում է ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն

Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը,,  աթերոսկլերոտիկ վահանիկների և թրոմբների առկայությունը‚ երակների փականների վիճակը։

Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ պատճառով հետազոտվողի՝ ճառագայթվելու հավանականությունն իսպառ բացակայում է: Հետազոտության տևողությունը 15-30 րոպե է

Ո՞րն է դոպլերոգրաֆիայի և դուպլեքս սքանավորման տարբերությունը։

Դոպլերոգրաֆիան ավելի պարզ հետազոտություն է‚ որի հիմքում Դոպլերի էֆֆեկտն է‚ ինչը հնարավորություն է տալիս գրանցել միայն արյան հոսքն` առանց անոթի անմիջական տեսանելիության․ այլ կերպ ասած` այն կոչվում է «կույր» դոպլեր։ Իսկ դուպլեքսը կամ տրիպլեքսն ավելի բարդ ախտորոշիչ մեթոդ է` համալրում է B ռեժիմ‚ դոպլեր էֆֆեկտ եւ գունային դոպլեր ռեժիմ։ Վերջինս հնարավորություն է տալիս ախտորոշել այն վիճակները‚ որոնք դեռևս չեն առաջացրել հեմոդինամիկ շեղումներ։

Կա՞ն հակացուցումներ։

Հակացուցումներ առայսօր չկան։

Պարանոցի անոթների «էքստրակրանիալ» դուպլեքս հետազոտության ցուցումներն են`

  • ուղեղային արյան շրջանառության սուր անբավարարություն,
  • ինսուլտներ,
  • գլխացավ,
  • աղմուկ ականջներում,
  • գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • վերջույթների միակողմանի թմրածության զգացումներ,
  • խոսքի խանգարումներ,
  • արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ,
  • պարանոցի շրջանում պուլսացող գոյացության առկայություն,
  • ստորին վերջույթների անոթների, սրտի կորոնար անոթների աթերոսկլերոզ,
  • ինֆարկտ,
  • շաքարային դիաբետ,
  • երիկամային քրոնիկ անբավարարություն,
  • պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր,
  • անոթային վիրահատություններ,
  • պրոֆիլակտիկ նպատակով:

Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

  • վերջույթների սուր կամ քրոնիկ այտուցներ,
  • ոտքի վրա առաջացած երակների ուղղությամբ անհասկանալի կարմիր, ցավոտ օջախներ,
  • մկանային ցավեր սրունքներում,
  • ոտքի վրա երևացող լայնացած երակներ,
  • ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացություններ,
  • քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր,
  • շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար,
  • անոթային վիրահատություններից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո:

Որովայնի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

  • զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում,
  • ծխող, 55 տարեկանից բարձր տղամարդիկ,
  • որովայնում անհայտ ծագման ցավերի առկայություն
  • անցողիկ կաղության առաջացու։

Ժանետա Կայֆաջյան, ճառագայթաբան