Հետաքրքիր զուգադիպությամբ 2018թ. Մալայանների ընտանիքում նշվում է ծննդյան երկու հոբելյան` ՀՀ ակնաբուժության ոլորտի ականավոր գործիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանի ծննդյան 95-ամյակը եւ նրա թոռնուհու` Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն, գեղեցկուհի Զառա Մալայանի ծննդյան հոբելյանը: 

Հատկանշական է, որ Մալայանների վաստակաշատ ընտանիքն անսահման նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարում իր առաքելությունը` հետեւելով միջազգային փորձին եւ հավատարիմ մնալով իր գիտա-կրթական գործունեությանը: 

Ծննդյան այս գեղեցիկ հոբելյանների, ստացած մրցանակի առիթով անկեղծ զրույց ունեցանք Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն Զառա Մալայանի հետ Մալայանների ընտանեկան արժեքների, կենտրոնի ժամանակակից զարգացումների, մասնագիտական հզոր թիմ ունենալու գրավականների եւ այլ թեմաների շուրջ:

Տիկի՛ն Մալայան, 2018թ. հոբելյանական տարի է ինչպես անձամբ Ձեզ համար, քանի որ օրերս տոնեցիք Ձեր ծննդյան հոբելյանը, այնպես էլ Մալայան ընտանիքի, քանի որ լրանում է Ձեր պապիկի` Սերգեյ Մալայանի ծննդյան 95-ամյակը: Մեր ողջ խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ այդ երկու կարևոր տոների առթիվ: Եթե ամփոփեք Ձեր և Մալայանների անցած ուղին, ապա ի՞նչ կարևոր արժեքներ կնշեք, որոնք հատկապես բնորոշ են Մալայաններին:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես չեմ ուզում առանձնացնել իմ ձեռքբերումները ընտանիքիս հաջողություններից, քանի որ դրանք անմիջականորեն կապված են միմյանց հետ և իմ ընտանիքի անցած ճանապարհի արդյունքն են: 

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ծնվել և մեծացել եմ ընտանիքում, որտեղ իշխում է սերն ու նվիրումը միմյանց և մասնագիտությանը: Ճիշտ է, պապիկս մեզ հետ չէ, բայց նրա վաստակը, նրա մասին հիշողությունները մեր ընտանիքի ժառանգության մի մասն են կազմում: Մեր ընտանիքին բնորոշ է միմյանց հանդեպ սերը և հարգանքը, սեփական կարծիքն ունենալը և դրանով առաջնորդվելու ազատ կամքի դրսևորումը. մեզ երբեք ոչինչ չի պարտադրվել: Ես և քույրս մեծացել ենք ներդաշնակ մթնոլորտ ունեցող ընտանիքում` անկախ այն հանգամանքից, որ հորս գրեթե չէինք տեսնում, քանի որ նրան ցանկացած ժամի կարող էին զանգահարել, ու նա առանց երկմտելու շտապում էր վիրահատության: Մենք հասկանում էինք նրա սերն ու նվիրումը բժշկի իր կոչմանը և սիրում նրա այդ եզակի տեսակը: 

Աշխատելով ամեն օր զարգացող Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում` որպես փոխտնօրեն, լինելով հորս կողքին, փորձում եմ ժամանակին համահունչ կառավարման արդյունավետ միջոցներ կիրառել: Ամեն դեպքում, կխուսափեմ խոսել մեր մեծ ընտանիքի` որպես բժիշկների, ժառանգության մասին: Միայն կարող եմ շեշտել, որ նրանց ի վերուստ տրված է անսահման բարություն և մարդասիրություն: Այս երկու հոգևոր բարձր արժանիքները նրանց արժեհամակարգում հիմնարար տեղ ունեն, որոնցով նրանք առաջնորդվում են թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում: Ինձ թվում է` դրանք հենց այն արժեքներն են, որոնք պետք է կրի յուրաքանչյուր բժիշկ, քանի որ իմ խորին համոզմամբ` բժշկությունն այն ոլորտն է, որում աշխատելիս պետք է նվիրյալ լինել, այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Այդ համոզմանն եմ եկել անընդհատ գտնվելով բժիշկների, մասնավորապես` հորս կողքին, ով անվերապահորեն սիրում է իր մասնագիտությունը և անասելի նվիրված է դրան: Թեև վերջին մի քանի տարիներին գրեթե վիրահատություններ չի կատարում, ավելի շատ զբաղվում է ադմինիստրատիվ և գիտական աշխատանքով, միևնույնն է, նրա համար ամենասիրելի և ամենահոգեհարազատ վայրը վիրահատարանն է: Ես փորձում շատ բան սովորել նրանից և դասեր քաղել նրա կյանքի փորձից:

2017թ. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողովի գնահատմամբ` «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն» արժանացավ մրցանակի` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար: Հետաքրքիր է, ի՞նչ կարևորություն ունեն մրցանակները Ձեզ համար և ուրիշ ի՞նչ կարևոր ձեռքբերումներ եք ունեցել նախորդ տարում:

Մրցանակների առումով մենք բավականին հարուստ ենք, արժանացել ենք նաև միջազգային մրցանակի, բայց կարծում եմ` ամեն նոր մրցանակ ոգևորության և ուրախության յուրահատուկ պահեր է պարգևում, գնահատված լինելը միշտ էլ հաճելի է: Մեր ձգտումներն ուղղված են ակնաբուժական բարձր մակարդակի ծառայությունների ապահովմանը` հետևելով աշխարհում տեղի ունեցող մասնագիտական զարգացումներին: 

Նշեմ նաև, որ տարին հագեցած էր մի շարք աշխատանքների և ծրագրերի իրականացմամբ, որոնցից կառանձնացնեմ մեր` ակնաբույժներին միավորող, փորձի ու գիտելիքների քննարկմանը, փոխանակմանը նպաստող կոնֆերանսները: Նման նիստ և ժողով է հրավիրվել նաև Ակնաբույժների ասոցիացիայի հետ համատեղ: 

Կարևոր իրադարձություն էր նաև 2017թ. մեր կենտրոնում նորագույն ախտորոշիչ սարքավորումների ներդրումը, որոնցից մի քանիսը միակն են Հայաստանում և տարածաշրջանում:

Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք կենտրոնում, Ձեր հայրիկին կից` ղեկավարում կենտրոնի աշխատանքը: Ինչպե՞ս կգնահատեք կենտրոնի աշխատանքը, ի՞նչ մեթոդներով և մոտեցումներով եք առաջնորդվում:

Մեր կենտրոնն աշխատում է մեկ ընտանիքի պես, այստեղ հավաքված է մասնագետների մի խումբ, որն իր աշխատանքի նվիրյալն է, ծառայում է միևնույն գաղափարին` աչքի լույս պարգևել մարդկանց: Նրանցից շատերը հայրիկիս հետ միասին կրթական և գիտական ուղի են անցել, եղել նրա ուսանողները, օրդինատորները: Եվ պետք է նշեմ, որ նման կոլեկտիվ ղեկավարելը հաճելի է, քանի որ նրանք գիտակցում են իրենց աշխատանքի պատասխանատվության աստիճանը և ձգտում ինքնակատարելագործման: Նրանց համար աշխատանքային կանոններից առավել բարձր են մարդկային և մասնագիտական կանոնները: Մենք էլ մեր հերթին փորձում ենք ապահովել բժիշկներին, ինչպես նաև կենտրոնի այցելուներին հարմարավետ պայմաններով, կանոնակարգել կենտրոնի աշխատանքն այնպես, որ բժիշկը և հիվանդն իրենց ժամանակն արդյունավետ ծախսեն: Դրա ամենակարևոր գրավականը նախապես հերթագրումների համակարգի ներդրումն էր կենտրոնում, ինչը նախընտրելի լուծում է թե՛ բժշկի, թե՛ այցելուի համար: Այսօր անգամ մարզերից մեզ զանգահարում և նախապես հերթագրվում են, այսինքն` բժշկին այցելելու այդ մշակույթը մեզանում լայն տարածում է գտել, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը: 

Քանի որ կենտրոնը կրթական, գիտական նշանակություն ունի, այստեղ է գտնվում ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնը, որի ղեկավարը հայրս է, մենք ձգտում ենք նաև որակյալ կադրեր պատրաստել ինչպես մեր, այնպես էլ ՀՀ-ում գործող ակնաբուժական ծառայությունների համար:

Այսօր որակյալ բժշկական ծառայության մատուցում ասելով` հաշվի է առնվում, նախ և առաջ նորագույն սարքավորումների առկայությունը, հետո` լավ մասնագետի: Ի՞նչ մոտեցում ունեք Դուք այդ հարցի վերաբերյալ:

Մենք պարբերաբար կատարում ենք սարքավորումների թարմացման, դրանք սպասարկող որակյալ նյութերի համալրման աշխատանքներ: Ամեն ջանք գործադրում ենք որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար, ինչի կարևոր մաս է կազմում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, սակայն կարևոր է նաև հմուտ և գրագետ մասնագետի առկայությունը: Եթե նորագույն սարքավորումը հայտնվում է ոչ մասնագետի ձեռքերում, այն չի կարող ծառայել իր նպատակին և որևէ օգուտ տալ հիվանդին: Ի վերջո, սարքավորումները կարող են չնչին փոփոխություններով ու առավելություններով ամեն տարի վերաթողարկվել` սպասարկելով դրանք արտադրող ընկերությունների բիզնես շահերը, իսկ հիվանդի շահերի պաշտպանն ու առողջության ամենակարևոր գրավականը` իր գործի գիտակ բժիշկն է:

Տիկի՛ն Մալայան, որքանո՞վ եք կարևորում բուժկենտրոնի միջին մասնագիտական անձնակազմի աշխատանքի որակը, ի՞նչ պահանջներ են դրվում նրանց առջև:

Ես շատ եմ կարևորում միջին մասնագիտական անձնակազմի աշխատանքը, կադրերին ընտրելիս հաշվի առնում նրանց թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, թե՛ հաղորդակցական հմտությունները, և թե՛ պատշաճ կերպարով աշխատանքի ներկայանալու կուլտուրան: Փորձը ցույց է տալիս, որ այն բժիշկը, ով ունի գրագետ, հմուտ, իր աշխատանքը ճիշտ կազմակերպող բուժքույր, նա ավելի մեծ հաջողությունների է հասնում աշխատանքում: 
Մեր կենտրոնում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր միջամտությունները, որոնցից մի քանիսը եզակի են Հայաստանում:

Ձեր խոսքում նշեցիք, որ կենտրոնն ունի միջազգային համագործակցության ծրագրեր: Կխնդրեմ պատմեք դրանց մասին:

Այսօր մեր ակնաբուժական կենտրոնը ներգրավված է 6 միջազգային ծրագրերում, և մենք հպարտ ենք, որ հատկապես մեր կենտրոնն է ընտրվել այդ ծրագրերի իրականացման համար: Դրանց առաջին խումբը հետազոտական, գիտական նշանակության, ակնաբուժական նոր մեթոդների կիրառությանն ուղղված ծրագրերն են, որոնց մի մասում մեր մասնագետները ստանձնել են փորձագետի կարգավիճակ: 

Միջազգային ծրագրերի շարքում ամենահայտնին, թերևս, «Լույս հայի աչքերին» ծրագիրն է, որի շրջանակներում մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Այժմ իրականացվում է երկու ծրագիր, որոնցից մեկը կատարակտի և գլաուկոմայի նորագույն վիրահատություններն են, իսկ մյուսը անհասների ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման ծրագիրն է, երկուսն էլ ուղղված են ՀՀ ողջ տարածքի ազգաբնակչությանը: Հատկապես կարևորում եմ անհաս երեխաների շրջանում պաթոլոգիաների հայտնաբերման գործընթացը, որի իրականացմանն ուղղված` ներդրվել է հատուկ սարքավորում, ինչի միջոցով հիվանդությունը վաղ հայտնաբերելով` հնարավոր է լինում լազերային միջամտությամբ կանխել: Պետք է նշեմ, որ մինչև մեզ մոտ ներդրվելը, նման բուժում իրականացվում էր միայն Սանկտ Պետերբուրգում: 

Մեր մյուս ծրագիրն ուղղված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի հայտնաբերմանը Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցահասակ երեխաների շրջանում: Այս ծրագիրը ևս կանխարգելիչ նպատակ է հետապնդում: 

Ավելացնեմ, որ վերը նշված բոլոր ծրագրերը բարեգործական են:

Տիկի՛ն Մալայան, հատկանշական է, որ Ձեր կենտրոնը մշտապես պահպանել է առաջատարի իր դիրքերը, և այստեղ Ձեր հայրիկի` Ալեքսանդր Մալայանի կողմից ներդրվել են վիրահատությունների նոր տեսակներ, որոնք առաջին անգամ նա է կատարել Հայաստանում: Արդյո՞ք այսօր ևս կենտրոնի աշխատանքն աչքի է ընկնում նոր մեթոդների ներդրմամբ:

Ալեքսանդր Մալայանը նոր վիրահատական մեթոդների ներդրումը Հայաստանում սկսել է 1984-85թթ.: Դրանցից առաջինը և ամենակարևորը եղջերաթաղանթի փոխպատվաստումն էր, քանի որ կերատոկոնուս հիվանդությունը մեծ տարածում ունի Հայաստանում և վիրահատական այդ մեթոդի ներդրումը աչքի լույսի պահպանման կարևոր գրավական դարձավ: Այսօր մեր կենտրոնում իրականացվում է այդ հիվանդության բուժման երեք վիրահատական մեթոդ` կախված հիվանդության զարգացման փուլերից` քրոսլինքինգ, եղջերաթաղանթի օղակների պատվաստում` այդ օղակների ստեղծման գաղափարի հեղինակ և դրանց արտադրությամբ զբաղվող Ferrara Ring իսպանական կազմակերպության հետ համատեղ, և հիվանդության զարգացման վերջին փուլում` եղջերաթաղանթի փոխպատվաստում: 

Երկրորդ վիրահատությունը, որ առաջին անգամ կատարվել է Հայաստանում հայրիկիս կողմից, կատարակտի հեռացումն է ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով /ուլտրաձայնային/: Ինչպես նաև նա առաջին անգամ Հայաստանում կատարել է ապակենման մարմնի փոխանակում` վիտրեկտոմիա:

Պետք է նշեմ նաև, որ մեր կենտրոնում ներդրվել է Alcon ընկերության Verion սարքը, որը միլիմետրային մակարդակով կատարում է ոսպնյակի հաշվարկ: Խոսքը վերջին 4-5 տարիների ընթացքում կենտրոնում ներդրված նոր տեսակի ոսպնյակների մասին է, որոնք թույլ են տալիս կատարել կատարակտի վիրահատություն` ռեֆրակցիոն մոտեցմամբ, այսինքն` ոչ միայն հեռացնել կատարակտը, այլև շտկել տեսողությունը: 

Եվ երրորդը ռեֆրակցիոն` տեսողության շտկման լազերային մեթոդով կատարվող վիրահատություններն են, որոնք Հայաստանում առաջին անգամ սկսել է կատարել քույրս` Ելենա Մալայանը: 

Ինչպես նաև մեր կենտրոնում առաջին անգամ Հայաստանում ներդրվել են ախտորոշիչ մի շարք մեթոդներ, համապատասխան սարքավորումներ, որոնք էական նշանակություն են ունեցել ՀՀ ակնաբուժության զարգացման գործում: 

Այժմ մեր կենտրոնում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր միջամտությունները, որոնցից մի քանիսը եզակի են Հայաստանում: Մենք քայլում ենք ժամանակին համընթաց` արդի զարգացումները հնարավորինս ներդնելով մեր կենտրոնում:



Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N 142 ( 03/2018թ.)