Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդ ծնողների մեծ մասին հուզում է երեխային բարուրելու և չբարուրելու  հարցը: Ավագ սերնդի մարդիկ կողմնակից են բարուրի, բայց բժիշկները հակառակն են փաստում․ բարուրելը ոչ մի առավելություն չունի և ընդհակառակը, կարող է վտանգավոր լինել  երեխայի համար: Զրուցել ենք  մանկաբույժ Նոնա Եղոյանի հետ:

  • Նորածիններին բարուրել առհասարակ  խորհուրդ չի տրվում, քանի որ դա որևէ առավելություն չունի:

Դասական բարուրի ժամանակ երեխաների մոտ գերտաքացում է տեղի ունենում, որն առաջանում է մաշկի և հագուստի միջև անօդ տարածությունից: Արդյունքում արյան շրջանառությունը կարող է դանդաղել, իսկ երեխան՝ դառնալ ոչ շարժունակ:

Քանի որ նորածինների մոտ ջերմափոխանակությունն ակտիվ է, նրանք կարող են շատ արագ սառչել և տաքանալ։ Դա նպաստում է  ավելորդ էներգիայի առաջացմանը, որն անհրաժեշտ չէ երեխային: Նրան պետք է ազատ շարժվելու հնարավորություն տրվի:

  • Եթե երեխային բարուրում են, նա չի կարողանում շարժվել և ավելի անհանգիստ է դառնում:

Երբ երեխային ամուր բարուրում են, նրա համար դժվարանում է գլուխը շարժելը և կուրծքը ճիշտ բռնելը, ինչը ևս խանգարում է կրծքով կերակրվելուն: Բարուրված երեխայի ստոծանու շարժումները սահմանափակվում են, շնչելը՝ դժվարանում: Բացի դրանից՝ երեխան կարող է շնչահեղձ լինել, երբ բարուրված է  և սրտխառնոցի ժամանակ չի կարողանում գլուխը թեքել:

«Շատ հաճախ երեխային բարուրում են և թողնում։ Միայն տակդիրը փոխելու համար են արձակում: Բարեբախտաբար, այդ սովորությունն աստիճանաբար պակասում է: Երեխային բարուրում են նաև, որպեսզի հանգիստ քնի: Արգանդից հետո նորածինները հայտնվում են շատ մեծ տարածության մեջ և ունենում ինչ-որ տեղից ընկնելու զգացողություն: Դա անհարմարություն է առաջացնում երեխայի համար: Գոյություն ունեն քնապարկեր․ նորածնի  գլուխն ու ձեռքերը ազատ են մնում, իսկ մարմինը՝ քնապարկում։ Բարուրելու փոխարեն կարելի է օգտագործել դրանք՝ ապահովելու համար երեխայի հանգիստ քունը»:

Շատերն էլ իրենց երեխաներին բարուրում են, որպեսզի նա կոր ոտքեր չունենա, բայց դա ևս սխալ է, քանի որ ոտքերի դեֆորմացիան պայմանավորված  է կալցիումի, վիտամին D-ի փոխանակության հետ:

  • Հարկավոր է խուսափել  ձիգ բարուրից։ Պետք է երեխային բամբակյա  ազատ հագուստ հագցնել:


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝  Սոնա Շահվերդյան