Փոքրիկի շարժումները դեռևս ակամա (ինքնաբերական) են, քանի որ ռեֆլեքսային են: Մեջքի վրա պառկած` նա ընդունում է վզի ռեֆլեքսի համար տիպիկ կեցվածք` գլուխը թեքում է, նույն կողմն է ձգում վերջավորությունները, իսկ մյուս կողմից ծալում դրանք: Եթե երեխային պառկեցնեն փորիկի վրա, սկզբում նա կողքի կթեքի գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները կձգի դեպի փորիկը: Երբ նա շտկում է թաթիկներն ու տոտիկները, մատները հովհարաձև բացվում են: Եթե ծնողները պահեն նրան այն դիրքում, որ տոտիկները հպվեն պինդ մակերևույթի, նա կջանա կոխ տալ ու քայլելու նման շարժումներ կանի:
Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից սկսած, կարող է տարբերակել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Նա ավելի լավ ընկալում է հակադիր ու պարզունակ պատկերները (օրինակ` սպիտակ թղթի վրա քաշած սև գիծը), ոչ թե անգույն ու բարդ նկարները: Փոքրիկի ուշադրությունն ինչ-որ բանի վրա սևեռելու համար պետք է նրան գրկել ուղղահայաց կամ մի քիչ թեքած դիրքով: Նրա համար այդպես հարմար ու հետաքրքիր է առարկաները դիտելը, ու երեխան չի քնի մոր ուսի վրա: Նույնիսկ այդ պստլիկները սիրում են դիտել վառ ու հստակ նկարներ: Այդ նկարները, խաղալիքները պետք է նրա մահճակալի վրա կախել այնպես, որ երեխան առանց լարվելու, ձգվելու, կարողանա լավ տեսնել դրանք:
Կյանքի առաջին իսկ օրերին փոքրիկները ճանաչում են իրենց մորը, հոտով տարբերակում նրա կրծքի կաթը ուրիշի կրծքի ու կովի կաթից:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը արդեն կարող է`

- Փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել կարճ ժամանակով:

- Կուրծք ուտելիս հայացքը կենտրոնացնել մոր դեմքի վրա:

- Արձագանքել փոքրիկ զանգի ղողանջին և հետևելով աչքերով գլուխը թեքել ձայնի աղբյուրի կողմը:

- Աչքերով հետևել շարժվող առարկաներին, որոնք գտնվում են նրա դեմքից 15-25.5 սմ հեռավորության վրա:

- Արձագանքել մեծերի ձայներին:

Փոքրիկ թերություններ

Երբեմն երեխաները ծնվում են մաշկի աննշան թերություններով, որոնք անվտանգ են, բուժում չեն պահանջում ու մաշկի աճին զուգընթաց` անհետանում են:

ՄԻԼԻԱՆԵՐ: Դեմքի վրա սպիտակ, մանր բծեր են, որոնք ճարպային գեղձերի խցանման հետևանք են: Մի քանի օրվա ընթացքում դրանք կանհետանան:

ԱՆՈԹԱՅԻՆ ԼԱՔԱՆԵՐ: Սրանք սովորաբար լինում են վզի հետևի մասում, հոնքերի վրա ու հոնքամիջում: Մի քանի ամսում դրանք կանհետանան:

<< ԵԼԱԿԱՅԻՆ >> ԽԱԼ ԿԱՄ ԽՈՌՈՉԱՎՈՐ ՀԵՄԱՆԳԻՈՄԱ (բարորակ ուռուցք անոթի պատի վրա): Չափով, ձևով, գույնով նման են ելակի: Հաճախ հայտնվում են ծնվելուց մեկ օր հետո: Մի քանի շաբաթվա ընթացքում արագ աճում են, 6 ամսական հասակում անհետանում: Բայց եթե մինչև պատանեկություն մնան, հարկավոր է բուժել:

ՎԱՌՎՈՂ ԽԱԼ: Անոթային կարմիր կամ ծիրանագույն մեծ բիծ է, որն ավելի հաճախ հայտնվում է երեխայի վզին կամ երեսին: Այս բիծը չի անհետանում ու պետք է ավելի հասուն տարիքում բուժել:

Վարակներ

Կաթնասնկախտ (կաթնախտ): Սնկային հիվանդություն է լեզվի, քիմքի ու թշիկների ներսի մակերեսի վրա: Փոխանցվում է շշի չվարակազերծված ծծակի միջոցով կամ մորից: Եթե նա հղիության շրջանում հիվանդացել է հեշտոցային կաթնասնկախտով, կարող է կարմիր ցանի տեսքով հայտնվել նաև երեխայի հետույքի վրա` սկսվելով նրա հետանցքից: Բերանի խոռոչի կաթնասնկախտը բուժվում է հակասնկային կաթիլներով, մարմնի վրայի ցանը բուժեք բժշկի հսկողությամբ:

Մաքուր օդ

Փոքրիկին խիստ անհրաժեշտ է մաքուր օդը, ու տաք եղանակին նա կարող է սայլակի մեջ քնել դրսում: Հարկավոր է հետևել, որ նա լավ ծածկված ու միջանցուկ քամուց հեռու լինի:
Եթե շոգ է, փոքրիկին պետք է ծածկել թեթև ծածկոցով, իսկ միջատներից նրան պետք է պաշտպանել մանր ցանցով: Եթե փողոցի օդն անվտանգ է, կարելի է փոքրիկին պառկեցնել մահճակալին, բացել պատուհանը, որպեսզի մաքուր օդը սենյակ լցվի: Երեխայի ակտիվության համար անհրաժեշտ են արտաքին ազդակներ ու ֆիզիկական վարժություններ:
Հարկավոր է փոքրիկի հետ զբոսնել, նրան տեղավորել բռնակներով մանկական նստոցի մեջ ու քաղաքից դուրս տանել: Այդ զբոսանքները շատ օգտակար են փոքրիկի համար, իսկ ծնողները ստիպված չեն լինի քարշ տալ մանկական սայլակը: Երեխաները շատ են սիրում այդ զբոսանքները, հաճույքով են ճանաչում իրենց համար նոր աշխարհը:

Աղմուկ

Քնած փոքրիկի կողքը անաղմուկ քայլելու, շշուկով խոսելու կարիք չկա, եթե նա վարժվեց դրան, չի քնի, քանի դեռ տանը լռություն չի հաստատվել, կզարթնի ամենաաննշան աղմուկից անգամ: Ավելի հասուն տարիքում նա այդ պատճառով լուրջ դժվարություններ կունենա: Ծծկեր նորածիններն արագ քնում են սովորական աղմուկի պայմաններում` հեռուստացույցի կամ փոշեծծիչի աղմուկի տակ: Ականջ ծակող, ուժեղ ձայնից ցանկացած երեխա կարթնանա, բայց երբ մայրը գրկում, հանգստացնում է նրան, արագ քնում է:

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am