Դաստիարակությունը ամեն մի հասարակության կարևորագույն ֆունկցիան է: Դաստիարակությունն ընդունված է անվանել մարդու հարմարումը գոյության պայմաններին: Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:

Երեխան ծնվելով ընկնում է իր համար բոլորովին այլ, դժվարություններով լի մի աշխարհ, որտեղ նրա հիմնական ու առաջին սյունը ընտանիքն է: Երեխան, աչքերը բացելով, տեսնում է իր ծնողներին, շփվում նրանց հետ: Ծնողների վաղ ներգործությունները, որոնք նույնիսկ կարող են չգիտակցվել երեխայի կողմից, ազդում են նրա հետագա զարգացման վրա: Առհասարակ, դաստիարակչական ներգործությունների արդյունավետությունը կախված է ծնողների միջև առկա փոխհարաբերություններից, ընտանիքի կյանքի ձևից, "առողջությունից", բարեհաջողությունից, նրա երջանիկ մթնոլորտից:

Ընտանիքում են դրվում երեխայի բարոյական, գեղագիտական, տնտեսագիտական դաստիարակության հիմքերը: Երեխայի համար ընտանիքը պատրաստի օրինակ է սեփական կյանքը կառուցելու համար: Նա, աչքերը բացելով, տեսնում է իր ընտանիքը, նրա ավանդույթները, հարաբերություններն ու դրվածքը, ուստի ճիշտ է այստեղ հիշել այն արտահայտությունը, թե յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի հայելին է, և ծնողներն են պատասխանատու երեխայի հետագա ողջ կյանքի համար: Ծնողները շատ դեպքերում կարող են նույնիսկ չնկատել, որ իրենց ամեն խոսքով, վարք ու բարքով օրինակ են ծառայում իրենց երեխաների համար: Երեխան ամենից առաջ իր ընտանիքում է տեսնում բարեսրտության, ուշադրության, քնքշանքի, ծերերի, երեխաների ու թույլերի նկատմամբ խղճահարության ու փոխօգնության զգացումների արմատները: Երեխան յուրացնում է ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, նախապատրաստվում է հետագա աշխատանքային գործունեությանը:

Սկսած 4-5 տարեկանից՝ երեխան պետք է մշտական պարտականություններ ունենա տանը. սա շատ մեծ կարևորություն ունի երեխայի անձի զարգացման գործում: Ընտանեկան աշխատանքում դաստիարակվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են դասավորվածությունը, պատասխանատվությունը, աշխատասիրությունը և այլն: Երեխայի մասնակցությունը տան մաքրության գործում երեխայի մոտ ձևավորում է մաքրասիրություն: Ընտանեկան դաստիարակությունը նպաստում է երեխայի մոտ ձեռներեցության, տնտեսվարության, հաշվենկատության, ինչպես նաև ինքնուրույնության, անկախության, ինքնասպասարկման կարողությունների ձեռքբերմանը և նպաստում է երեխայի արագ աճին:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am