Երկու ամերիկացի գիտնականների կողմից կատարված և ավելի վաղ տարաձայնություններ առաջացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք գենետիկորեն ավելի մոտ ենք մեր ընկերներին, քան անծանոթ մարդկանց:
Ամերիկյան փոքր քաղաքներից մեկում մոտ 2000 բնակիչների ԴՆԹ-ն ուսումնասիրելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ ընկերների մոտ առկա են 0.15 անգամ ավելի շատ ընդհանուր գեներ, քան անծանոթների մոտ: Դա համապատասխանում է հինգերորդ պորտ  եղբայրների ԴՆԹ-ին:
 
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում և միանգամից արժանացել շատ գիտնականների քննադատությանը:
 
«Սա անսպասելի արդյունք է, իսկ նման արդյուքները սովորաբար առաջացնում են գիտնականների քննադատությունը»,- ասում է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական գենետիկայի և քաղաքագիտության պրոֆեսոր Ջեյմս Ֆաուլերը:
 
Ֆաուլերը Յեյլի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Կրիստակիսի հետ միասին վերլուծել է մոտ 500000 միակորիզ պոլիմորֆիզմ՝ գենետիկ փոփոխականության մարկեր:
 
Ազգակցական կապի գործակից
 
Հետզոտության մասնակիցները ոչ միայն տրամադրել էին իրենց ԴՆԹ-ի նմուշները, այլև պատասխանել այն հարցին, թե ովքեր են հանդիսանում իրենց մտերիմ ընկերները:
 
Պրոֆեսորներ Ֆաուլերը և Կրիստակիսը հաշվել են ազգակցական կապի գործակիցը՝ սկզբում օգտագործելով մի զույգ ընկերների մարկերները, իսկ այնուհետև՝ իրար անծանոթ մարդկանց մարկերները, և հայտնաբերել են, որ այն մի փոքր բարձր է ընկերների շրջանում:
 
«Մենք չենք խոսում ինչ-որ հատուկ գեների մասին,- ասել է պրոֆեսոր Ֆաուլերը՝ BBC-ի հարցազրույցի ժամանակ,- Մենք խոսում ենք գենոմի կառուցվածքային բնորոշ գծերի մասին»:
 
Սակայն մի շարք գիտնականներ կասկածանքով են մոտենում այս հետզոտության արդյունքներին, քանի որ դրա վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հետազոտվողների էթնիկական ծագումը կամ սոցիալական շերտավորման այլ ասպեկտներ, որոնք կարող էին հանգեցնել մարդկանց կողմից՝ գենետիկորեն իրենց նման մարդկանց հետ մտերմանալուն:
Ըստ Դյուկի համալսարանի պրոֆեսոր Էվան Չարնիի, ով նախկինում ևս քննադատել էր Ֆաուլերի և Կրիստակիսի հետազոտությունը, նման հետազոտությունն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հետազոտվողները ազգակցական որևէ կապ չունենան իրար հետ, իսկ ազգակցական կապի բացակայությունն ապացուցելը գործնականորեն անհնարին է: 
«Այս հետազոտությունը կառուցված է այն կանխավարկածի վրա, որ խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին, ովքեր իրար հետ ազգակցական կապ չունեն»,- ասել է նա BBC-ի հարցազրույցի ժամանակ:
 
Պոպուլյացիայի գենետիկ կառուցվածքը
 
Օքսֆորդի համալսարանի վիճակագրության մասնագետ, դոկտոր Ռորի Բոուդենը նույնպես գտնում է, որ ամերիկյան հետազոտության արդյունքների վրա կարող էր ազդել պոպուլյացիայում շատ դժվար հայտնաբերելի գենետիկ կառուցվածքը:
 
«Ես կցանկանայի իմանալ, թե արդյոք նրանք ընկերության մեջ հաշվի են առել այնպիսի հայտնի գործոններ, ինչպիսիք են՝ նույն եկեղեցուն, սպորտային ակումբին կամ այլ նմանատիպ կազմակերպություններին պատկանելիությունը, որոնք կարող են հանգեցնել գենոտիպերի հետ կորելացիային, քանի որ դրանք արտացոլում են հետազոտության մասնակիցների ծագումը Եվրոպայում»,- նշում է նա:
 
Պրոֆեսոր Չարնին նույնպես նշում է, որ նման հետազոտությունները չափազանց մեծ շեշտ են դնում ԴՆԹ-ի կառուցվածքային հաջորդականության վրա: «Մարդկանց մոտ տարբեր բջիջներում և մարմնի տարբեր մասերում գեների ամբողջականությունը տարբեր է»:
 
Իր իսկ խոսքերով, բացառությամբ հազվադեպ պատահող գենետիկ հիվանդությունների, միակորիզ պոլիմորֆիզմները մինչ հիմա տեղեկատվություն չեն տրամադրել մարդու վարքագծի և բնավորության մասին:
 
Սակայն հետազոտության հեղինակները վստահ են իրենց արդյունքների վրա: «Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ, թե ով է իրենց հինգերորդ պորտ հեռու ազգականը,- ասում է պրոֆեսոր Կրիստակիսը,- Այնուհանդերձ, չնայած անսահման քանակի հնարավոր պերմուտացիաների առկայությանը՝ որպեզ մեզ ընկերներ մենք ինչ-որ կերպ ընտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր նման են մեր ազգականներին»:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk