Մայիսի 25-ը Վահանաձեւ գեղձի համաշխարհային օրն է (World Thyroid Day): Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս կարեւոր օրգանի ու դրա ախտահարումների վերաբերյալ: Այսպիսով, ի՞նչ գիտենք մենք վահանաձեւ գեղձի, դրա ֆունցկիայի եւ հիվանդությունների մասին:

Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Այն կշռում է 20-30 գրամ: Տեղակայված է պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ: Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմին անհրաժեշտ յոդի պաշարն է հավաքում եւ նրանից սինթեզում հորմոններ: Հիմնական հորմոններն են թիրոքսինը (T4), տրիյոդթիրոնինը (T3), կալցիտոնինը:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են: Տարբերակում ենք ՎԳ դիֆուզ եւ օջախային փոփոխություններ՝ դիֆուզ եւ հանգուցավոր խպիպներ: Բացի դրանից, տարանջատվում ենք վահանաձև գեղձի մեծացման աստիճաններ՝ 0, 1-ին, 2-րդ, 3-րդ:

0 աստիճանի դեպքում ՎԳ պալպացիայի չի ենթարկվում, չի շոշափվում, 1-ինի դեպքում կարելի է շոշափել, բայց վիզուալ չենք տեսնում, իսկ 2-րդ, 3-րդ աստիճանի դեպքում անգամ ոչ մասնագետը կարող է տեսնել պարանոցի մեծացում:

Վահանաձեւ գեղձի խնդիրներից են հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Դրանք են՝ հիպոթիրեոզը եւ հիպերթիրեոզը:

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան թերի է լինում, այսինքն՝ այն արտադրում է T4 եւ T3 հորմոններն ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի պահանջն է:
Հիպոթիրեոզը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային հիպոթիրեոզի ժամանակ ախտահարվում է վահանաձեւ գեղձը, ինչի արդյունքում այն թերի է աշխատում, իսկ երկրորդային հիպոթիրեոզի ժամանակ քիչ է արտադրվում թիրեոտրոպ հորմոնը հիպոֆիզում: Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը կարգավորում է վահանաձեւ գեղձի եւ մնացած բոլոր գեղձերի աշխատանքը, այսինքն՝ եթե հիպոֆիզը թերի է աշխատում, բնականաբար, վահանաձև գեղձը քիչ ազդակ է ստանում նրանից՝ համապատասխանաբար քիչ արտադրելով T3, T4:

Որպես կանոն, հիպոթիրեոզն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ 18-45 տարեկանում:

Ախտանիշներն են՝

  • ապատիա
  • ադինամիա
  • մաշկի թեփոտում, կրունկների, արմունկների չորություն
  • արմունկների մաշկի մգացում
  • մազաթափություն
  • դաշտանային ցիկլի խանգարում
  • մաստոպաթիա
  • լիբիդոյի եւ պոտենցիայի հետ կապված խնդիրներ
  • ձվարանների կիստաներ, պոլիկիստոզ
  • քաշի ավելացում
  • անքնություն
  • փորկապություն
  • էմոցիոնալ լաբիլ նյարդային վիճակ

Հիպերթիրեոզ

Հիպերթիրեոզի դեպքում վահանաձեւ գեղձը T4 եւ T3 հորմոններն արտադրում է ավելին, քան օրգանիզմի պահանջն է:

Ախտանիշներն են՝

  • ձեռքերի դող
  • ափերի քրտնարտադրություն
  • էմոցիոնալ լաբիլ վիճակ, լացկանություն
  • քաշի իջեցում
  • տեսողության խանգարում
  • դաշտանային ցիկլի խանգարում
  • արագասրտություն
  • երբեմն՝ սուբֆեբրիլ ջերմություն:

Աուտոիմուն թիրեոիդիտ (Հաշիմոտոյի թիրեոիդիտ)

Աուտոիմուն թիրեոիդիտը վահանաձեւ գեղձի հյուսվածքի աուտոիմուն գենեզի քրոնիկական բորբոքումն է, երբ առաջանում են հակամարմիններ վահանաձեւ գեղձի բջիջների նկատմամբ, որոնք վնասում են իր իսկ գեղձը։ Այս հիվանդությունը վերջին տարիներին ավելի հաճախ է հանդիպում: 

Պացիենտը առհասարակ կարող է որեւէ գանգատ չնշել: Ժամանակի ընթացքում գեղձը կարող է չափերով մեծանալ՝ ձեւավորելով ոչ ցավոտ խպիպ: Այս դեպքում միայն բարձր հակամարմինները դեռ ցուցում չեն հանդիսանում հորմոնալ թերապիայի նշանակման: Միայն այն դեպքում, երբ խախտված է TSH, T4, T3 հարաբերությունը, նշանակվում է փոխարինող հորմոնալ թերապիա: 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներն են ՝ յոդի պակաս, ժառանգականություն, սթրես, ռադիացիոն ֆոն, ոչ լիարժեք սնունդ:

 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժումը

Հիպոթիրեոզի բուժումն ամբողջ աշխարհում իրականացվում է մեկ դեղամիջոցով՝ լեւոթիրոքսինով: 

Այն հիվանդները, որոնք չունեն հիպոթիրեոզ, այլ պարզապես հանգուցավոր խպիպ, նրանք բացարձակ կարիք չունեն լեւոթիրոքսին ընդունելու:

Վիրահատված հիվանդները (տոտալ եւ սուբտոտալ թիրեոիդէկտոմիա), կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում լեւոթիրոքսին ստանալու:

Անհրաժեշտ հետազոտությունները 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների հետազոտությունն սկսում ենք պալպացիայից՝ շոշափումից, որից հետո ցուցվում է ուլտրաձայնային հետազոտություն, կարիք լինելու դեպքում նաեւ ԿՏ կամ ՄՌՏ:  Համադրելով կլինիկական եւ ՈՒՁՀ տվյալները, նշանակվում են լաբորատոր քննություններ: Հանգուցավոր խպիպների դեպքում, ըստ ցուցման, կատարվում է բարակասեղային բիոպսիա, որից հետո որոշվում է հետագա բուժումը՝ վիրահատական կամ կոնսերվատիվ:


Աղբյուրը՝ Doctors.am