Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը լսողական խնդիրների վերաբերյալ։

Այս ամենից անմասն չի մնացել նաև «Էվա Մեդ» բժշկական կենտրոնը։

«Էվա Մեդ»-ում այսօր բաց դռների օր է։ Բոլոր նախապես գրանցված անձինք ստանալու են անվճար խորհրդատվություն, իրականացվելու է աուդիոմետրիկ քննություն լսողությունը ստուգելու համար։ Հայաստանում լսողական խնդիրների տարածվածության և դրանց կանխարգելման մասին մենք զրուցել ենք  «Էվա Մեդ» կենտրոնի օտորինոլարինգոլոգ Սուսաննա Ռոստոմյանի հետ։

-Բժշկուհի Ռոստոմյան, կասե՞ք, թե որքանով են  լսողական խնդիրները տարածված Հայաստանում։

-Լսողական խնդիրները բավականին տարածված են մեզ մոտ, սակայն կարևոր է նշել, որ ծննդատներում իրականացվում է նորածնային լսողական սքրինինգ, որն օգնում է շատ վաղ բացահայտել հնարավոր խնդիրները և ձեռնարկել համապատասխան միջոցառումները։

-Իսկ ի՞նչ անել հետագա կյանքի ընթացքում լսողական խնդիրները կանխելու համար։

-Հետագայում լսողական խնդիրների կանխարգելման մեջ շատ մեծ նշանակություն ունի ժամանակին մասնագետի օգնությանը դիմելը և ինքնաբուժությամբ չզբաղվելը։ Բացի այս հետագա ծանրալսության ռիսկը զգալիորեն կրճատում են նաև պատվաստումները։ Ըստ վիճակագրական տվյալների, վիրուսային վարակները, օրինակ՝ ջրծաղիկը, H1N1-ը, կորոնավիրուսային վարակը և այլն, կարող են դեր խաղալ հետագայում լսողական խնդիրների առաջացման մեջ։ Նպաստող գործոններ են նաև տրավմաները, անոթային խնդիրները, ծխախոտի օգտագործումը, ականջակալների՝ հատկապես վակուումային չափից շատ օգտագործումը և այլն։

-Մարդը ի՞նչ հիմնական գանգատներով է դիմում լսողական խնդիրների դեպքում։  

-Հիմնականում պացիենտը նշում է, որ կա  սուլոց, աղմուկ, խշշոց ականջի մեջ։ Սա կարող է լինել թե՛ ծծբախցանից, թե՛ միջին ականջի խնդիրների կամ օրինակ հեղուկի առկայության պարագայում։ Հնարավոր է նաև գանգատվեն, որ լսում են, բայց բառերը լավ չեն հասկանում կամ դժվար են տարբերակում ձայները։ Իհարկե, երբ տարիների ընթացքում խնդիրը խորանում է, մարդը դիմում է՝ հստակ նշելով, որ վատ է լսում, խշշոց ունի ականջներում։

-Դիմելով «Էվա Մեդ»՝ պացիենտը ի՞նչ օգնություն կարող է ստանալ լսողական խնդիրների դեպքում։

-Պացիենտը դիմելով մեր կենտրոն՝ կարող է ամբողջական տեղեկատվություն  ստանալ իր ականջի առողջության մասին։ Սկզբում իրականացվում է առաջնային զննում, դրանից հետո ականջի միկրոսկոպիկ քննություն, ունենք նաև գործիքային հետազոտման մեթոդներ։ Եթե կարճ, ապա կենտրոնում հնարավոր է կատարել ականջի առողջությանը վերաբերող բոլոր խնդիրների ախտորոշում և բուժում։