Մայիսի 17-ը Հիպերտենզիայի միջազգային օրն է: Հիպերտենզիան զարկերակային ճնշման կայուն բարձրացում է 140/90մմ Hg ավել, ինչը բնորոշ է հիպերտոնիկ հիվանդությանը և սիմպտոմատիկ հիպերտենզիային: Հստակ սահման բնականոն և բարձրացած զարկերակային ճնշումների միջև չկա, սակայն ինչքան բարձր է զարկերակային ճնշումը, այնքան մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների ու բարդությունների ռիսկը:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ ներկայացնում ենք սրտի կաթվածի ՝աննշան թվացող ախտանիշերը, որոնք կանայք չպետք է անտեսեն:

Մենք հաճախ կրծքավանդակի շրջանի ցավերը կապում ենք սրտի կաթվածի հետ, սակայն սա միակ ախտանշանը չէ, հատկապես կանանց պարագայում։ Չնայած կրծքավանդակի ցավերը ամենատարածվածն են, այնուամենայնիվ, կանանց մոտ կարող են լինել նաև այլ ախտանշաններ, որոնք բացարձակապես կապ չունեն կրծքավանդակի ցավերի հետ։ Այս ցավը նման է ճնշվածության զգացողության կամ սրտի այրոցի։

Ահա հետևյալ երեք ախտանշանները, որոնք չպետք է անտեսել.

1.    Անսովոր թուլություն

Կանայք սովորաբար չափազանց զբաղված են լինում և բնական է, որ այդ զբաղվածության պատճառով նրանք հաճախակի են հոգնածություն զգում։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հոգնածությանը, եթե.


•    Հանկարծակի ուժասպառ եք լինում առօրյա գործերից,
•    Դուք լարված չեք աշխատում, սակայն Ձեզ թույլ եք զգում և ունեք ծանրության զգացողություն սրտի շրջանում,
•    Պարզ գործողությունների կատարումը, ինչպիսիք են անկողին հարդարելը կամ գնումներ կատարելը, Ձեզ հոգնեցնում է,
•    Չնայած ուժեղ հոգնածությանը, Դուք նաև ունեք քնի խանգարում։

2.    Քրտնարտադրություն և/կամ շնչարգելություն

Տարիքի հետ քիչ շարժունակության և քաշի ավելացմանը զուգահեռ կանանց մոտ առաջանում է դժվարաշնչություն։ Դաշտանադադարի ժամանակ գրեթե բոլոր կանայք գանգատվում են շոգի կտրուկ զգացողություններից։ Սակայն այս ախտանշանները կարող են ազդարարել սրտի կաթվածի մասին, եթե դրանք տեղի են ունենում որոշակի իրավիճակներում.


•    Հանկարծակի քրտինք կամ շնչառություն առանց որոշակի  ծանրաբեռնվածության,
•    Շնչարգելություն, որը գնալով ուժեղանում է,
•    Շնչարգելություն, որը վատթարանում է պառկած վիճակում և լավանում հենվելուց հետո,
•    «Սթրես» քրտինք (սառը, ցնցող զգացողություն), երբ սթրեսի իրական պատճառ չկա,
•    Քրտինք կամ շնչարգելություն, որն ուղեկցվում է այլ ախտանշաններով, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը կամ հոգնածությունը:

3.    Ցավեր պարանոցի, ծնոտի և մեջքի շրջանում

Որքան էլ բարդ լինեն մեր օրգան-համակարգերը, նրանք շատ հմուտ են ազդանշաններ տալու հարցում, երբ ինչ-որ բան այն չէ: Երբ սրտի հետ կապված խնդիր կա, դա նյարդեր է հարուցում այդ շրջանում, սակայն երբեմն այլ հատվածում ես ցավ զգում։
Ծնոտի, մեջքի կամ ձեռքի ցավը կարող է սրտի վիճակի վերաբերյալ ազդանշան հանդիսանալ վրա, հատկապես, եթե դժվար է ճշգրիտ որոշել առաջացման պատճառը (օրինակ, չկա հատուկ մկան կամ հոդ, որը ցավում է)։

Ահա մի քանի նշաններ, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

•    Կանայք կարող են ցավ զգալ երկու ձեռքերում էլ, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ միայն ձախ ձեռքն է ցավում,
•    Մեջքի վերին և ստորին հատվածում ցավը հաճախ սկսում է կրծքավանդակից և հետո տարածում ամբողջ մեջքի շրջանում,
•    Ցավը երբեմն սկսում է հանկարծակի, առանց որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության և նույնիսկ կարող է գիշերն արթնացնել,
•    Դուք հնարավոր է ցավ զգաք ծնոտի ձախ կողմում։
    

Ի՞նչ անել հետևյալ ախտանշանների դեպքում.
  

Կանայք հաճախ ասում են, որ իրենք այս երեք ազդանշանները զգացել են սրտի կաթվածից դեռևս շաբաթներ և ամիսներ առաջ։

Բժշկի այցելելիս անպայման նշեք այն բոլոր ախտանշանները, որոնք ունեք, ներկայացրեք ընտանիքի անդամների հիվանդությունների պատմությունը, նաև պատմեք Ձեր կյանքում առկա սթրեսի մասին, որը կարող է նպաստել խնդրի առաջացմանը։ 


Աղբյուրը՝ WebMD