Մարդու օրգանիզմին կալցիում է անհրաժեշտ` ամուր ոսկորներ, ատամներ ունենալու և դրանք պահպանելու համար: Կալցիումն անհրաժեշտ է նաև մկանների կծկման, նյարդափոխադրիչների արտազատման, սրտի աշխատանքի կարգավորման և արյան նորմալ մակարդման համար: Սակայն արյան մեջ կալցիումի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել:
Հիպերկալցեմիա առաջանում է այն ժամանակ, երբ արյան մեջ կալցիումի մակարդակը նորմայից բարձր է լինում: Դա կարող է տեղի ունենալ մի շարք պատճառներով, օրինակ, երբ օրվա մեջ ընդունվող ջրի քանակը բավարար չէ, կամ չարաշահվում է հավելանյութերի չափաբաժինը: Հիպերկալցեմիա կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ պարաթիրոիդ գեղձը վատ է գործում: Արյան մեջ կալցիումի մակարդակը հեշտ է հայտնաբերել: Այն կարելի է պարզել արյան սովորական լաբորատոր հետազոտության միջոցով: Արյան մեջ կալցիումի միջին մակարդակը կարող է որևէ ախտանշան չունենալ, բայց բարձր մակարդակը կարող է առաջացնել՝

  • ցավ որովայնում,
  • ծարավի ուժեղ զգացում, 
  • ոսկրային ցավեր, 
  • մկանային թուլություն,
  • qարեր երիկամներում:

Հիպերկալցեմիայի ախտանշանները սովորականից զատ կարող են ներառել նաև՝

  • հաճախամիզություն, 
  • փորկապություն,
  • մոռացկոտություն,
  • դեպրեսիա,
  • ցավ մկաններում:

Որո՞նք են հիպերկալցեմիայի պատճառները

Հիպերկալցեմիայի առաջացման պատճառները շատ են, ներառյալ տարատեսակ հիվանդությունները, դեղամիջոցները, նույնիսկ՝ ջրազրկումը, սակայն գլխավոր պատճառներն են՝ 

Գերակտիվ պարաթիրոիդ գեղձը

Գերակտիվ պարաթիրոիդ գեղձը նշանակում է, որ օրգանիզմի կողմից արտադրվող պարաթիրոիդ հորմոնի ավելցուկ կա, ինչը հանգեցնում է արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացմանը: Եթե կալցիումի մակարդակը բարձրանում է վերոնշյալ պատճառով, ապա դա նշանակում է, որ կալցիումը գալիս է ոսկորներից, ինչը նպաստում է, որ դրանք հեշտ կոտրվեն:

Հավելումներ և անտացիդ (թթվամարիչ)  հաբեր

Երբ կալցիումի քանակությունը չարաշահվում է կալցիումի հավելումների կամ կալցիումի հիմքով անտացիդ հաբերի միջոցով, ապա դա նույնպես կարող է հանգեցնել հիպերկալցեմիայի:
Բժիշկները հորդորում են շատ ուշադիր լինել կալցիումով հարուստ անտացիդ հաբեր օգտագործելուց: Դրանց հազվադեպ ընդունումը վնաակար չէ, բայց եթե դրանք  օգտագործում եք շաբաթական երկու կամ ավելի անգամներ, ապա անպայման բժշկին տեղեկցրեք այդ մասին:

Քաղցկեղ

Շատ մարդիկ վախ են ունենում, թե իրենց կացիումի բարձր մակարդակը կարող է քաղցկեղի հետևանքով լինել: Երբ արյան մեջ կալցիումը քանակը հանկարծակի բարձրանում է և հասնում 12-15 մգ, ապա դա իսկապես կարող է քաղցկեղի առաջին նշաններից լինել: Սակայն սա հաճախ հանդիպող պատճառներից չէ: Պետք է խուճապի չմատնվել և դիմել բժշկի:

Կալցիումի առողջ մակարդակի պահպանումը

Կալցիումի առողջ մակարդակ պահելու համար հարկավոր է սննդի մեջ ներառել կալցիումով հարուստ մթերքներ: Այն մարդիկ, ովքեր կաթից ալերգիա ունեն կամ սննդային այլ սահմանափակումներ, կարող են երբեմն կալցիումային հավելումներ օգտագործել՝ չչարաշահելով դրանք:
50 տարեկանից ցածր կանանց խորհուրդ է տրվում օրական 1000 մգ կալցիում ստանալ, իսկ դաշտանադադարից հետո՝ օրական 1200 մգ: 70 տարեկանից ցածր տղամարդկանց համար առաջարկվում է կալցիումի օրական 1000 մգ չափաբաժին,  70 տարեկանից բարձր տղամարդկանց համար՝ 1200 մգ:
 


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

Աղբյուրը՝ Doctors.am