«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ս․թ․ մարտի 5-6-ը կհյուրընկալի մանկական օրթոպեդիայի ոլորտի առաջատար միջազգային մասնագետների Իսրայելից և ԱՄՆ-ից։ Մասնագիտական այցի շրջանակում մարտի 6-ին հիվանդանոցում տեղի կունենա «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» խորագրով կրեդիտավորված գիտաժողովը՝ 6 ՇՄԶ կրեդիտ։ 

Գիտաժողովին կմասնակցեն մանկական օրթոպեդներ Մարկ Էյդելմանը (Իսրայել), Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ) և Վաչե Համբարձումյանը (ԱՄՆ)․ խոսնակներն իրենց ելույթներում կներկայացնեն մանկական օրթոպեդիայի միջազգային ժամանակակից փորձը և կլինիկական մոտեցումները։ 

«Գործընկերների այցը և այս գիտաժողովը մեզ համար կարևոր հարթակ է տեղական փորձը միջազգային առաջատար մոտեցումների հետ համադրելու համար։ «Ուիգմոր»-ի կայուն առաջնահերթություններից է Հայաստանում օրթոպեդիայի ոլորտի շարունակական զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում մասնագիտական բաց երկխոսության ձևավորումը», — նշում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։

Հիվանդանոցից հայտնում են, որ գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մանկական օրթոպեդիայի մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝

  • երեխաների վերջույթների դեֆորմացիաների շտկման համար թվային հավելվածների կիրառումը,
  • ազդրոսկրի վզիկի երկարացման և Մորշերի ոսկրահատման մեթոդները,
  • վերջույթի երկարության տարբերության և վերջույթների դեֆորմացիաների վերլուծությունները,
  • շյուղերի և ձողերի անցկացման տեխնիկաները,
  • «57-ի կանոնը» մանկական օրթոպեդիայում։

«Միջազգային մասնագետների մասնակցությամբ նման գիտաժողովները նպաստում են Հայաստանում մանկական օրթոպեդիայի զարգացմանը, մասնագիտական համայնքի ամրապնդմանը և ժամանակակից մասնագիտական գիտելիքի տարածմանը», - նշում է Հայաստանի մանկական օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանը։ 

Նրա խոսքով՝ հենց միջազգային համագործակցությունների շնորհիվ է ձևավորվում առաջատար մասնագետների հետ միասին բարդ կլինիկական դեպքերը քննարկելու և երեխաների համար լավագույն լուծումներ գտնելու հնարավորությունը։ 

Իր հերթին Վ․Յավրյանն էլ ընդգծում է, որ մանկական օրթոպեդիան մշտապես զարգացող յուրահատուկ ոլորտ է, և տարբեր երկրների մասնագետների միջև փորձի փոխանակումը կարևոր դեր ունի Հայաստանում բուժման արդյունավետ մեթոդների ներդրման գործում։

«Այսօր մեր առաջնահերթություններից է «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի թիմի շարունակական մասնագիտացումը և ընդլայնումը՝ միավորելով փորձառու մասնագետներին, աշխարհի նոր տեխնոլոգիական միտումներն ու միջազգային համագործակցությունների հնարավորությունները», - նշում է բժիշկ Յավրյանը։

«Մանկական օրթոպեդիան գործնականում» գիտաժողովը նախատեսված է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանների համար։ Մասնակցությունն անվճար է, գիտաժողովի մասնակիներին տրվում է 6 ՇՄԶ կրեդիտ։

Գիտաժողովը կանցկացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում (ք. Երևան, Ներսիսյան 10/7)։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ 

Գիտաժողովին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝

???? https://forms.gle/pARNd8fEziaKPQtX9