Հազը բնական ռեֆլեքս է, որը նպաստում է շնչուղիների մաքրմանը լորձից, ալերգեններից կամ աղտոտիչներից: Թեպետ երբեմն հազալը բնական է, մշտական հազը կարող է խանգարել առօրյան և քունը: Հազի արդյունավետ կառավարումը կախված է դրա պատճառի բացահայտումից՝ լինի դա մրսածություն, ալերգիա, թե այլ հիվանդություն:
Բուժման միջոցներ և մոտեցումներ
Ահա մի քանի միջոցներ, որոնց օգնությանը կարելի է դիմել, եթե ձեզ անհանգստացնում է հազը։
Մեղրը նվազեցնում է գրգռվածությունը և հանգստացնում հազը: Այն նաև թույլ հակաբակտերիալ հատկություններ ունի: Մինչ քնելը վերցրեք մի գդալ մեղր: Խառնեք մեղրը թեյի կամ տաք ջրի հետ կիտրոնով՝ հավելյալ օգուտ ստանալու համար:
Կոճապղպեղը բնական հակաբորբոքային և հակամիկրոբային հատկություններ ունի: Այն կարող է հանգստացնել շնչուղիների մկանները և նվազեցնել հազը: Պատրաստեք թարմ կոճապղպեղի թեյ՝ եռացնելով կոճապղպեղի կտորները ջրի մեջ և ավելացնելով մեղր՝ համի համար: Օգտագործեք թարմ կամ փոշիացված կոճապղպեղը կերակրատեսակներում կամ հյութերում:
Պաստեղները, հատկապես մենթոլ պարունակողները, ժամանակավորապես հանգստացնում են կոկորդը՝ թեթևացնելով հազը: Օգտագործեք ըստ ցուցումների՝ խուսափելով չափից շատ օգտագործումից:
Հեղուկներ խմելը օգնում է նոսրացնել լորձը, ինչը հեշտացնում է դրա դուրս գալը օրգանիզմից: Այն նաև խոնավացնում է կոկորդը՝ նվազեցնելով գրգռվածությունը: Խմեք տաք հեղուկներ, ինչպիսիք են թեյը, արգանակը կամ տաք ջուրը կիտրոնով:
Խուսափեք չորացնող ըմպելիքներից, ինչպիսիք են կոֆեինն ու ալկոհոլը:
Օդի խոնավեցումը կանխում է կոկորդի և օդուղիների չորությունը, ինչը կարող է նվազեցնել հազի ուժգնությունը:
Խուսափեք գրգռիչներից, ինղչպիսիք են ծուխը, փոշին, ուժեղ բույրերը և օդի աղտոտվածությունը։ Դրանք կարող են վատթարացնել հազը: Օգտագործեք օդը մաքրող սարքեր՝ մաքուր օդ ապահովելու համար: Խուսափեք ծխելուց կամ ծխախոտի ծխի ազդեցությունից:
Խուսափեք դժվարամարս ուտելիքից մինչև քնելը: Բարձացրեք մահճակալի գլխային մասը։ Սահմանափակեք թթվային մթերքների և ըմպելիքների օգտագործումը:
Հակահիստամիններ, դեկոնգեստանտներ կամ հազը դադարեցնող դեղամիջոցներ կարող են ժամանակավոր թեթևացում առաջացնել: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, հատկապես, եթե ունեք քրոնիկական հիվանդություններ:
Երբ դիմել բժշկի
- Եթե հազը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ կամ վատթարանում է:
- Եթե առկա են հետևյալ լուրջ ախտանիշները․
- բարձր ջերմություն,
- շնչառության դժվարություն,
- կրծքավանդակի ցավ,
- լորձում արյան առկայություն:
Երկարատև հազը կարող է լինել ասթմայի, բրոնխիտի կամ այլ ավելի լուրջ հիվանդությունների նշան:



