Երևանի փողոցների տարբեր հատվածներում հաճախ կտեսնենք ոչ միայն մասնագիտացված դաջվածքի, այլև գեղեցկության սրահներ, որտեղ առաջարկվում են նոր գաղափաներ՝ գրավիչ դաջվածքներ անելու համար: Զուգահեռաբար գովազդի պաստառները նկատելուց բացի, հարկավոր լինել տեղեկացված՝ թե ի՞նչ խնդիրների կարող եք բախվել դաջվածքներ անելիս և դրանից հետո: Doctors.am-ը զրուցել է մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանի հետ:

 

Դաջվածքը մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում է: Հատուկ ասեղի օգնությամբ 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որը մնում է այնտեղ: Դաջվածքների համար նախատեսված ներկերը կարող են վնասակար լինել, երբեմն ալերգիաների առաջացման պատճառ դառնալ:


Հակացուցված է

Դաջվածքը հակացուցված է ինչպես անչափահասներին, հղիներին և  քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, շաքարային դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով, մաշկային և արյան խնդիրներ ունեցող  մարդկանց: Ըստ մաշկաբանի՝ խորհուրդ չի տրվում դաջվածք անել դաշտանային ցիլկի մեջ գտնվողներին, արյան մակարդելիության խնդիր ունեցողներին, մաշկային նորագոյացությունների և էպիլեպսիայի դեպքում:


Այն համարվում է բաց վերք և մշակելու համար պահանջվում է հատուկ  ուշադրություն, քանի որ սխալ խնամելու դեպքում կարող է վարակ անցնել: Դաջվածք անելու առաջին շաբաթը համարվում է դաջվածքի ապաքինման փուլ: Անհրաժեշտ է հետևել մասնագետի ցուցումներին, հարկ եղած դեպքում դիմել մաշկաբանի:Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ անգամ արևի ճառագայթներից:
Ցավը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընդհատել գործընթացը և խորը շունչ քաշել և հետևել դաջվածքի հմուտ մասնագետի խորհուրդներին:

Պետք է ուշադրություն դարձնել

Դաջվածք անելիս մասնագետը պետք է օգտագործի բոլորովին նոր պարագաներ՝ ասեղներ, ձեռնոցներ, ներկեր: Վարակները կարող են փոխանցվել թանաքի միջոցով ևս:
Սանիտարական վատթար պայմանները կարող են դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ՝ հեպատիտ A, B, C, սնկային  հիվանդությունների հարուցիչներ և այլն: Մաշկաբան-վեներոլոգի խոսքով՝ անչափահասների մոտ հինայից առաջանում է կոնտակտային մաշկաբորբ:

Մարմնի ո՞ր հատվածները կարող են ավելի շատ ցավել դաջվածքի ժամանակ

Մարմնի տարբեր հատվածներում դաջվածք անելիս կարող են ցավեր առաջանալ, հատկապես ՝

  • Ճակատին

  • Պարանոցի հատվածում

  • Կողոսկրերի շրջանում

  • Ձեռքերի ու մատների շրջանում

  • Կոճերին

  • Ոտքերի վերևի հատվածում

Ինչպե՞ս խնամել դաջվածքը


Անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն, որոնք կօգնեն դաջվածքը ճիշտ խնամելու համար:«Քանի որ օտարածին նյութեր են անցնում մաշկի տակ, հնարավոր է ալերգիկ ռեակցիաներ առաջանան: Դաջվածք անելուց հետո մի քանի օր խորհուրդ չի տրվում լվանալ տվյալ հատվածը»,- նշում է Սահակ Հակոբյանը:

Հիշեք, որ դաջվածքը բաց վերք է և յուրաքանչյուր բակտերիա կարող է վնասել և դանդաղեցնել բուժման ընթացքը:

  • Դաջվածք անելուց մի քանի օր հետո մասնագետի կողմից առաջարկված մաքրող, նուրբ, սնուցվող օճառով լվացեք տվյալ հատվածը: Դուք պետք է խուսափեք այն օճառներից, որոնք կարող են գրգռել մաշկը:

  • Լվանալուց հետո մաքուր սրբիչով տվյալ հատվածը նրբորեն  չորացրեք:

  • Օգտագործեք միայն մասնագետի  կողմից նշանակված քսուքները

 Պետք է հիշել մի կարևոր պայման, որ դաջվածք անելն ավելի հեշտ է, քան այն հեռացնելը:
«Կատարվում է լազերային հեռացում, սակայն ամբողջությամբ դաջվածքը  հեռացնելու համար անհրաժեշտ է գործընթացը կրկնել մի քանի անգամ»,-ավելացնում է մաշկաբանը: Այդ պատճառով դաջվածք անել ցանկացողներին խորհուրդ է տրվում ճիշտ որոշում կայացնել:
 


Աղբյուր՝Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան