Առողջության պահպանման եւ կյանքի տեւողության երկարացման նոր մեթոդներից է համարվում բիոհաքինգը, որի հետեւորդները նպատակ ունեն ապրել մինչեւ 120 տարի: Բիոհաքինգի գաղափարը ծնվել է ԱՄՆ-ում եւ շատ արագ տարածում գտել հատկապես մեծ կարողության տեր մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ոչ միայն ավելի երկար ապրել, այլեւ ավելի առողջ:

Իսկ ի՞նչ սկզբունքների են հետեւում բիոհաքերներն իրենց կյանքի տեւողությունը երկարացնելու համար:

Բիոհաքերները մշտապես կառավարում են բոլոր վիտամինների եւ միկրոէլեմենտների մակարդակն օրգանիզմում: Անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ստանալ միայն սննդի միջոցով հնարավոր չէ, ուստի կարիք կլինի վիտամինային դեղահաբերի: Արյան քննությունը ցույց կտա, թե ինչ քանակի վիտամինային կոմպլեքս է անհրաժեշտ տվյալ մարդուն:

Պետք է հրաժարվել նաեւ սուրճից եւ թեյից: Դրանց մեջ պարունակվող տանինը խանգարում է վիտամինների եւ միկրոէլեմենտների յուրացմանը:

Մեկ այլ կարեւոր հետազոտություն է գենետիկ հետազոտությունը, որը թույլ է տալիս գնահատել մի շարք հիվանդությունների ռիսկը՝ քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, թրոմբոզ, շաքարային դիաբետ, եւ պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել:

Բիոիմպեդանս քննությունը թույլ է տալիս գնահատել օրգանիզմում ճարպային եւ մկանային հյուսվածքների հարաբերակցությունը: Եթե մկանային զանգվածը քիչ է, իսկ ճարպայինը՝ շատ, ապա պետք է հրաժարվել քաղցրից, անգամ՝ մրգերից, դրա փոխարեն շատ սպիտակուց օգտագործել: Սպիտակուցի դեֆիցիտը օրգանիզմը լրացնում է մկանային զանգվածի հաշվին: Եվ, իհարկե, պետք է զբաղվել ֆիզիկական վարժություններով:

Սպորտով ցանկալի է զբաղվել օրվա երկրորդ կեսին՝ 16.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ առավոտյան վազքի մասին մոռացեք. դա կրճատում է կյանքի տեւողությունը: Օրգանիզմը պատրաստ է ֆիզիկական ակտիվության արթնանալուց երեք ժամ անց միայն: Սպորտով զբաղվել պետք է ոչ թե շաբաթական երկու կամ երեք օր, այլ ամեն օր՝ քիչ ժամանակով: 

Շարժումը կյանք է, եւ խոսքը միայն ֆիզիկական շարժման մասին չէ, այլ նաեւ մտավոր: 2015 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ բարձրագույն կրթություն ունեցող եւ չունեցող մարդկանց կյանքի տեւողության տարբերությունը կազմում է 17,5 տարի տղամարդկանց համար եւ 14,5 տարի կանանց համար: Կրթության բացն ավելի հասուն տարիքում վերականգնելը կնպաստի մտավոր աշխատանքի ավելացմանը: 

Ինչ վերաբերվում է սննդին, ապա պետք է կրճատել չափաբաժինները, յուրաքանչյուր օր ուտել 500 գրամից ոչ պակաս բանջարեղեն (բացառել կարտոֆիլը), 3 չափաբաժին ոչ քաղցր մրգեր, շաբաթական երեք անգամ ուտել յուղոտ ձուկ եւ ընկուզեղեն, ավոկադո, սունկ, դառը շոկոլադ կամ ծովամթերք: Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սնունդը (կարտոֆիլի խյուս կամ տապակած կարտոֆիլ, սպիտակ բրինձ) փոխարինել հնդկաձավարով, լոբազգիներով: 


Աղբյուրը՝ AIF Health