Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուի պաշտոնական շնորհանդեսը։ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծած հրատարակությունն ընդգրկում է 371 գործելակարգ՝ 25 մասնագիտացմամբ, և ներկայացվում է որպես գործնական ուղեցույց, որը միավորում է ապացուցողական բժշկությունն ու պացիենտակենտրոն մոտեցումը։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացված տվյալների համաձայն՝ ժողովածուն մշակվել է միջազգային ուղեցույցների հիման վրա, հարմարեցվել Հայաստանի առողջապահական համակարգին։ Նախաձեռնության հեղինակները այն դիտարկում են որպես կիրառելի հենք՝ բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման համար։
Առաջին հատորից՝ մինչև եռահատոր գործնական համակարգ
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց, որ գործելակարգերը կազմվել են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա՝ բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ՝ միաժամանակ հարմարեցված լինելով տեղական համակարգի պայմաններին։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2022 թ․-ին ներկայացվել էր ժողովածուի առաջին հատորը, որն ընդգրկում էր 137 գործելակարգ։ Այսօրվա եռահատոր ձևաչափը զգալիորեն ընդլայնում է թեմատիկ ընդգրկումը, սակայն, ինչպես շեշտեց Ալթունյանը, նախաձեռնության իրական արժեքը միայն ծավալը չէ, այլ դրա գաղափարական առանցքը՝ պացիենտը։

«Ամեն ինչ արվում է պացիենտակենտրոն համակարգ ձևավորելու համար։ Կարևոր է ապահովել պացիենտի վստահությունը բժշկի նկատմամբ։ Այսօր պացիենտները հաճախ բժշկի են դիմում՝ արդեն ունենալով արհեստական բանականության միջոցով ստացված տեղեկատվություն, որը հիմնականում հիմնված է միջազգային ուղեցույցների վրա։ Եթե բժիշկը խոսում է նույն մասնագիտական լեզվով, ձևավորվում է վստահություն, իսկ վստահությունը նշանակում է պացիենտի ներգրավվածություն բուժման գործընթացում, ինչը համարվում է բուժման հաջողության կարևորագույն բաղադրիչ»,-ասաց Լևոն Ալթունյանը։
Տեղայնացված և կիրառելի ուղեցույցներ Նախագծի հեղինակները հատուկ շեշտադրում են, որ խոսքը միջազգային փաստաթղթերի մեխանիկական թարգմանության մասին չէ։ Ժողովածուի նյութերն ընտրվել և մշակվել են՝ հաշվի առնելով Հայաստանում առօրյա կլինիկական աշխատանքը, տեղական փորձառությունը և գործնական կարիքները։
Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումը իրականացվել են «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։

«Ընտրվել են առավել արդիական և բժիշկներին հուզող հիվանդությունները, ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը համադրվել է տեղական փորձառության հետ։ Արդյունքում ստեղծվել են փաստաթղթեր, որոնք զուտ թարգմանություն չեն, այլ տեղայնացված, փորձով հարստացված և կիրառելի ուղեցույցներ»,- ասաց Հարություն Մանգոյանը։
Կենտրոնում՝ բժշկի առօրյա պրակտիկան
Մասնագիտական գերազանցության կենտրոնի փոխտնօրեն, մանկաբույժ Թաթուլ Գևորգյանի խոսքով՝ ժողովածուն կազմվել է առօրյա պրակտիկայի և փորձի համադրությամբ։ Ընդգրկվել են այն ախտորոշումներն ու թեմաները, որոնք առավել հաճախ են հանդիպում բժիշկների մասնագիտական գործունեության ընթացքում։
Այս մոտեցումը, ըստ նախաձեռնության մասնակիցների, ժողովածուն դարձնում է առավել կիրառելի ինչպես նեղ մասնագետների, այնպես էլ առաջնային օղակի բժիշկների համար։
Գիտական խորհրդի դիտարկումներով և հաստատմամբ
Նախագծի կարևորությունը հաշվի առնելով՝ «Վարդանանց» կենտրոնը դիմել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի գիտական խորհրդին։ Խորհրդի առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին և խորհրդի նախագահին՝ դրական կարծիքի և հաստատման համար։

«Սեղանի գիրք»՝ հատկապես ընտանեկան բժշկի համար
Շնորհանդեսի հյուրերից ՀՀ ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը կարևորել է ժողովածուի գործնական նշանակությունը՝ այն բնութագրելով որպես բժշկի «օգնական» և խորհուրդ տալով ունենալ որպես սեղանի գիրք։
Թվայնացում, տարեկան թարմացում և 2027-ի կրթական ծրագրեր
Գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին, ինչը պետք է նպաստի դրանց ավելի լայն հասանելիությանը և առօրյա կիրառմանը բժշկական պրակտիկայում։
Նախագծի հեղինակների խոսքով՝ այս աշխատանքը շարունակական է․ գործելակարգերը նախատեսվում է թարմացնել ամեն տարի, իսկ դրանց ընդհանուր թիվը հասցնել մոտ 700-ի՝ ապահովելով ավելի լայն մասնագիտական ընդգրկում։ Ի հավելումն, 2027 թ․-ին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է կրթական ծրագրերը առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։




