«Ինձ Թուրքիայում իմ գրքերով են ճանաչում: Թուրքիայի բժիշկների հարյուրից յոթանասունհինգը ինձ ճանաչում է անունով. երեք գրքերի հեղինակ եմ, որոնք վերաբերում են ախտաճանաչմանը, բուժմանը և բժշկության մեջ առաջին քայլերն անելուն». ահա այսպես է ներկայացնում իրեն պոլսահայ բժիշկ Վահե Ալեքսանյանը:



1992 թվականից Վահե Ալեքսանյանի գրքերով են դասավանդել Թուրքիայի Բժշկական համալսարանում: Ախտորոշման, բուժման և բժշկության մեջ առաջին քայլերն անելու մասին գրքերը, երկուսից երեք տարին մեկ վերատպվում են և մեծ պահանջարկ ունեն Թուրքիայում:

Բժիշկ Ալեքսանյանը ներքին հիվանդությունների մասնագետ է.«1950-ականներին Թուրքիայում երիկամի կամ սրտի հիվանդույթունների մասնագետներ չկային, մենք համարվում էինք ներքին հիվանդությունների մասնագետներ»:

Բժիշկն առաջին անգամ Հայաստան է եկել 2000 թվականին. «Շատ էի ցանկանում Հայաստանը տեսնել, հատկապես  Թուրքիայում ապրողների համար՝ Հայաստան գալը շատ կարևոր է, սակայն բավական զարմացած էի. մեքենաների մեջ վարորդները և ուղևորները ծխախոտ էին ծխում, ոչ ոք ամրագոտի չէր կապում: Բայց հիմա էլ հաճելիորեն զարմացած եմ. ամեն ինչ կարգ ու կանոնով, մաքուր և գեղեցիկ է: Շատ փոխված տեսա Երևանը: Երկիրը առաջ է գնացել: Եվ ուրախ եմ այդ տարբերությունների համար»:
Բժիշկը երկրորդ անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի հետ: Արդեն հասցրել են մի քանի տեսարժան վայրերում լինել, բայց դեռ կան տեղեր, ուր նախատեսում են գնալ:

Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիքն էլ այն վայրերից մեկն էր, որ բժիշկ Ալեքսանյանը  ցանկանում էր տեսնել.«Այս կլինիկան տեսնելու մեծ ցանկություն ունեի: Նախորդ տարի չկարողացանք ներկա գտնվել բացմանը: Հիմա տեսածս սպասածիցս ավելի լավ է: Բարձր մակարդակով հիվանդանոց է՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած: Ես կարծում էի՝ միայն ողնաշարի հիվանդությունների մասնագիտացված կլինիկա  է, բայց, փաստորեն, երեխեների բաժանմունք էլ է գործում:
Ի վերջո, ինն ամսվա մեջ 72 օտարերկրացի հիվանդ է հաճախել Ուիգմոր: Հեշտ  չէ: Այսպիսի հիվանանոցներ հաճախելու համար մարդիկ ստիպված են լինում այլ երկրներ գնալ: Հրաշալի է, որ Հայաստանում կա նման կենտրոն»:

Մասնագիտական ձեռքբերումների մասին խոսելիս, բժիշկը հպարտությամբ է հիշում, որ դեռ 1955-ին՝ սեփական հիվանդանոցը հիմնելուն պես, հիվանդի կանոնավոր դոսյեներ(փաստաթղթեր) էին կազմում. «Յուրաքանչյուր հիվանդ (մենք ունեցել ենք մոտ 50 հազար հիվանդ) իր թիվն ուներ, մանրամասն ներկայացված էր հիվանդության պատմությունը, բուժման ընթացքը: 30-40 տարի առաջ էր, բայց մենք այդ ժամանակ էլ  շատ կանոնավոր էինք աշխատում»:

Բժիշկ Ալեքսանյանի խոսքով մասնագիտական գործունեության ընթացքում հայ լինելը չի խանգարել. «Թուրքիայում անձի դեմ ոչինչ չկա: Կարող ես անել այն աշխատանքը, որը ցանկանում ես: Դու պարզապես պետք է ավելի ուշադիր լինես: Այսօր Ստամբուլում 60 հազար հայ է ապրում: Երեսուներեք եկեղեցի ունենք: Անգամ Երևանում այսքան եկեղեցիներ չկան: Կիրակի օրերին երեսուներեք եկեղեցիներն էլ աշխատում են: Ունենք տասներկու դպրոց, երկու որբանոց, մեկ հիվանդանոց: Եվ այս ամենը մեր՝ հայերի միջոցներով է պահվում: Շատ քիչ աջակցություն ենք ստանում պետությունից»:
94-ամյա բժիշկը ազատ ժամանակ բժշկական, պատմական գրքեր է կարդում, առավոտյան 3-4 կմ քայլում  ծովեզերքով, ապա նախաճաշում:

Դեռ 8 տարի առաջ բժիշկ Ալեքսանյանը հիվանդներ էր ընդունում: Հիմա հիվանդները խնդիրներ ունենալու դեպքում զանգում են բժշկին, ուղղում իրենց հուզող հարցերը:
Թեև ցանկությունը մեծ է Հայաստանում մնալու, բայց բժիշկը պատրաստվում է մեկնել հաջորդ շաբաթ:


Աղբյուր՝  Doctors.am