Մարզման և մերսման ինչպիսի՞ նոր տարրեր պետք է մտցնել առաջին տարվա վերջում Երեխայի շարժումները ավելի կատարյալ, ավելի բարդ ու կտրուկ են դառնում: Նա ոչ միայն կանգնում է, երբ բռնում եք ձեռքերը, այլև պառկած դիրքից ինքնուրույն նստում է, պառկում նստած դիրքից, 10 ամսական երեխան բռնած քայլում է շարժվող ինչ-որ բանի, օրինակ` սայլակի հետևից, 11 ամսականում կանգնում է առանց հենարանի, մի ձեռքից բռնելիս քայլում է, փորձում առաջին ինքնուրույն քայլերը կատարել, 12 ամսում սկսում է ինքնուրույն քայլել, առանց հենարանի կանգնել, կարող է նստել ու վեր կենալ, իրերը բարձրացնել:
Դրա հետ կապված բարդանում է նաև մարզական վարժությունների համախումբը, որոշ վարժություններ կատարվում են ուղղաձիգ ելման դիրքից, ընդ որում երեխան կարող է դրանք անել մեծահասակի ցուցումով: Այս համախմբի վարժությունները կատարելիս արդյունավետությունը մեծացնելու համար օգտագործում են հասարակ լրացուցիչ միջոցներ (օղակներ, ձողիկներ):
Ստորև բերված է մեկ տարեկան երեխաների համար հանձնարարելի վարժությունների համախումբ:
1. Ոտքի կանգնելը
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա, ձեռքերին օղակներ տվեք և ինքներդ էլ բռնեք դրանցից:
Կատարումը- բարձրացնելով օղակներից` ստիպեք երեխային հենվել ծնկների վրա և բարձրանալ ներբաններին:
Կրկնեք 1-2 անգամ:
Նպատակը` ամրացնել ուսագոտու, ոտքերի և իրանի մկանները:
2. Իրանի թեքում և ուղղում
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-երեխան կանգնած է` հենվելով մեծահասակի վրա, ոտքերի մոտ խաղալիք է դրված, որը հարմար է բռնել: Դուք աջ ձեռքով բռնում եք երեխայի ծնկներից, որ նրանք չծալվեն, իսկ ձախով պահում եք նրան փորիկից:
Կատարումը- << Վերցրու, վերցրու >> բառերով հորդորեք նրան թեքվել առաջ: Խաղալիքը վերցնելով` նա նորից ուղղվում է:
Կրկնեք 2-3 անգամ:
Նպատակը` ուժեղացնել թիկունքի և որովայնի մկանները, զարգացնել ամբողջ մկանների համաձայնեցված աշխատանքը:
3. Նստեցնելը
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-Փոքրիկին պառկեցրեք մեջքի վրա, ձեռքերով բռնեք նրա ծնկներից:
Կատարումը- << Նստիր, նստիր >> բառերը կրկնելով և ցույց տալով խաղալիքը` հորդորեք նրան նստել:
Կրկնեք 2-3 անգամ:
Նպատակը` ամրացնել որովայնի և մեջքի մկանները, սովորեցնել ինքնուրույն նստել:
4. Ձեռքերի ծալում և ուղղում
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-Երեխային նստեցրեք դեմքով դեպի Ձեզ և ձեռքերին օղակներ տվեք:
Կատարումը- Բռնելով օղակներից` հերթականությամբ ծալեք և ուղղեք երեխայի ձեռքերը` ուսահոդում և արմնկահոդում:
Կրկնեք 6-8 անգամ:
Նպատակը` ամրացնել իրանի, ոտքերի, ձեռքերի և ուսագոտու մկանները:
5. Կքանիստ
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-նույնն է:
Կատարումը-բռնելով օղակներից և ասելով` << Նստիր, նստիր >>, իսկ հետո` <<Կանգնիր>> հորդորեք երեխային կքանիստ անել ու վեր կենալ:
Կրկնեք 2-3 անգամ:
Նպատակը` ամրացնել իրանի, ոտքերի, ձեռքերի և ուսագոտու մկանները:
6. Քայլք մանկասայլակի հետևից
(վարժությունը ակտիվ է)
Ելման դրությունը-երեխան երկու ձեռքով բռնում է սայլակից:
Կատարումը-հրելով սայլակը` քայլում է նրա հետևից: Վարժության տևողությունը 1-2 րոպե:
Նպատակը` զարգացնել ինքնուրույն քայլելու հմտություն:
Պարապմունքների ընդհանուր տևողությունը` 10-12 րոպե:
Կերակրման առանձնահատկությունները
Այս հասակում երեխան կարող է ուտել մեծերի կերակուրներից, բացի կծու, աղի սննդի տեսակներից: Դրա համար փոքրիկի բաժինը պետք է առանձնացնել` ընդհանուր սննդի մեջ պղպեղ, աղ կամ համեմունքներ ավելացնելուց առաջ: Փոքրիկը սիրում է ձեռքերով ուտել, բայց միաժամանակ փորձում է նմանվել մեծերին` փորձելով գդալ օգտագործել: Գդալով ուտելու մի քանի անհաջող փորձերից հետո նա կրկին դիմում է ձեռքերի օգնությանը, բայց համբերությամբ սովորեցրեք ուտել գդալով:
Մանկական բաժակից երեխան խմում է առանց կողմնակի օգնության, սովորական բաժակը բռնելը կամնրանից խմելը կարող է բարդ լինել: 2 տարեկանից փոքրիկին կարելի է հեղուկ սեր տալ, բայց միայն այն դեպքում, երբ նա սնվում է բազմազան ու լիարժեք սննդով:
Հաճախ երեխաները դժգոհությամբ են բաժանվում կաթի շշից: Եթե նա չի ուզում բաժանվել կաթի շշից, ուրեմն պետք է պակասեցնել դրանով նրան կերակրելը` խրախուսելով բաժակից խմելու նրա փորձերը, իսկ շշով կարելի է կերակրել միայն երկու կերակրումների արանքում կամ քնից առաջ:
Փոքրիկն արդեն ունի 4 կամ 5 ատամ: Եթե ատամները ծլելու ընթացքում երեխան անհանգիստ է, գրգռված, կարելի է նրան ատամների օղակ կամ մի կտոր մաքրած գազար տալ:
Վերաբերմունքը շրջապատի նկատմամբ
Տանը երեխան բավական ինքնավստահ է ու հանգիստ, բայց դեռ ծայրահեղ զգուշավոր է անծանոթների նկատմամբ ու նրանց ներկայությամբ շատ երկչոտ է: Այդ վարքագիծը պայմանավորված է ժառանգական հատկանիշներով, որոնք երեխան ժառանգել է ծնողներից: Բայց դա չի նշանակում, որ փոքրիկը կլինի ճիշտ այնպիսին ինչպիսին եղել են ծնողները նույն հասակում: Երկչոտությունը, կախված արտաքին հանգամանքներից ու դաստիարակությունից, կարող է պակասել, բայց լրիվ չի անցնում: Եթե ծնողները պարբերաբար գովեն երեխայի արարքները, նա չի մեծանա որպես անվճռական ու վախկոտ մարդ և քիչ կվախենա անծանոթ մարդկանցից:
Քիչ հավանական է, որ երեխայի վախկոտության պատճառը մեծերի և իր հասակակիցների հետ նրա պակաս հաղորդակցվելն է: Այդ հասակում երեխաները դեռևս չեն կարող բարեկամություն անել, դրան կվարժվեն 3 տարեկան հասակում: Չի կարելի դեպքերի ընթացքն արագացնել ու հարկադրել փոքրիկին ակտիվորեն խաղալ իր հասակակիցների հետ: Դա կարող է հասցնել հակառակ արդյունքի և ընդմիշտ վանել երեխաների հետ առնչվելու, խաղալու նրա ցանկությունը:
Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am