Ուլտրաձայնային հետազոտությունը անցավ, ինֆորմատիվ եւ անվտանգ մեթոդ է: ՈւՁՀ կարելի է կատարել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ անհատական ցանկությամբ: 

Ժամանակին արված սոնոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները՝ դրանց զարգացման վաղ փուլում, եւ նշանակել համապատասխան բուժում:

Փաստեր ՈՒՁՀ-ի մասին

1. Ուլտրաձայնային հետազոտությունն առաջին ագամ կիրառվել է անասնաբուժության մեջ:

2. Մարդուն ՈՒՁՀ առաջին անգամ արվել է 1942 թվականին, սակայն ներքին օրգանների պատկերը հաջողվել է ստանալ 1950-ականներին եւ միայն 1970-ականներին է ՈՒՁՀ-ն ամբողջությամբ սկսել կիրառվել բժշկության մեջ:

3. ՈՒՁՀ-ի ժամանակ պացիենտի մաշկը պատում են հատուկ գելով, քանի որ ուլտրաձայնն օդի միջոցով մարդու մարմին անցկացնելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով կարիք կա լրացուցիչ կոնտակտային քսայուղերի:

4. Ժելեանման գելերը միանգամայն անվնաս են եւ չեն առաջացնում ալերգիաներ:

5. Մինչեւ 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ՈՒՁՀ անցնել: Մամոգրաֆիան ցուցվում է 40 տարեկանից բարձր կանանց եւ այն դեպքում, երբ առկա է չարորակ նորագոյացություն:
Կրծքագեղձի ՈՒՁՀ-ն ճիշտ է կատարել ցիկլի 5-ից 10-րդ օրը:

6. Հղիության ընթացքում պարտադիր է կատարել երեք սքրինինգային հետազոտություն:

Առաջին ՈՒՁՀ-ն կատարվում է 11-14 շաբաթականում (հայտնաբերվում են քրոմոսոմային անոմալիաները):

Երկրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 20-22 շաբաթականում (պարզվում է պտղի օրգանոգենեզը):

Երրորդ ՈՒՁՀ-ն կատարվում է 30-31 շաբաթականում (գնահատվում է պտղի դիրքը, ընկերքի վիճակը և այլն):

Հարցեր ՈՒՁՀ-ի մասին

1. Որքա՞ն հաճախ է կարելի անցնել ուլտրաձայնային հետազոտություն:

ՈՒՁՀ-ի ժամանակ չի կիրառվում ճառագայթ: Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն, ուստի ՈՒՁՀ կարելի է անցնել այնքան, որքան ցուցված է կամ որքան պացիենտը ցանկանում է: Հակացուցումներ չկան:

2. Ինչպե՞ս է պետք պատրաստվել ՈՒՁՀ -ին:

ՈՒՁՀ-ին պետք է ներկայանալ քաղցած, չօգտագործել հեղուկ, ցանկալի է որպեսզի միզապարկը լինի լցված (փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ): Ցանկալի է նաեւ ՈՒՁՀ-ի նախորդ օրը երեկոյան ոչինչ չուտել կամ գոնե թեթեւ որեւէ բան ուտել, ինչպես նաեւ խուսափել գազեր առաջացնող մթերքից:

3. Ուլտրաձայնային հետազոտությունը կարո՞ղ է սխալվել:

ՈՒՁՀ-ի ժամանակ ճիշտ ախտորոշումը կախված է թե՛ մասնագետից, թե՛ սարքից: Սակայն լինում են դեպքեր, երբ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ հասկանալ խնդիրը, որովհետեւ շատ հաճախ ՈՒՁՀ-ն հանդիսանում է որպես «օգնող» միջոց:



Աղբյուրը՝ Doctors.am