Մայիսի 22-ից հունիսի 29-ը Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևանում կկայանան «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես – միջոցառումներ, որոնք կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն (World Vision) Հայաստանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում:

Ցուցահանդես-միջոցառումների նպատակն է տեղեկացնել երիտասարդ և ապագա ծնողներին կրծքով սնուցման, վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման և գրագետ խնամքի  սկզբունքների մասին և նպաստել երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի ձևավորմանը:

Ցուցահանդես-միջոցառումներին մասնակցելու են վերը նշված մարզերի բնակիչ ակտիվ ծնողներ, ուսանողներ, պաշտոնատար անձինք դպրոցներից, մանկապարտեզներից և բժշկական հաստատություններից:

Կյանքի առաջին 1000 օրերը` ներարգանդային կյանքի 9 ամիսը և  կյանքի առաջին 2 տարին, կանխորոշում են  մանկան առողջ ապագան: Այդ տարիներին աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի պարագայում: Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը և մինչև վեց ամիս բացառապես կրծքով սնուցումը, ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը, հնարավորինս երկար կրծքով կերակրումը վաղ մանկության զարգացման, մանկական հիվանդացության և մահացության իջեցման կարևորագույն նախադրյալներն են:


«Կարևոր է առաջին 1000 օրը» լուսանկարչական ցուցահանդես-միջոցառումը բաղկացած է երկու՝ իրար հաջորդող բաժիններից: Առաջինը ցուցահանդեսն է՝ կազմված երեք լուսանկարիչների՝ Էմմա Գրիգորյանի, Անի Կիրակոսյանի և Մարամ Ավայի աշխատանքներից, որոնք արվել են Երևանում և ՀՀ մի շարք գյուղերում: Լուսանկարներն ինչպես ուսուցողական են, այնպես էլ վավերագրական և գեղարվեստական. դրանք ներկայացնում են հղի կնոջ և մինչև երկու տարեկան երեխաների օրվա ռեժիմը, սնուցումն ու խնամքը: Պրոֆեսիոնալ լուսանկարների կողքին ցուցադրվելու են նաև «Լուսանկարիչ մայրիկ» խորագրով սիրողական լուսանկարների մրցույթի նախընտրական փուլն անցած 12 լուսանկարները: Այդ լուսանկարները համարակալված են. միջոցառման հյուրերը քվեարկելու են դրանց օգտին: Հաղթող լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսի օրը:

Երկրորդ բաժինը ներառում է ինտերակտիվ խաղեր, տեսաբացիկների դիտում, մշակութային համարներ, հարց ու պատասխաններ: Այս բաժնում ներառված տեղեկատվությունը՝ օգտակար խորհուրդներով և հստակ սահմանված ցուցումներով, նույնպես ընդգրկում է ներարգանդային կյանքի 9 ամիսը և կյանքի առաջին 2 տարին:

«Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի փետրվարին և կիրականացվի մինչև 2016 թվականի հունիսի վերջը:

 

                    


Սկզբնաղբյուր՝ Doctors.am 
21 Մայիսի, 2015