Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խմբեր` ավտորիտար, հանդուրժողական և ավտորիտատիվ:

Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը` լրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվող լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության արդյունքում տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերը:

Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Նման ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողը առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ,կարծում են թե ծնողները չեն հոգում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր և թերահավատությամբ են վերաբերվում նրանց:"Ժամանակակից" ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այս երևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային: Իհարկե, նման դեպքերում օգնության են գալիս դայակը, տատիկները կամ որևէ կրթական համալիր, բայց արդյունքում երեխան մնում է անտեսված, ունենում է ինքնավստահության պակաս, իսկ երբեմն էլ ցուցաբերում է հակասոցիալական վարքագիծ:

Երրորդ ոճը ավտորիտատիվն է:Նման ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետև կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը:Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ:

Սիրելի ծնողներ անկախ այն բանից, թե դուք դաստիարակության որ ոճը կնախընտրեք, աշխատեք, որ երբեք չվնասվի երեխայի շահերը և զգացմունքները:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am