Ընտանիքի անդամները շաբաթական որոշակի սահմանափակ ժամանակ ունեն միմյանց հետ անցկացնելու համար։ Ծնողներն աշխատում են, իսկ երեխաները զբաղված են դպրոցում, իրենց ընկերների հետ, մարզական խմբակներում և այլ արտադասարանական պարապմունքներում։ Սովորական աշխատանքային օրվա ընթացքում ընտանիքը երեկոյան՝ մինչև քնելը, կարող է ընդամենը մի երեք ժամ ունենալ երեխաների հետ միասին անցկացնելու համար։ Այս ժամանակը հաճախ ծախսվում է տնային աշխատանքների, առօրյա պարտականությունների կամ հեռուստացույց դիտելու վրա։

Բազմիցս ասվել է, որ կարևորը ոչ թե երեխայի հետ անցկացված ժամանակի քանակն է, այլ դրա որակը։ Թեպետ հնարավոր է համադրել աշխատանքը դաստիարակության հետ, էական է նաև գիտակցել, թե որքան կարևոր է նշանակալի դարձնել ծնողի և երեխայի համատեղ անցկացրած սահմանափակ ժամանակը։ Բայց օրվա մեջ միասին անցկացրած ընդամենը մի քանի՝ նույնիսկ շատ արժեքավոր րոպեները չեն կարող բավականացնել։

Ոչ ոք չի կարող հստակ սահմանել, թե քանի ժամ է անհրաժեշտ շաբաթական դաստիարակության համար։ Սակայն ակնհայտ է, որ ամեն օր հեռուստացույցի առաջ անցկացվող մեկ ժամը բավարար չէ։ Հիշեք, որ երեխայի հետ անցկացված ոչ բոլոր ժամերն են իսկապես արժեքավոր։ Ոչ մի ծնող էլ կատարյալ չէ այս հարցում։ Դուք երբեմն կարող եք կորցնել ժամանակը կազմակերպելու կարողությունը և համբերությունը։ Կարող եք ձեզ անընդունակ, անկարող կամ պարզապես հոգնած զգալ։

Թեպետ դուք գիտակցում եք, որ փոքրիկը պարզապես ուզում է ձեր կողքին լինել, ձեզ կարող է նյարդայնացնել, որ նա հետապնդում է ձեզ սենյակից սենյակ՝ անվերջ ոտքերի տակ ընկնելով։ Ձեզ կարող է զայրացնել, որ նա հանգիստ չի թողնում ձեզ նույնիսկ զուգարանում։ Երբեմն էլ, երբ պատրաստ եք իսկապես արժեքավոր ժամանակ անցկացնել ձեր երեխայի հետ, պարզվում է, որ նա խիստ զբաղված է և չունի ձեր կարիքը։

Մասնագետները ժամանակի կազմակերպումը ներկայացնում են շատ ավելի դյուրին, քան դա իրականում հնարավոր է կատարել։ Սակայն դա հնարավոր է, եթե հետևեք այդ ուղղությամբ և դառնաք ավելի կազմակերպված։ Արդյունքում ավելի շատ ժամանակ կկարողանաք հատկացնել ձեր երեխային։ Օգտագործեք այդ ժամանակը երեխայի հետ ընդհանուր հիշողությունների միջոցով ավելի սերտ կապ ձևավորելու համար։

Այդ դեպքում, երբ ձեր երեխան մեծանա և փորձի վերհիշել իր մանկության ամենից պայծառ դրվագները, ձեր գնած թանկարժեք սպորտային կոշիկները չէ, որ կմտաբերի, այլ երանությամբ կհիշի բացօթյա նախաճաշը կամ վրաններում անցկացրած գիշերը։

Ինչ կարող են անել ծնողները

  •  Ժամանակ հատկացրեք ձեր երեխային իսկապես ուշադիր նայելու համար։ Նկատե՛ք հիվանդության, էմոցիոնալ հուզվածության, քաշի ավելացման կամ կորստի, խնամքի պակասի կամ զարգացման փոփոխության հետ կապված նշանները։
  •  
  • - Ավելի շատ ժամանակ անցկացրեք՝ լսելով նրան։ Հարցրե՛ք ամեն ինչի մասին՝ սկսած այն բանից, թե ինչպես են գործերը դպրոցում, մինչև այն, թե որքանով են նրան դուր գալիս ձեր պատրաստած նախաճաշերը։
  • Եթե ձեր երեխան որևէ ճգնաժամի առջև հայտնվի, թողեք բոլոր գործերը և օգնություն առաջարկեք, խնդիրը միասին լուծելու պատրաստակամություն հայտնեք։ Թող երեխան հասկանա, որ ինքը ձեզ համար ավելի կարևոր է, քան ձեր աշխատանքը կամ որևէ այլ գործ։
  • Ծիծաղե՛ք միասին։ Թող երեխան սովորեցնի ձեզ նորից երեխա լինել և գնահատել թեթևամիտ կատակի կամ զվարճալի դիպվածի երգիծական արժեքը։
  • Աշխատե՛ք աշխարհին նայել ձեր երեխայի աչքերով։ Հիացե՛ք առաջին ձյունով կամ թավալվե՛ք աշնանային տերևների նոր հավաքած կույտի մեջ։
  • Ընտրե՛ք այնպիսի վարժություններ, որ կարող եք կատարել երեխայի հետ միասին։ Հեծանիվ քշեք, լողացեք, ձիավարեք կամ պարան խաղացեք միասին։
  • Ճաշը ընտանիքի համար հատուկ հանդիսության վերածեք։ Դիմադրե՛ք պատրաստի սննդի մոտակա կետերից երեկոյան օգտվելու գայթակղությանը։ Արգելե՛ք հերթով կամ հեռուստացույցի առաջ ուտելու փորձերը, և ճաշի սեղանի շուրջ անցկացրած ժամանակը օգտագործեք ընտանեկան զրույցների համար։
  • Գնումների գնալը վերածե՛ք անհոգ ընտանեկան էքսկուրսիաների։ Քննարկե՛ք միասին օրվա ճաշի ընտրությունը, դրա սննդարարությունը և գները։ Օրն ավարտեք՝ մի տեղ պաղպաղակ ուտելով։
  • Մեքենայով ճանապարհորդելիս ռադիո լսելու փոխարեն ժամանակն օգ-տագործեք զրույցների և քննարկումների համար։
  • Կողք կողքի աշխատեք առօրյա պարտականությունները կատարելիս։
  • Հրաժարվե՛ք երեկոյան կարևոր ժամերը նվիրել արտաժամյա աշխատանքին կամ ընկերների հետ հանդիպմանը։
  • Զգուշացե՛ք թվացյալ շփումից, սրանք այն ժամերն են, երբ ծնողն ու երեխան զբաղված են միևնույն գործով (օրինակ՝ հեռուստացույց են դիտում), սակայն իրականում չեն հաղորդակցվում մեկմեկու հետ։
  • Հիշե՛ք օրը ճիշտ սկսելու կարևորության մասին, որի մեջ մտնում է ոչ միայն լավ նախաճաշը, այլև ջերմ հրաժեշտը։ Միշտ միացե՛ք ձեր երեխաներին նախաճաշի ժամանակ, նույնիսկ եթե միայն սուրճ եք խմում։
  • Անջատեք հեռուստացույցը և որևէ խաղ խաղացեք։ Հեռուստացույց դիտելիս քննարկեք ծրագիրը։
  • Մտածե՛ք, թե ինչպես կարող եք ներգրավել երեխային ճաշ եփելու, այգում աշխատելու, ինչ-ինչ վերանորոգումների, նկուղը մաքրելու, դարակները կարգի բերելու կամ երեկույթին պատրաստվելու գործերին։
  • Մի՛ թաքցրեք երեխայից ձեր զգացմունքները։ Բացատրե՛ք նրան կանոնների անհրաժեշտությունը, պատժի և դժգոհության պատճառները։ Թույլ տվեք, որ երեխան հասկանա, որ ոչինչ չի կարող ազդել նրա հանդեպ ձեր սիրո վրա։ Լավ երեխաներն էլ երբեմն վատ բաներ են անում։
  • Համբուրե՛ք երեխային, գրկե՛ք նրան, թփթփացրեք մեջքին, սեղմե՛ք նրա ձեռքը։
  • Ամեն օր ասացե՛ք, որ սիրում եք նրան։



Նյութը՝ ''Ձեռնարկ ծնողների համար'' գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am