Ամեն կին ունի իրեն հատուկ ցավի շեմ, ցանկալի է, որ ծննդաբերեք առանց ցավազրկման, սակայն կարող եք դիմել նաև դրա օգնությանը: Քննարկեք Ձեր բժշկի կամ մանկաբարձի հետ, թե ցավազրկման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում տվյալ ծննդատանը: Հնարավոր է, որ Դուք ընդհանրապես հրաժարվեք դրանցից, բայց ավելի լավ կլինի նախօրօք պայմանավորվել, քանզի դժվար է կանխատեսել, թե դուք Ձեզ ինչպես կպահեք ծննդաբերության ժամանակ:
Հատուկ ցավային զոննաների (սրբոսկրի շրջան, որովայնի առաջնային պատ) մերսումը նպաստում է էնդորֆինների քանակի բարձրացմանը արյան մեջ: Էնդորֆինները օրգանիզմում արտադրվող նյութեր են, որոնք ցավազրկող հատկություններ ունեն: Ներկայումս ցավազրկման նպատակով կիրառվում են տարբեր դեղանյութեր` պրոմեդոլ, էնտոնոքս, պետիդին, ինչպես նաև էպիդուրալ ցավազրկում:
Էնտոնոքս
Էնտոնոքսը գազային խառնուրդ է, որը ծննդաբերը ներշնչում է ամեն կծկանքից առաջ: Ցավը նվազում է ուղեղի ցավային կենտրոնների ընկճման շնորհիվ: Ազդեցությունը պահպանվում է 30 վայրկյանի ընթացքում: Հարկավոր է նշել, որ որոշ կանանց մոտ նյութը առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ, բայց դա չի անդրադառնում երեխայի վրա:
Պետիդին
Պետիդինը ցավազրկող նյութ է` մորֆինի ածանցյալն է, որը ցավազրկման հետ մեկտեղ օգնում է կնոջը թուլանալ: Դեղամիջոցը ներարկվում է միջմկանային եղանակով: Ազդեցությունը սկսվում է 20 րոպե հետո և տևում է 4 ժամ: Կարող է առաջացնել որոշ սրտխառնոց և քնկոտություն: Շատ կանայք նախընտրում են պետիդինը, քանի որ կարող են ննջել կծկանքների միջև և վերականգնել ուժերը: Նույնպիսի ազդեցություն ունի նաև պրոմեդոլը:
Էպիդուրալ ցավազրկում
Դեղանյութը ներարկելուց հետո առաջանում է մարմնի ստորին մասում զգացողության լրիվ կորուստ: Քանի որ ծննդաբերը ոչինչ չի զգում, պետք է հետևել մանկաբարձուհու հրահանգներին, թե երբ է հարկավոր ճիգեր գործադրել, իսկ երբ` խորը շնչել: Ցավազրկող նյութը (բիվիբուկայինը, լիդոկայինը) ներարկելու համար տեղային անզգայացման տակ ողերի միջև դրվում է բարակ ձողիկ, որի միջոցով ներմուծվում է ցավազրկող նյութը: Էպիդուրալ անզգայացումը ազդում է ներարկումից 20 րոպե անց, իսկ ազդեցության տևողությունտ 2-4 ժամ է:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am