Հայկական հակաքաղցկեղային լիգայի նախաձեռնությամբ՝ Երեւանում մեկնարկել է «Վահանաձեւ գեղձի հիվանդություններ» խորագրով սեմինարների շարքը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ մարտի 22-ին:

Ուռուցքաբան, Հայկական հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանը Doctors.am-ի հետ զրույցում նշեց, որ սա այս տարվա առաջին հանդիպումն է.

«Որոշել ենք այս տարի 3-4 սեմինար նվիրել էնդոկրինոլոգների համար առավել կարեւոր թեմային՝ վահանաձեւ գեղձի հիվանդություններին, որոնք մեր երկրում կարեւոր նշանակության հիվանդություններ են: Փորձելու ենք ներգրավել ոչ թե ավագ դասախոսական, պրոֆեսորական կազմը, այլ համեմատաբար ավելի երիտասարդ մասնագետների հնարավորություն տալ դասախոսություններ կարդալու: Այսինքն՝ սա նաեւ փորձ է երիտասարդ մասնագետներին առաջ մղելու»,- ասաց նա:

Արամ Բադալյանը նշեց, որ դասախոսություններն ամբողջությամբ անվճար են: Կազմակերպիչները նպատակ ունեն ներգրավել նաեւ մարզերի մասնագետներին.

«Այսօր ներկա են Երևանի և մարզերի թվով 180 մասնագետ»,- ասաց Բադալյանը, ում կարծիքով՝ վահանաձեւ գեղձի հիվանդությունների մասին սեմինարները երբեք ավելորդ չեն, քանի որ դրանց բուժման մոտեցումները արդիականանում են տարեց տարի:

«Որպես վիրաբույժ, որը զբաղվում է վահանաձեւ գեղձի վիրահատական բուժմամբ, կարող եմ փաստել, որ սա տարածված խնդիր է Հայաստանում, հատկապես՝ կանանց շրջանում, եւ երբեմն բուժման մեջ սխալներ են թույլ տալիս այն մասնագետները, որոնք ծանոթ չեն վերջին նորություններին, դեղորայքային նոր մոտեցումներին, ուստի սրա մասին երկրորդ, երրորդ անգամ խոսելն ավելորդ չի լինի»:

Սեմինարին երկու դասախոսություն ընթերցվեց: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թռիչքային փորձաքննության բաժանմունքի պետ Էդուարդ Արզումանյանը ներկայացրեց «Թիրեոտոկսիկոզ: ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով դասախոսություն:

Իսկ երկրորդ դասախոսությունը ներկայացրեց Երեւանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Քալանթարյանը՝ «Հիպոթիրեոզ: բուժման ժամանակակից մոտեցումները, թիրեոիդ հորմոններով փոխարինող թերապիայի  առանձնահատկությունները» թեմայով:

Doctors.am-ի հետ զրույցում Լ. Քալանթարյանը նշեց.

«Այսօր ավելի շատ փորձել ենք շեշտը դնել հիպոթիրեոզի ժամանակ փոխարինող թերապիայի առանձնահատկությունների վրա՝ ի՞նչ պրեպարատներ օգտագործել՝ մոնոթերապիա լեվոթիրոքսինո՞վ, թե՞ կոմբինացված թերապիա՝ լիոտիրոնինի հետ, եւ քննարկեցինք բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են փոխարինող թերապիայի ընթացքում:

Քննարկեցինք նաեւ յոդի անբավարարության հարցն ու յոդի հագեցվածության իրավիճակը Հայաստանում, որը եւս արդիական թեմա է:

2016-2017 թթ. ԵՊԲՀ-ի, Բոստոնի համալսարանի եւ Iodine Global Network-ի հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքներով վստահորեն կարող ենք նշել, որ Հայաստանում աղի յոդացման ազգային ծրագիրը էլիմինացրել է յոդային անբավարարությունը, եւ վահանաձեւ գեղձի պաթոլոգիաները պետք է կապել ոչ թե յոդային անբավարարության, այլ վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունների հետ, մասնավորապես՝ աուտոիմուն թիրեոիդիտի (Հաշիմոտոյի թիրեոիդիտ):


Աղբյուրը՝ Doctors.am

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի