Եռվորյակ նյարդի նևրալգիան բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող, կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի նմանվող, սուր ցավերի առաջացմամբ։ Ցավային նոպայի տևողությունը սովորաբար տատանվում է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե։ Օրվա ընթացքում կարող է դիտվել 30 և ավելի ցավային նոպաներ։ Որոշ գործոնների ազդեցությամբ ինչպիսիք են` ցուրտը, ծամելը, խոսելը, ժպտալը, դեմքին հպվելը կարող են հանգեցնել ցավային նոպայի առաջացման։


Եռվորյակ նյարդի նևրալգիայի ախտորուշումը և բուժումը պահանջում է ստոմաոտոլոգների, նյարդաբանների, դիմածնոտային վիրաբույժների, նյարդավիրաբույժների միջդիսցիպլինար մոտեցում։ 80%  դեպքերում առաջին օղակը, ում դիմում են պացիենտները ստոմատոլոգներն են։ Նման հիվանդները շատ հաճախ դիմում են ստոմատոլոգի գանգատվելով ատամնացավերից և սխալմամբ կատարվում է առողջ ատամների հեռացում։


Տարբերում են նևրալգիայի առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերը։ Առաջնային նևրալգիայի ժամանակ օրգանիզմում որևէ օրգանական շեղում հայտնաբերել չի հաջողվում և նևրալգիան հանդես է գալիս որպես ինքնուրույն ախտաբանական վիճակ։ Երկրորդային  նևրալգիայի դեպքում նևրալգիան հանդիսանում է տարբեր ախտաբանական վիճակների հետևանք, ինչպիսիք են ցրված սկլերոզը, գլխուղեղի նորագոյացությունները, եռվորյակ նյարդի կոմպրեսիան, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ալկոհոլիզմը, տարիքային փոփոխությունները և այլն։  Երկրորդային նևրալգիան հանդիպում է 10% դեպքերում, իսկ նևրալգիաների 90% դեպքերում այն առաջնային է, այսինքն՝ նևրալգիայի առաջացման պատճառը մնում է անհայտ։
Եռվորյակ նյարդի նևրալգիայի ախտորոշումը սովորաբար դժվարություն չի ներկայացնում բնորոշ կլինիկական դրսևորումների հիման վրա։ Չնայած՝ երբեմն ատիպիկ ընթացքով նևրալգիաների պարագայում անհրաժեշտություն է առաջանում այն տարբերակել դիմածնոտային շրջանի մի շարք հիվանդություններից։ 
Եռվորյակ նյարդի նևրալգիայով հիվանդները, հաշվի առնելով մշտական ցավային զգացողությունը, ցավազրկողների անարդյունավետությունը, նախկին անհաջող բուժման փորձը, դիմում են բժշկի արդեն իսկ հուսալքված։ 
Այսօր ամբողջ աշխարհում արդյունավետ կատարվում  է եռվորյակ նյարդի նևրալգիայի սիմպտոմատիկ բուժում։ 


Դեղորայքային բուժումը նշանակվում է հիմնականում նեղ մասնագետների, նյարդաբանների կողմից,  իսկ վիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքում միջամտությունը կատարվում է նեյրովիրաբույժների կողմից։


Եռվորյակ նյարդի նևրալգիայի  բուժման ներարկումային մեթոդները լայնորեն կիրառվում են դիմածնոտային վիրաբուժության բնագավառում։ Ներարկումային մեթոդների դեպքում կատարվում է  բլոկադաներ ախտահարված նյարդի շրջանում՝ ստանալով որոշակի թերապևտիկ էֆեկտ։ 
Վերջին շրջանում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում բոտուլինոթերապիայի միջոցով բուժումը, որի դեպքում կարելի է ազատվել ցավից 4-6 ամիս ժամկետով։
Հաշվի առնելով բուժական մեթոդների բազմազանությունը՝ առավել արդյունավետ բուժական էֆեկտ ստանալու նպատակով անհրաժեշտ է միջդիսցիպլինար մոտեցում՝դրանով իսկ ավելի կանխատեսելի դարձնելով ցավի կառավարումը: