«Մենք վստահ ենք՝ պացիենտը ոչ թե պետք է հավատա պահապան հրեշտակին, այլ հաստատ իմանա, որ իր ստացած բուժումը ճիշտ է»,- «Վարդանանց» ՆԲԿ խորհրդի նախագահ Լևոն Ալթունյան։

Այս սկզբունքով են առաջնորդվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում:

Այսօր տեղի ունեցավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։

«Մենք օգտվել ենք լավագույն օտարերկրյա աղբյուրներից, որոնք առանձնանում են իրենց հավաստիությամբ ու ճշգրտությամբ և հայերեն լեզվով պատրաստել ենք այս ժողովածուն։ Փորձել ենք այնպես անել, որ ստացվի կարճ, մատչելի և բարձր որակի ապացույցներով հագեցած աշխատանք՝ հաշվի առնելով նաև, որ բժշկագիտական տեղեկատվությունը ներկայումս չափազանց շատ է»,- նշում է գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Գրքի շուրջ 600 էջում ամփոփված են տարածված հիվանդությունների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։ Այս պահին գիրքը ներառում է առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգերի նկարագրություն։

Առաջիկայում նախատեսվում է համալրել ժողովածուն և ներառել 695 գործելակարգեր, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։

«Այս գիրքը շատ լուրջ մասնագիտական կողմնորոշիչ գործիք է, որով մենք անպայման ուզում ենք կիսվել մեր կոլեգաների հետ, որ բացի «Վարդանանց» այցելող մարդկանցից մյուսները ևս օգտվեն այս փորձից, իսկ բուժառուները վստահ լինեն, որ իրենց բուժում են այնպես, ինչպես կբուժեին եվրոպական որևէ  կլինիկայում»,-հավելում է Հարություն Մանգոյանը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում համոզված են, որ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահության ոլորտի հատկապես առաջնային օղակի բժիշկների սեղանի գիրքը և կօգնի նրանց իրենց գործունեությունը համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։

«Սա գիրք է, որը մասնագետը կարող է թերթել և արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, այսինքն նա ժամանակ չի կորցնելու, որպեսզի փնտրի տարբեր աղբյուրներում, անհրաժեշտության դեպքում թարգմանի տեղեկատվությունը, այլ պարզապես, այս գիրքը ձեռքի տակ ունենալով, շատ արագ գտնելու է այն, ինչ ուզում էր»,- ասում է գրքի հեղինակային խմբի անդամ, «Վարդանանց» ՆԲԿ-ի բժիշկ-ներզատաբան Մարիամ Բաղդասարյանը։

Գիրքը վաճառվելու է 55․000 դրամով, շնորհանդեսին ներկա առաջնային օղակի թերապևտները և ընտանեկան բժիշկները «Բուժում է Վարդանանցը» գիրքը ստացան որպես նվեր: Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000 դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում համոզված են, որ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահության ոլորտի հատկապես առաջնային օղակի բժիշկների սեղանի գիրքը և կօգնի նրանց իրենց գործունեությունը համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։

Իսկ «Վարդանանց»-ում այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և 2023 թվականին լույս կտեսնի հավաքածուի համալրված ևս մեկ հատորը: