Կանանց մոտ ձվազատումը խթանելու համար օգտագործվող դեղամիջոցի ածանցյալը կարելի է օգտագործել նաև տղամարդու անպտղությունը բուժելու համար: Պարզվել է, որ այն բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը և ավելացնում սպերմատոզոիդների քանակը, գրում է Live Science-ը: Դեղամիջոցը հայտնի է որպես էնկլոմիֆենի ցիտրատ: Դա կլոմիֆենի ցիտրատի ածանցյալն է: Այն գործում է ավելի լավ, քան գելերը և տեստոստերոնի ներարկումը: Բանը նրանում է, որ այս դեղամիջոցը խթանում է օրգանիզմում հորմոնի ինքնուրույն արտադրությունը: Գելերից և ներարկումներից հրաժարվելու դեպքում հորմոնի մակարդակը միանգամից իջնում է: Ի դեպ, տեստոստերոն պարունակող դեղամիջոցներն ունեն մի տհաճ կողմնակի ազդեցություն՝ սպերմատոզոիդների քանակի նվազումը:
 
Հայտնի է, որ տեստոստերոնի քիչ քանակից միայն ֆերտիլությունը չէ, որ տուժում է: Առաջանում է հոգնածություն, իջնում է մկանային զանգվածը, ավելանում է ճարպի տեսակարար կշիռը, զարգանում է դեպրեսիա, առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա: Սովորաբար տեստոստերոնը սկսում է նվազել 30 տարեկանից հետո: Սակայն իրավիճակը կարող է բարդացնել ճարպակալումը, շաքարային դիաբետը և անոթային հիվանդությունները:
 
Գիտնականները փորձարկել են էնկլոմիֆենի ցիտրատը երկրորդային հիպոգոնադիզմով հիվանդ 73 տղամարդկանց մոտ (տեստոստերոնը նվազել է հիպոթալամուսի հետ կապված խնդիրների պատճառով): Դեղամիջոցը բարձրացրել է տեստոստերոնի, ֆոլիկուլխթանիչ հորմոնի և լյուտեինացնող հորմոնի մակարդակը, որոնք կարևոր են վերարտադրողական առողջության համար: Ընդ որում, սպերմատոզոիդների քանակը տվյալ դեպքում չի նվազել:   
 
Սկզբունքորեն կլոմիֆենի ցիտրատը կարող է տալ նույն արդյունքը: Սակայն ըստ Repros Therapeutics մշակող ընկերության՝ նրա ածանցյալն առավել արդյունավետ է: Էնկլոմիֆենի ցիտրատը պատրաստվում է մուտք գործել շուկա որպես Անդրոկսալ: Առհասարակ այս երկու դեղամիջոցներն էլ դասվում են որպես էստրոգենային ընկալիչների ընտրողական խթանիչներ, որոնք արդեն դրսևորել են իրենց պոտենցիալը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru