Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ գենում կատարվող փոքր փոփոխությունները կարող են կանխատեսել, թե ինչպես գլխուղեղը կհակազդի սթրեսին:  Ստացված արդյունքներն ունեն հսկայական նշանակություն առողջապահության այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են` դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսը և ճարպակալումը:  Գիտնականները հույս են հայտնում, որ իրենց հայտնագործությունը կօգնի նվազեցնել այս խանգարումների առաջացման վտանգը, ասվում է Science World Report պարբերականում:
 
Հետազոտողներն ուսումնասիրել են գլխուղեղի բջիջների միջև սերոտոնինի ազդանշանների հաղորդումը կարգավորող` սերոտոնինի փոխադրողին, որը հաճախ դառնում է հակադեպրեսանտների համար թիրախ: Գիտնականները հայտնաբերել են, որ գոյություն ունի մի մեխանիզմ, որը կարող է դեր խաղալ սթրեսի վրա անհատի ռեակցիայի հարցում: Այն կանխորոշում է այդ ռեակցիան ավելի արագ, քան ԴՆԹ-ի հաջորդականությունն է: Խոսքը գնում է ԴՆԹ-ի մեթիլացման՝ ԴՆԹ-ի մոլեկուլի մոդիֆիկացիայի մասին, որը կատարվում է առանց ԴՆԹ-ի կառուցվածքի փոփոխության: Մեթիլացումը տեղի է ունենում մեթիլ խմբի միացումով: 
 
«Այդ գենի մեջ ԴՆԹ-ի հաջորդականության փոփոխությունը խթանում է գլխուղեղի նշաձև մարմնի ակտիվությունը, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիայի: Մենք ցանկանում էինք իմանալ, թե արդյոք կարող է մեթիլացումը դեր խաղալ սթրեսի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի վրա, ի վերջո` մարդուն դարձնելով խոցելի սթրեսի հետ կապված խանգարումների նկատմամբ»: - ասում է հետազոտող Դուգլաս Ուիլյամսոնը: Գիտնականները հետազոտության 80 մասնակիցներին ցույց են տվել  չար և վախեցնող դեմքերով նկարներ: Այդ ժամանակ նրանք գրանցել են կամավորների նշաձև մարմնի ակտիվությունը:  Հետազոտողները նաև չափել են մասնակիցների թքի մեջ սերոտոնինի գենի հաղորդչի մեթիլացումը: Նրանք հայտնաբերել են, որ նույնիսկ աննշան փոփոխությունները կապված են նշաձև մարմնի ակտիվության հետ:  Դա իր հերթին կարող է  կանխատեսել դեպրեսիայի և այլ խանգարումների զարգացման վտանգը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru