Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կանցկացվի Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը։ 
 
«Հայ բժիշկների մինչև այժմ տեղի ունեցած միջազգային համագումարներն ի՞նչ արդյունքներ են տվել», «ովքե՞ր են մասնակցում Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին»«առողջապահական հատկապես ո՞ր խնդիրներն են լինելու համագումարի առանցքում»«ի՞նչ ակնկալիքներ կան 2015թ. համագումարից»... Այս և լրագրողներին հետաքրքրող մի շարք այլ հարցերին պատասխանեցին համագումարի նախագահ, Ազգային ժողովի առողջության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։
 
Արա Բաբլոյանը նշեց, որ 1980 թվականից Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը, չորս տարին մեկ անգամ հայ բժիշկների համագումարներ է կազմակերպում աշխարի տարբեր երկրներում։ 2003թ.-ից ի վեր միջազգային բժշկական համագումարները յուրաքանչյուր 2 տարին մեկ հաջորդաբար տեղի են ունենում Հայաստանում և սփյուռքում։ Դրանց նպատակն է շարունակաբար զարգացնել աշխարհասփյուռ հայ բժիշկների համագործակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը, բժիշկների վերապատրաստմանը։
 
ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) կողմից կազմակերպված Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը կընթանա Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո։ 
 
4-րդ համագումարին կմասնակցեն ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Լիբանանից և այլ երկրներից ժամանած 500 մասնագետ։ 
 
«Առաջին անգամ մեր համագումարին իրենց մասնակցությունն են բերել Քաթարի, Ավստրալիայի, Թուրքիայի մեր հայրենակից բժիշկները»,-ասաց Արա Բաբլոյանը։ Նա շեշտեց, որ սաթելիտային 17սիմպոզիումները հնարավորություն կտան մարզային բժիշկներին փոխանցել ոլորտի նորագույն մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցության ընդլայնմանը: 1500-2000 բուժաշխատողներն այդ սիմպոզիումներին կմասնակցեն անվճար: 
 
Համագումարում կքքնարկվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժությանը, ատամնաբուժությանը, բուժքույրական, առողջապահական, կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներին առնչվող հարցեր։ Կանդրադառնան ուռուցքաբանության և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումներին, տեխնոլոգիական առաջընթացներին, որոնք արմատապես բարեփոխում են առողջապահական ոլորտը: Ուշադրության կենտրոնում կլինեն հանրային առողջապահական հիմնախնդիրները։ 
 
Համագումարի մեկ օրը կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը: 
 
«Առողջապահության նախարարությունը մեծ ակնկալիքներ ունի համագումարից։ Արտերկրից ժամանած բժիշկների զգալի մասը ճանաչում ունեցող, աշխարհահռչակ մասնագետներ են, և մենք պետք է հնարավորինս շատ բան քաղենք նրանց այցից»,-ասաց առողջապահության նախարարի տեղակալը։ Բանախոսները հավելեցին, որ նրանք նաև գործնականում կներկայացնեն իրենց փորձն ու հմտությունները, խորհրդատվություններ կտրամադրեն հիվանդներին։ 
 

Նշվեց, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դրան կհաջորդի «Հայաստանի բուժաշխատողի օրվան» նվիրված միջոցառումը` համերգային ծրագրով։


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության