Ամռան շոգ եղանակը և բարձր ջերմաստիճանը կարող են նպաստել անոթային խնդիրների առաջացմանը կամ սրել արդեն առկա խանգարումները։

ՍԼԱՎՄԵԴ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Հայկ Հովսեփյանի խոսքով ամռան տապը «ստիպում է» օրգանիզմին աշխատել ծանրաբեռնված ռեժիմով՝ պահպանելու ներքին կայուն ջերմաստիճանը։ Արդյունքում անոթները լայնանում են, հատկապես ստորին վերջույթներում, արյան հոսքը դեպի սիրտ դանդաղում է, առաջանում է այտուց, ծանրության զգացողություն, իսկ արդեն առկա անոթային խնդիրները սրվում են։ 

 «Առհասարակ, անոթային հիվանդությունները բազմազան են, սակայն ցանկանում եմ առանձնացնել երկու հիմնական պաթոլոգիա՝ զարկերակային և երակային։ Երակային համակարգի խանգարումներից ամենատարածվածը վարիկոզ հիվանդությունն է։ Բարձր ջերմաստիճանը նպաստում  է երակների լայնացմանը, արյան հոսքի դանդաղեցմանը և անոթների պատերի թուլացմանը՝ նպաստելով վարիկոզի զարգացմանը։ Այնպես որ, ամռանն առանձնահատուկ ուշադիր լինենք մեր անոթներին,-նշում է ՍԼԱՎՄԵԴ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Հայկ Հովսեփյանը և հավելում,-վարիկոզ հիվանդությունն ունի նաև գենետիկ նախատրամադրվածություն, մյուս կողմից սերտորեն կապված է կենսակերպի հետ։ Ռիսկի բարձր խմբում են ավելորդ քաշ ունեցող անձինք, նստակյաց կյանք վարողները, ինչպես նաև 30-50 տարեկան կանայք, հատկապես նրանք, ովքեր ունեցել են հղիություն»: 

Երակային ախտահարման նշաններն են՝ այտուցներ ստորին վերջույթներում, մաշկի գույնի փոփոխություն, լայնացած երակներ, հոգնածություն, ծանրության զգացում, մազանոթային ցանցի առկայություն: Երակների վարիկոզ հիվանդությունները ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ՝ սկսած մաշկի տրոֆիկ (սնուցման հետ կապված) փոփոխություններից մինչև խոցերի առաջացում և թրոմբոֆլեբիտ՝ երակների բորբոքային հիվանդություն, որը հաճախ ուղեկցվում է թրոմբների ձևավորմամբ։

 «Ճիշտ է՝ շոգ եղանակին ռիսկի խմբում են հատկապես երակային հիվանդությունները, սակայն կարևոր է լինել հետևողական նաև զարկերակային խնդիրների նկատմամբ։ Մեր բնակչության շրջանում զարկերակային ամենատարածված  հիվանդություններից է աթերոսկլերոզը, որի հիմնական ռիսկի գործոններն են վնասակար սովորությունները՝ օրինակ՝ ծխելը, նստակյաց կենսակերպը և ֆիզիկական ակտիվության պակասը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ուղեկցող  հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և այլն»,– մանրամասնում է անոթային վիրաբույժ Հայկ Հովսեփյանը։

Նա նաև հավելում է՝ զարկերակային համակարգի գանգատներն են՝ հաճախակի գլխապտույտներ, հավասարակշռության խանգարում, խշշոցի զգացում ականջներում, չլավացող վերքեր կամ սառնության զգացում ստորին վերջույթներում, թմրածություն, մաշկի գունատություն, Ֆիզիկական ակտիվության ժամանակ ցավի սաստկացում ստորին վերջույթներում և քայլքի դիստանցիայի (տարածության) կրճատում ստորին վերջույթների ցավի պատճառով, պուլսացվող գոյացությունների առկայություն:

Հայկ Հովսեփյանի խոսքով՝ թե՛ երակային, թե՛ զարկերակային հիվանդությունների դեպքում ախտորոշումն իրականացվում է զննման և գործիքային հետազոտության միջոցով, հիմնականում կատարվում է դուպլեքս հետազոտություն:

«Դուպլեքս հետազոտությունը ժամանակակից, անցավ և արդյունավետ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել զարկերակային և երակային համակարգի վիճակը, արյան հոսքի բնույթը և անոթների լուսանցքը։ Այն բացարձակապես անվտանգ է, չունի հակացուցումներ, տարիքային կամ սեռային սահմանափակումներ և ցուցված է նաև հղիության ընթացքում,- ներկայացնում է ՍԼԱՎՄԵԴ բժշկական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Կլարա  Շիրինյանը և հավելում,- հետազոտության արդյունքում հնարավոր է գնահատել ստորին վերջույթների զարկերակային և երակային համակարգը, արյան շրջանառության ցուցանիշները, անոթների պատի վիճակը, ինչպես նաև գնահատել վարիկոզ հիվանդության աստիճանը, անոթների նեղացումները, անցանելիության խանգարումները, թրոմբների առկայությունը և աթերոսկլերոտիկ փոփոխությունները»։

 

Հայկ Հովսեփայնն ու Կլարա Շիրինյանը միակարծիք են՝ թե՛ զարկերակային, թե՛ երակային հիվանդությունները պահանջում են առավել ուշադրություն և պարբերական կանխարգելիչ միջոցառումներ։

«Վերջին տարիներին հատկապես երիտասարդները սկսել են ավելի պատասխանատու մոտենալ իրենց առողջությանը՝ ժամանակին դիմելով խորհրդատվության և հետազոտության։ Այս դրական միտումը մեծապես պայմանավորված է բժշկական ապահովագրության հասանելիությամբ։ Ցավոք, տարեցները հաճախ դիմում են արդեն բարդացած փուլերում, ինչը երկարացնում է բուժման ընթացքը և մեծացնում բարդությունների հավանականությունը»,-պատմում է Կլարա Շիրինյանը։

 

Հաշվի առնելով առողջապահական ծառայությունների հասանելիության կարևորությունը բնակչության առողջության պահպանման հարցում՝ մինչև հուլիսի 1-ը ՍԼԱՎՄԵԴ բժշկական կենտրոնում անոթային վիրաբույժի խորհրդատվությունը կլինի անվճար, իսկ անոթների դուպլեքս հետազոտության համար կգործի 20% զեղչ։