Մաշկի վրա փոփոխությունները սովորաբար անզեն աչքով նկատելի են, բայց արդյո՞ք մեզանից շատերը հետեւում են այդ փոփոխություններին…
Իրականում մաշկի վրա ոչինչ հենց այնպես չի հայտնվում: 

Ներկայացնում ենք մաշկային փոփոխություններ, որոնք կարող են վկայել, որ Ձեր առողջության հետ մի բան այն չէ:

Դեղնուկ

Եթե աչքերի լորձաթաղանթի եւ մաշկի վրա նկատում եք դեղին գունավորում, ապա գործ ունենք դեղնուկի հետ:  Դրա առաջացման պատճառն արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացումն է: Լեղուղիների խցանման, ինչպես նաեւ լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում նույնպես զարգանում է դեղնուկ:

Խալեր

Նորագոյացությունները մաշկի վրա հաճախ լինում են մուգ գույնի եւ մեծամասամբ անվնաս: Սակայն մաշկի վրա նոր գոյացություններ նկատելու դեպքում խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել՝ հասկանալու համար՝ արդյոք կա քաղցկեղի ռիսկ, թե՝ ոչ: 

Ճաքճքված շուրթեր

Բոլորի մոտ է ժամանակ առ ժամանակ նկատվում շուրթերի չորություն եւ ճաքճքվածություն, հատկապես՝ ձմռանը: Սակայն երբեմն չոր շուրթերը կարող են վկայել  առողջական խնդիրների մասին, օրինակ՝ օրգանիզմի ջրազրկման: 
Սակայն երբեմն ճաքերը կամ չորությունը կարող են ունենալ ալերգիկ պատճառներ կամ առաջանալ որոշ դեղամիջոցների ընդունումից:

Ցան՝ թիթեռի տեսքով

Ցանի որոշ տեսակներ անվնաս են եւ սովորաբար իրենք իրենց անցնում են, սակայն թիթեռի տեսքով ցանը յուրահատուկ է: 
Ցանի այս տեսակը պատում է այտերը  եւ քիթը՝ դեմքի վրա թիթեռի պատկեր առաջացնելով: Սա նշան է գայլախտի, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Այն կարող է ուղեկցվել նաեւ տենդով: Հիվանդները սովորաբար գանգատվում են նաեւ թուլությունից, գլխացավերից, մկանացավերից, հոգնածության արագ առաջացումից։ 

Անսովոր մազածածկույթ

Տարիքի հետ տղամարդկանց մոտ ավելորդ մազածածկույթ կարող է առաջանալ ականջների եւ հոնքերի հատվածում, իսկ կանանց մոտ՝ ծնոտի, սակայն երիտասարդ աղջիկների դեպքում դեմքի վրա մազերի առկայությունը կարող է խոսել Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի մասին:

Կախված կոպեր

Երբեմն կոպերը կարող են կախվել՝ փակելով աչքը եւ խաթարելով տեսողությունը: Այցելեք բժիշկի, եթե խնդիրն օրեր շարունակ անհանգստացնում է Ձեզ, եւ եթե դրան գումարած ունեք գլխացավ, մկանային թուլություն, կլման խնդիրներ, քանի որ դա կարող է ինսուլտի նախանշան լինել:

Դեղին կետեր՝ կոպերի վրա

Վերին եւ ստորին կոպերի վրա դեղին կետերը խոլեստերոլից են բաղկացած, դրանք սովորաբար ցավոտ կամ վտանգավոր չեն, սակայն կարող են վկայել սիրտ-անոթային խնդիրների զարգացման մասին: Այնպես որ, բժիշկին այցելելը չէր խանգարի:

Մազաթափություն

Եթե Ձեր հոնքերի մազերը կամ թարթիչները թափվում են գլխամաշկի մազերի հետ միասին, դա կարող է խոսել ալոպեցիայի մասին: Այս դեպքում եւս կարիք կա դիմելու բժիշկի:


Աղբյուրը՝  Webmd.com